Մենք սպասում էինք հրաշքի, բայց տեղի ունեցավ ամենասարսափելին

Մենք սպասում էինք հրաշքի, բայց տեղի ունեցավ ամենասարսափելին
Մենք սպասում էինք հրաշքի, բայց տեղի ունեցավ ամենասարսափելին

ՀՀ մշակույթի նախարարության ցավակցական ուղերձը ներկայացնում ենք ստորեւ։ 

«Այսօր դադարեց բաբախել Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանի սիրտը: Նա վթարի էր ենթարկվել և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նոյեմբերի 13-ին: Մինչ այդ գտնվում էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Սույն թվականի հունիսի 18-ից 22-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի էր ունեցել Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթը, որին մասնակցել էր նաև Վահագն Մարգարյանը՝ արժանանալով 2-րդ գլխավոր մրցանակին, քանի որ 1-ին տեղ ընդհանրապես չի եղել /փորձավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյան/։

Վահագն Մարգարյանը ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 5-ին, Էջմիածնում: 8 տարի հաճախել է ՀՀ Արմավիրի մարզի Ապագա գյուղի միջնակարգ դպրոցը, որից հետո տեղափոխվել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարան` ուսումը շարունակելով նախ հայկական ժողովրդական, ապա` դասական բաժիններում:

Ուսման տարիներին պարել է տարբեր ներկայացումներում: Ավարտական կուրսում մասնակցել է Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայացած «Պատանի պարողների Եվրատեսիլ» միջազգային պարի մրցույթին, որտեղ ներկայացրել է Հայաստանը: 2013 թ. ավարտել է պարարվեստի պետական ուսումնարանը և ընդունվել աշխատանքի Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` որպես բալետի արտիստ:

Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ա. Խաչատրյանի «Գայանե» (Կարեն), «Սպարտակ» (Հովիվներ), Ժ. Բիզեի, Ռ. Շչեդրինի «Կարմեն» (Սպա), Պ. Չայկովսկու «Շչելկունչիկ» (Պա-դե-դե), Լ. Մինկուսի «Դոն Կիխոտ» (Պա-դե-դե) և այլն: 2015 թ. Չեչնիայում մասնակցել է Մախմուդ Էսեմբաևի պարի միջազգային 7-րդ փառատոնին և արժանացել 2-րդ մրցանակին:

Վահագն Մարգարյանի հարազատների, ընկերների, արվեստի երկրպագուների հետ կիսում ենք կորստի սարսափելի ցավն ու մաղթում համբերություն, տոկունություն»: