Հայաստանում ոչինչ չի արվում առանց Կրեմլի շրջաբերականի. Ազատ Արշակյան

Լուսանկարը՝ 24news.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գերագույն խորհրդի պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը

– Պարո՛ն Արշակյան, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը քիչ առաջ հայտարարություն տարածեց՝ պահանջելով վարչապետի ու Կառավարության հրաժարականը: Վարչապետն արձագանքեց՝ դա որակելով զինված հեղաշրջում: Ինչպե՞ս եք մեկնաբանում կատարվածը:

– Բարձրաստիճան զինվորականների հայտարարությանը ծանոթ եմ: Ես կարծում եմ՝ մեկ նախադասություն պետք է արվեր նախաբանում՝ դիմում ենք Արարատ Միրզոյանին,

Ազգային ժողովին՝ հրավիրել արտահերթ նստաշրջան վարչապետի և կառավարության վստահության հարցով:

Կարծում եմ՝ եթե գլխավոր շտաբն այդպես աներ, ավելի ճիշտ կլիներ: Ես անձամբ գտնում եմ, որ, այո՛, պարոն Փաշինյանը պետք է հրաժարական տա, և ինքը դառնա կուսակցության ղեկավարը և կազմակերպի իշխանափոխություն: 

– Բայց նա չընտրեց այդ ճանապարհը և Հանրապետության հրապարակ հրավիրեց իր կողմնակիցներին: Շատերը կարծում են, որ այս ամենը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի: Սա չի՞ թեժացնում իրավիճակը:

– Չի կարող լինել քաղաքացիական պատերազմ, որովհետև բոլոր գլխավոր զինվորականները ստորագրել են հայտարարությունը:

Այսինքն՝ քաղաքացիական պատերազմ լինում է, երբ բանակի մի մասը դեմ է գնում մի ուրիշ մասին: Բայց այս դեպքում այդպես չէ: Հիմա բանակը միակարծիք է, հետևաբար, քաղաքացիական պատերազմի սպառնալիք չկա:

Իսկ Փաշինյանն իր հերթին պետք է նորից դիմեր Ազգային ժողովի նախագահին, հրավիրեր արտահերթ նիստ և Ազգային ժողովում հաշվետվություն տար:

Այսինքն՝ հարթակը ոչ թե Հանրապետության հրապարակն է, այլ Ազգային ժողովի դահլիճը: Այդ նիստում պետք է դներ իր վստահության հարցը: Կստանա՞ր վստահություն՝ կշարունակեր իր գործունեությունը, չէր ստանա՝ կտար հրաժարական:

– Ի՞նչ եք կարծում՝ գլխավոր շտաբի այս հայտարարությունը ինչի՞ հետևանք կարող էր լինել, ինչ-որ ներքին զարգացումնե՞ր են նախորդել այս ամենին:

– Այս ամենը հետևանք էր ամբողջ նախապատերազմյան շրջանի, հեղափոխության ձախողման:

Այո՛, հեղափոխություն կոչվածը ձախողվել է, պատերազմում Հայաստանը պարտվել է, և պատերազմից հետո Հայաստանի իշխանությունը համարժեք վարքագիծ չի դրսևորում, և գլխավոր շտաբի համբերության բաժակը լցվել է:

Ընդհանրապես, կարծում եմ, որ հարկավոր է կանխել այս քաղաքացիական հակամարտությունը: Պետք է դա տեղափոխվի քաղաքացիական հարթություն, և քաղաքացիական անհնազանդությունը պետք է տեղավորվի նախընտրական կամպանիայի մեջ:

Քաղաքացիական անհնազանդությունը պետք է նպատակային լինի, իսկ նպատակը՝ նոր իշխանություն ձևավորելը: Բայց նոր իշխանություն կարող է ձևավորել միայն Ազգային ժողովը: Տագնապալի վիճակ է ու փակուղային:

– Բայց գիտենք, որ Ազգային ժողովի նախագահը աջակցում է Փաշինյանին:

– Այո՛, բայց հակառակը պետք է լիներ: Պետք է Կառավարությունը, մեր Սահմանադրության համաձայն, ենթարկվեր Ազգային ժողովին, որովհետև Ազգային ժողովն է այն ձևավորել, ԱԺ-ն է վարչապետ նշանակողը:

Այսինքն՝ Հայաստանը սուպերխորհրդարանական պետություն է, բոլոր կարևորագույն պաշտոնները նշանակվում են Ազգային ժողովի կողմից: Ազգային ժողովի նախագահը ամենահեղինակավոր քաղաքական գործիչը պետք է լինի՝ ըստ օրենքի ու ըստ Սահմանադրության:

– Ըստ ձեզ՝ ի՞նչ զարգացումներ կարող են լինել, մյուս ուժային կառույցները հնարավո՞ր է հետևեն գլխավոր շտաբի քայլին:

– Այլ ուժային կառույցների նշանակությունը երկրորդական է, նրանց միանալ-չմիանալը այլ է:

Նրանք այլ խնդիրներ են լուծում, զբաղված են ներքին անվտանգության խնդիրներով, չեն կարող ինքնուրույն ծրագրեր ունենալ, նրանց ռեսուրսները բոլորովին այլ բանի համար են: Այդ կառույցները չունեն այնպիսի ռեսուրս, որ հակադրվեն Կառավարությանը:

– Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո շրջանառվում է տեսակետ, որ սա Կրեմլից ուղղորդված գործընթաց է: Ի՞նչ կասեք այդ մասին:

– Ուրեմն իմացեք՝ Հայաստանում ոչինչ չի արվում առանց Կրեմլի շրջաբերականի: Տեսականորեն հնարավոր է բացառություն, բայց ես կարծում եմ, որ Կրեմլը չի կարող այդպիսի կարևոր հարցում հեռու լինել կամ չմասնակցել այդպիսի կարևոր մի միջոցառման: 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am