«Եթե Հայաստանը դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ռուս-թուրքական աքցաններից դուրս պրծնելու հույս կառաջանա». Հովսեփ Խուրշուդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական վերլուծաբան, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը

– Պարո՛ն Խուրշուդյան, ձեր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էիք, որ տեղեկություններ ունեք, թե Կրեմլում խիստ մտահոգ են Հայաստանի իշխանությունների մտադրություններից՝ դիմել ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, ապա և՝ տարածաշրջան հրավիրել ԵԱՀԿ դիտորդներին: Կխնդրեմ մի փոքր բացեք ձեր հրապարակման փակագծերը. պաշտոնական Մոսկվան ինչո՞ւ է դեմ Հայաստանի առաջարկին:

Մի անգամ Միխայիլ Վելլերը դիպուկ բնութագիր տվեց Արցախի հարցում Կրեմլի վարքագծին՝ шакал (շնագայլ): Նույն կերպ է արտահայտվել նաև Յուլիա Լատինինան։ Դժվար է չհամաձայնել մեծանուն ռուս մտավորականների հետ։ Պաշտոնական Մոսկվան փորձում է բարեկամանալ ավելի հարուստ և ուժեղ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ՝ իր պաշտոնական դաշնակից Հայաստանի շահերը զոհաբերելով, քանի որ Հայաստանը թույլ օղակ է։

Այստեղ մեծ դեր է խաղում նաև Հայաստանում տիրող իշխանության տիպաբանական տարբերությունը իմ նշած երեք երկրների ավտորիտար, անգամ դիկտատորական ռեժիմների համեմատ։ Հակառակը՝ Հայաստանի ժողովրդի ընտրած վարչակարգը մեր երկիրն ավելի մոտ է դարձնում Արևմուտքին։

Ցավոք, այդ հանգամանքը դեր չխաղաց 44-օրյա պատերազմի ընթացքում, քանի որ Թրամփի վարչակարգը դուրս էր գտնվում այդ տիպաբանական դասակարգումից։ Միաժամանակ, թե՛ Հայաստանի իշխանությունները և թե՛ հասարակության մեծ մասը իր հիմնական դաշնակից և անվտանգության երաշխավոր էին համարում Ռուսաստանը, ի հեճուկս վարչակարգերի տիպաբանական տարբերության։ Ժամանակը ցույց տվեց, որ այդ տարբերությունը անհնար է անտեսել, և դա իր հետևանքներն ունեցավ։

Այժմ իրավիճակն այլ է․ Բայդենի վարչակարգը վերադառնում է այն տարածաշրջաններ, որտեղից նրան դուրս էր հանել իզոլյացիոնիստ Թրամփը։ Բայդենը նաև հռչակել է ամբողջ աշխարհում մարդու և ժողովուրդների իրավունքների, ժողովրդավարական արժեքների պաշտպանության առաջնահերթության մասին։ Նման պայմաններում Հայաստանը կարող է շահեկան դիրքում հայտնվել, եթե, իհարկե, իշխանությունները համարժեք վճռականություն և կամք դրսևորեն։

Կարծում եք՝ իշխանությունը, այնուամենայնիվ, կդիմի՞ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, թե՞ ռուսական կողմից ճնշումը շատ ավելի մեծ կլինի:

– Որքան Ռուսաստանի կողմից ճնշումը մեծ լինի, այնքան ավելի պարզ է, որ Հայաստանի շահերից է բխում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելը։ Դա ոչ միայն կկանխի Ադրբեջանի հետագա ապօրինությունները, այլև կապահովի Ալիևի բաշիբոզուկների հետքաշումը Հայաստանի տարածքից և հայ գերիների վերադարձը։

Իսկ եթե բանը հասնի նաև ՄԱԿ-ի մանդատով ԵԱՀԿ դիտորդների տեղակայմանը հայ-ադրբեջանական սահմաններին, ապա դա մեծապես կավելացնի նաև Հայաստանի ժողովրդի՝ սեփական պաշտպանվածության, անվտանգության զգացողությունը, տարածաշրջանում ուժերի նոր հավասարակշռություն կձևավորի և հնարավորություն կտա Հայաստանին ավելի հավասարակշռված, ուրեմն նաև՝ սեփական շահերը հաշվի առնող քաղաքականություն վարել։

Ի՞նչ կլինի, եթե Հայաստանը դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, և եթե չդիմի, երկու դեպքում էլ մեզ ի՞նչ է սպասում:

 – Եթե դիմի, ապա վերջապես իրավիճակի բարելավման և ռուս-թուրքական աքցաններից դուրս պրծնելու հույս կառաջանա։ Սա հատկապես կարևոր է, քանի որ արտաքին քաղաքական իրավիճակը բարենպաստ է դրա համար։ Ոչ միայն Ռուսաստանի՝ պատժամիջոցների տակ լինելը, Թուրքիայի հանդեպ Արևմուտքի ուժգնացող ճնշումները, այլև՝ Ֆրանսիայի կողմից Հայաստանին մեկնված ձեռքը և դրան աջակցող ԱՄՆ և ԵՄ կեցվածքը։ Պարզ է, որ նման քայլը բերելու է Ռուսաստանի ջղաձգումներին։

Անգամ կարող են տնտեսական պատժամիջոցներ կիրառվել Կրեմլի կողմից։ Փորձ կարվի Ալիևին դրդել ավելի սանձարձակ քայլերի դիմել։ Սակայն ես կարծում եմ, թե քանի որ նման ճնշումները փաստացի կդիտվեն որպես Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման համար պատիժ, ապա Արևմուտքը այդ դեպքում շատ ավելի վճռական աջակցություն կցուցաբերի Հայաստանին, քան այսօրվա մեր կրավորական կեցվածքի պարագայում է։

Խոսքը ոչ միայն տնտեսական, տեխնոլոգիական, ռազմական աջակցության մասին է, այլև, նախևառաջ՝ քաղաքական, դիվանագիտական։ Ճնշումը Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի վրա կավելանա, իսկ Արևմուտքի գործիքակազմը այդ առումով շատ մեծ է։

Ի դեպ, Հայաստանին ռազմական օժանդակություն ցուցաբերելու, միլիարդավոր դոլարների ներդրումներ իրականացնելու առաջարկներ Արևմուտքից պարբերաբար հնչում են։ Հիշո՞ւմ եք էներգետիկայի ոլորտում մինչև 8 մլրդ դոլարի ներդրումներ իրականացնելու ԱՄՆ առաջարկը։ Ժամանակն է դրանց արձագանքելու։

 – ՀԱՊԿ-ից ինչո՞ւ մինչ այժմ որևէ էական արձագանք չկա, պատճառը արդյո՞ք 2-րդ հոդվածն է, որով դիմել է Հայաստանը:

– Ոչ իհարկե։ Նույնն էր լինելու նաև 4-րդ հոդվածով դիմելու դեպքում։ Կրեմլից բաց տեքստով հասկացնում են, որ Հայաստանը չի կարող հույս ունենալ ՀԱՊԿ-ից։ Լուկաշենկոն այս լարված օրերին անգամ բարձրաստիճան զինվորականներ է ուղարկում Ադրբեջան՝ ռազմական համագործակցությունը խորացնելու առաջարկով։

Ինչի՞ մասին է խոսքը։ ՀԱՊԿ որևէ երկիր իր զորակցությունն անգամ չհայտնեց Հայաստանին՝ հարձակման ենթարկվելու, զոհ և գերեվարվածներ ունենալու կապակցությամբ։ Ոչ մի պահանջ և կամ գոնե կոչ Ադրբեջանին՝ հետ քաշվելու Հայաստանի տարածքից և ազատ արձակելու գերիներին։

Ուրիշ ինչպե՞ս այդ երկրները մեզ բացատրեն, որ իրենք Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի դաշնակիցներն են։ Թե՛ ռեժիմների տիպաբանությամբ և թե՛, մի մասն էլ՝ էթնիկապես։ Պետք է փոխել մեր անվտանգային համակարգը և որքան շուտ, այնքան ավելի շուտ կլուծենք մեր անվտանգային խնդիրները։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab