«Դատավորների մեծամասնությունը հնչեղություն ունեցող գործերով կալանք չի տալիս, այսինքն՝ պետական ճնշում չկա». ԲԴԽ անդամ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը

– Պարո՛ն Բեքեմազյան, ԲԴԽ նախագահը դատավորներին ուղղված կոչում ասել է. «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»։ Ի՞նչ էր նշանակում այս ուղերձը։

Չեմ կարող մեկնաբանել, որովհետև ավելի լավ է այդ հարցին պատասխանի հայտարարության հեղինակը։ Այդ կոչը ԲԴԽ-ի անունից չէր, նախագահի միանձնյա կոչն էր։

Ինչ վերաբերում է դատավորների անաչառությանը, ապա դատավորները միշտ էլ անաչառ պետք է լինեն, անկախ երկրում տեղի ունեցող քաղաքական իրավիճակներից։ 

Այսօր դատական համակարգի վրա ճնշումներ կա՞ն։

– Ես չեմ նկատում։ Կարող եմ ասել, որ հոգեբանական ճնշում, կապված քաղաքական իրավիճակի հետ, կարող է լինել, բայց ուղղակի ճնշում չեմ նկատել։

– Այս փուլում հայտնի գործիչների նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, բայց տեսանելի է, որ դատարանները կալանքի որոշումներ չեն կայացնում։ Արդյոք սա խոսում է համակարգի խնդիրների՞ մասին։

– Յուրաքանչյուր դատավոր ինքը պատասխանատու է իր որոշման համար։ Ես որևէ կերպ չեմ կարող մեկնաբանել դատավորների որոշումները։ Ինչ կատարվում է, բոլորս տեսնում ենք։ Ես իրավունք չունեմ ի պաշտոնե գնահատել՝ դատավորը ճիշտ է, թե սխալ։ Երկրորդ՝ դատավորն ունի գործի նյութերը, ինքն է որոշում կայացնում ու ինքն էլ կրում պատասխանատվություն։

– Այս փուլում դարձյալ բարձրացվում է հարցը, որ եթե դատական համարգը ժամանակին վեթինգի ենթարկվեր, հիմա այս իրավիճակը չէր լինի։

– Ես կարող եմ ասել, որ ԲԴԽ-ն այս ընթացքում արել և անելու է ամեն ինչ, որ դատարաններն աշխատեն բնականոն, աշխատեն օրենքի տառին համապատասխան, չունենան որևէ կաշկանդվածություն, ցանկացած դեպքում, եթե ճնշում կլինի դատավորների նկատմամբ, մեզ պետք է հայտնեն, և մենք որոշակի գործողություններ կատարենք։ Մենք ինքներս ենք նման հորդորով հանդես գալիս։

Այնպես որ, դատական համակարգի վերաբերյալ տարբեր կարծիքներ ու տեսակետներ անընդհատ արտահայտվել են։ Դատական համակարգի հարցը միշտ էլ սրված է, խնդիր միշտ էլ կարող է լինել։

– Երբ ասում եք՝ ԲԴԽ-ն անում է ամեն ինչ, որ դատավորները կաշկանդվածություն չունենան, որքանո՞վ են այսօր ազատ ու անկաշկանդ դատավորները։

– Մեր նպատակն է, որ լինեն ազատ ու անկաշկանդ։ Եթե ինչ-որ դատավոր զգում է, որ ինքն ազատ ու անկաշկանդ չէ, պետք է անպայման մեզ դիմի, և մենք փորձենք նրան օգնել։

Այսօր ես չգիտեմ որևէ դատավոր, որ մեզ դիմի ու բողոքի, որ ինքն ազատ ու անկաշկանդ չէ։

Վաղը կլինի՞ դատավոր, թե՞ ոչ՝ չեմ կարող ասել, բայց այսօր դեռ նման դիմումի մասին ես տեղյակ չեմ։

– Իսկ հնչեղություն ունեցող գործե՞րն էլ չեն կաշկանդում դատավորներին այսօր։

– Ես չեմ կարծում, որ կաշկանդվածություն կա։ Ի վերջո հասկանանք՝ ո՞ր կողմից կաշկանդվածություն՝ պետական, թե՞ մյուս։

Եթե պետության հետ կապված լինի կաշկանդվածություն, ինչպես տեսնում եք, դատավորների գրեթե մեծամասնությունը հնչեղություն ունեցող գործերով կիրառում է ավելի մեղմ խափանման միջոցներ, անգամ ձերբակալությունն են ճանաչում ոչ իրավաչափ, կալանք չեն տալիս։

Այսինքն՝ ակնհայտ է, որ եթե պետության կողմից ճնշում լիներ, այս վիճակը չէր լինի։ Կա՛մ մենք ունենք այնքան անկախ դատարաններ, որ նույնիսկ պետության ճնշումը նրանց վրա չի ազդում, ինչը շատ լավ է, կա՛մ ուղղակի նման ճնշում չկա։

Իսկ ինչ վերաբերում է այլ կողմերից ճնշումներին, նման խոսակցություններ չկան։ Նման մեղադրանքներ դեռևս չեն հնչում։

– Բայց դատավորների մի մասի անունը միշտ կապել են նախկին իշխանությունների հետ։ Եվ կան կասկածներ, թե այսօր ոմանք նրանց պատվերն են կատարում։

– Եթե կա ճնշում, ապա այդ ճնշումը պետք է բացահայտեն համապատասխան մարմինները։ Իսկ Բարձրագույն դատական խորհուրդը վերջնական խոսքը կասի՝ արդյոք նման բացահայտումները ճի՞շտ են, թե՞ ոչ։

– Նախորդ 2,5 տարում հաջողվե՞ց ինչ-որ կերպ բարեփոխել դատական համակարգը։

– Ես չեմ կարծում, որ ամբողջությամբ հաջողվել է։ Ինչ-որ բաներ հաջողվել են, ինչ-որ բաներ դեռ ընթացքի մեջ են։

Այդքան արագ ոչ մի բարեփոխում չի կարող ավարտին հասցվել, ժամանակ է պետք բարեփոխումների համար։ Իհարկե, ես գիտեմ, որ հասարակությունն ուզում է շատ արագ լինի, որպեսզի ավելի ակտիվ գործողություններ լինեն, բայց դատական համակարգն այնպիսի համակարգ է, որ մենք պետք է շատ զգույշ լինենք։

Կտրուկ քայլերը կարող են համակարգին ավելի մեծ վնաս հասցնել, քան այն, ինչ ունենք։ Ես չեմ ասում, որ դատական համակարգն իդեալական է գործում, բայց հավատացեք, այս երկու տարվա ընթացքում բավական դրական փոփոխություններ են եղել։ Եվ դա, վստահ եմ, որ ակնհայտ է, ուղղակի շատ մարդիկ կա՛մ չեն տեսել, կա՛մ չեն ուզում տեսնել։

Ես վստահ եմ, որ մարդիկ անընդհատ անդրադառնալու են դատական համակարգի խնդիրներին, որովհետև ցանկացած դեպքում, երբ կա դատական գործընթաց, կա մի կողմ, որը գոհ է մնում, և կա մի կողմ, որը դժգոհ է մնում։

Եվ պարզ է, որ դժգոհ մնացող կողմը միշտ պետք է խոսի դատական համակարգի թերությունների մասին։ Շատ դեպքերում դա կարող է օբյեկտիվ լինել, բայց շատ դեպքերում կարող է նաև սուբյեկտիվ լինել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am