Հովիկ Աղազարյանի որդին մեղադրվում է հետիոտնին վրաերթի ենթարկելու մեջ. Փաստինֆո

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին մեղադրվում է հետիոտնին վրաերթի ենթարկելու մեջ։ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ Իվան Հովիկի Աղազարյանի վերաբերյալ քրեական գործը դատարան մուտք է եղել հուլիսի 3-ին և նույն օրը մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Աղազարյանը 2019թ նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։30-14։30-ի սահմաններում, իրեն պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի Արցախի պողոտայում երթևեկելի գոտով կատարել է հետընթաց, որի ժամանակ թույլ է տվել երթևեկության կանոնների խախտում, այն է` հետընթաց սկսելուց առաջ, չի համոզվել դրա կատարման անվտանգության, մասնավորապես` ավտոմեքենայի հետևում առկա խոչընդոտի կամ վտանգի աղբյուրների բացակայության մեջ, չի դիմել այլ անձանց օգնությանը և հետընթացով անցնելով որոշակի տարածություն` ավտոմեքենայի հետևի ձախ հատվածով վրաերթի է ենթարկել հետիոտնին ու անզգուշությամբ նրա առողջությանը պատճառել միջին ծանրության մարմնական վնաս:

Պատգամավորի որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով՝ ավտոմոբիլի կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս։

Մանրամասները՝ այստեղ