«Տրոյկա լվացքատան» բացահայտումները հիմք են տալիս խստացնելու Եվրոպայի բանկային համակարգի նկատմամբ վերահսկողությունը

«Տրոյկա լվացքատան» բացահայտումները հիմք են տալիս խստացնելու Եվրոպայի բանկային համակարգի նկատմամբ վերահսկողությունը
«Տրոյկա լվացքատան» բացահայտումները հիմք են տալիս խստացնելու Եվրոպայի բանկային համակարգի նկատմամբ վերահսկողությունը

Ինչպես հայտնի է, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն գլոբալ կազմակերպությունն իր գործընկեր` Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) բացահայտած նյութերի հիման վրա բազմիցս հանդես է եկել փողերի լվացման միջազգային սխեմաների դեմ մամուլի հաղորդագրություններով:

Հերթական բացահայտումը վերաբերում է «Տրոյկա լվացքատանը», որն առնչվում է ռուսաստանյան «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության կողմից փողերի լվացմանը:

Բեռլին, 4 մարտի 2019

«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) և գործընկեր լրատվամիջոցների կողմից «Տրոյկա լվացքատան» վերաբերյալ այսօր հրապարակած  բացահայտումները վեր են հանել Եվրոպայում փողերի լվացման դեմ գործող համակարգերի աչք ծակող թերությունները և հիմք են տալիս ներկայացնելու պահանջ՝ ստեղծել ԵՄ փողերի լվացման նկատմամբ վերահսկող մարմին», –  ասված է Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն կազմակերպության մամուլի հաղորդագրությունում:

«Եվրոպայի բանկային համակարգը պետք է ծառայի որպես արգելապատնեշ և թույլ չտա Ռուսաստանի և այլ երկրների տնտեսություններից կոռումպացված փողերի դուրս բերումը: Փոխարենը շարունակաբար տեսնում ենք, թե Եվրոպայում որքան դյուրին է կոռուպցիայի, հարկերից խուսափելու կամ այլ քրեական գործունեության արդյունքում ստացված եկամուտները լվալն ու թաքցնելը»,- ասել է  Թրանսփարենսի Ինթերնեշնլի գործադիր տնօրեն Պատրիցիա Մորեյրան: «Բավարար է ընդամենը մեկ անանուն օֆշորային ընկերության և աչք փակելու պատրաստ մեկ կամ ավել անազնիվ բանկերի առկայությունը: Եթե բանկերն ավելի արդյունավետ վերահսկողություն չսահմանեն, ականատես կլինենք ավելի մեծ թվով այսօրինակ սկանդալների, որոնք քայքայում են ԵՄ ամբողջ բանկային համակարգը»: 

«Տրոյկա լվացքատան» հետաքննությունները ցույց են տալիս, թե ինչպես է 2006-2012թթ. ռուսական «Տրոյկա Դիալոգ» ներդրումային բանկը գործարկել մի սխեմա Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված 3 ընկերությունների մասնակցությամբ,  որոնք հիմնել են ավելի քան 35 օֆշորային կեղծ ընկերություններ և ունեցել են հաշիվներ Լիտվայի Ուկիո բանկում: Որոշ ընկերություններ գրանցված են եղել լիազորված անձանց, այդ թվում` չքավոր սեզոնային աշխատողների անունով: Լիտվայի բանկը, որը երկրի կենտրոնական բանկն է,  չի բացահայտել այս սխեման, չնայած որ նկատել էր նմանօրինակ մեխանիզմ, որի միջոցով Ուկիոյի սնանկանալու ընթացքում դուրս էին բերվում փողերը:

«Տրոյկա լվացքատան» միջոցով լվացվել է ավելի քան 3.5 միլիարդ եվրո: Գործարկված սխեման կապված է կոռուպցիոն սկանդալներում, այդ թվում` Մագնիցսկու գործում, «Ռուսաստանի լվացքատան» և Շերեմետևոյի վառելիքի խարդախության մեջ ներգրավված ընկերությունների հետ:

«Այս սխեմաների նպատակն է միջազգային բանկային ցանցերի միջոցով թաքցնել գումարների ծագումը: Չափազանց թույլ է պաշտպանված մուտքը դեպի եվրոպական ֆինանսական համակարգ»,- ասել է Թրանսփարենսի Ինթերնեշնլի փողերի լվացման և բանկային փորձագետ Մաիրա Մարտինին: «Փողերի լվացման դեմ պայքարող ներպետական մարմինները չունեն բավարար լիազորություններ, ինչպես նաև անհրաժեշտ ռեսուրսներ՝ վաղ փուլում արդյունավետ բացահայտելու և կանխելու պոտենցիալ քրեական գործունեությունը: Մենք իմանում ենք այս դեպքերի մասին տեղեկատվական արտահոսքի և տվյալների կոտրվելու արդյունքում, հաճախ երբ այդ սխեմաներն այլևս չեն գործում»: 

Աղմկահարույց սկանդալներն, ինչպիսին դանիական Դանսկե բանկի գործն է, հիմքեր են ստեղծել բարեփոխումների գնալու համար: Անցյալ շաբաթ Եվրախորհրդարանի ֆինանսական հանցագործությունների, հարկեր չվճարելու և հարկերից խուսափելու հարցերով (TAX3) հանձնաժողովը  կոչ է արել ԵՄ մակարդակում ստեղծել փողերի լվացման նկատմամբ վերահսկողություն իրականացնող կառույց:

Թրանսփարենսի Ինթերնեշնլը կոչ է անում ստեղծել ԵՄ մակարդակում գործող վերահսկողական մարմին, որը կունենա հետաքննելու կարողություններ և պատժամիջոցներ կիրառելու լիազորություններ, ինչպես նաև կապահովի՝

  • կատարելագործված տեխնիկական փորձաքննություն՝ ազգային և ԵՄ մակարդակով բացահայտելու ապօրինի ֆինանսների միջսահմանային հոսքերը,
  • տեղեկատվության ավելի արդյունավետ համակարգում և փոխանակում ներպետական կառույցների շրջանում՝ Եվրոպայում և դրա սահմաններից դուրս,
  • ընկերությունների անանուն սեփականատիրության և օֆշորային գաղտնիության «դրախտների» վերացում, ինչպես օրինակ ` Բրիտանական արտերկրյա տարածքներն են:

Տես Թրանսփարենսի Ինթերնեշնլի կայքը