«Պայթյունը, որ եղավ, զգացի՝ գլխիցս արյուն է գալիս, մուտքում պահարան կար, դա փրկեց կյանքս». բեյրութահայ լրագրող

Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել նաև բեյրութահայ լրագրող Համո Մոսկոֆյանը: Մոսկոֆյանը բնակվում է Լիբանանի Մար Միքայել թաղամասի տներից մեկում, որը Բեյրութի նավահանգստից՝ պայթյունի վայրից, 300 մետր հեռավորության վրա է գտնվում:

«Մեդիալաբի» հետ զրույցում Մոսկոֆյանը պատմում է, որ դեպքի օրը նոր էր տուն վերադարձել թենիսի պարապմունքից, երբ ականատես եղավ ցավալի իրադարձության:

«Ես թենիսի պարապմունքից տուն էի եկել, ժամը 16:30-ն էր: Տեսա, որ դիմացը հրդեհ սկսվեց, հետո պայթյուն եղավ: Ես զգացի՝ ինչ-որ մեկը ինքնաթիռով խփեց, 10 րոպե չանցած ինչ-որ հրթիռ խփեցին, փոքր պայթյունը վերածվեց ատոմային ռումբի»,- ասում է լրագրողը:

Պատմում է, որ պայթյունի հետևանքով ամբողջ շենքը, որը հայերով էր բնակեցված, ավերակների է վերածվել, 2 մարդ զոհվել է, մնացյալը բոլորը վիրավորվել են, այդ թվում՝ ինքը: 

«Պայթյունը, որ եղավ, մեկ էլ զգացի, որ գլխիցս արյուն է գալիս, տան իրերը ամբողջը թափվել էին, մի պահարան կա մուտքում, գլխիս էր ընկել, էդ տաք արյունը, որ եկավ ասեցի՝ ոչինչ, մարդիկ մեռել են, դրսում թափված, պայթած, ամեն ձևի, էդ պահարանը ինձ պահել էր, ճիշտ է՝ ինձ վնասեց, բայց փրկեց կյանքս»,- պատմում է Մոսկոֆյանը:

Ասում է, որ Լիբանանի Մար Միքայել թաղամասը ամբողջությամբ քարուքանդ վիճակում է, պայթյունի հետևանքով 300000 մարդ առանց տանիքի է մնացել:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 13-ի:

Մոսկոֆյանին դեպքից մեկ ժամ անց առաջին բժշկական օգնություն է ցուցաբերել Լիբանանի Կարմիր խաչը:

«Հետո ընկերս եկավ, ինձ տարավ հիվանդանոց: Թևս երեք տեղից կարեցին, ահավոր արյուն էր հոսում»,- ասում է Մոսկոֆյանը և նշում, որ այժմ հյուրանոցում է գտնվում, քանի որ հիվանդանոցներում տեղ չկա, միայն ծանր հիվանդներն են այնտեղ բուժվում, իսկ իր տունն էլ քարուքանդ վիճակում է:

Նշում է, որ այս ընթացքում տարբեր երկրներից փորձել են օգնության ձեռք մեկնել Լիբանանին, այդ թվում՝ տարբեր ընկերություններ և անհատներ:

Գերմանիայի քրդերն ու ասորիները և Արգենտինայի հայերն էլ առաջարկել են Մոսկոֆյանի համար տուն գնել և վերանորոգել:

Ասում է, որ Հայաստան տեղափոխվելու ծրագրեր չունի՝ բնակություն հաստատելու, քանի որ կարևոր գործեր ունի Բեյրութում, որոնք ուղղված են՝ օգնելու Հայաստանին, Հայաստանի ազգային անվտանգությանը և Արցախին:

«Այստեղ մենք հայության պահապաններից ենք, քրդական, ասորական և հայկական շարժումների հետ Հյուսիսային Իրաքում, Քրդստանում, Թուրքիայում ազգային- ազատագրական պայքարի մեջ ենք, ես պայքարի լիդերներից եմ, ինչպես նաև Լատինական Ամերիկայում, Արգենտինայում կա մշակույթի կենտրոն, էդտեղ էլ մեծ գործ են անում Հայաստանի համար, մենք էլ էդ գործի մեջ ենք: Մի քանի ստրատեգիական կենտրոններում եմ աշխատում՝ ինֆորմացիոն և մի քանի հեռուստատեսությունում և թերթերում հոդվածներ եմ գրում»,- նշում է նա:

Մոսկոֆյանը վստահ է, որ Լիբանանում ստեղծված իրավիճակը անմիջականորեն կապվում է տեղի իշխանության կոռումպացվածության հետ: Պնդում է, որ իշխանության փոփոխությամբ է հնարավոր Լիբանանը ոտքի կանգնեցնել:

«Վերքերը կբուժվեն, կարևորը՝ Լիբանանում ամբողջ քաղաքական փոփոխություն պիտի լինի: Բեյրութում բոլոր կոռումպացված ղեկավարությունը, բոլորը պիտի փոխվեն: Նոր մարդիկ են պետք այս երկիրը փրկելու համար: Պետք է փոխվի կոռումպացված համակարգը, որ Լիբանանը կարգի գա: Այսպես չի կարող շարունակվել»,- ընդգծում է նա:

Արփինե Արզումանյան

MediaLab.am