«Շիրակի մարզի ծայրահեղ անապահով ընտանիքների համար ավելին մեծ վտանգ են սովն ու քաղցած մնալը, քան վիրուսը». Վահան Թումասյան

Հեղինակ MediaLab

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Գյումրիի «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը

– Պարո՛ ն Թումասյան, հայտնի է, որ կորոնավիրուսի վարակման տեսանկյունից ռիսկային խումբ են համարվում տարեցները։ Քանի որ դուք Շիրակի մարզում շատ եք առնչվում սոցիալապես անապահով տարեցների հետ, արտակարգ դրության պայմաններում ի՞նչ է փոխվել նրանց կյանքում, ինչպե՞ս են պաշտպանվում հնարավոր վարակից։

– Միայնակ տարեցների մեծ մասը, ովքեր տնակներում են ապրում կամ շենքերում, այնպես թե այնպես մեկուսացված էլ ապրում էր։ Այսինքն՝ նրանց համար մեծ փոփոխություն գրեթե չկա, բացի հոգեբանականից։ 

Նրանք թոշակ ու նպաստ էին ստանում, շարունակում են նույնկերպ ստանալ, չնայած հիմա թանկացումներ կան խանութներում։ Որ ասեմ՝ հատուկ դիմակներով են այս օրերին, այդպես չէ, որովհետև Շիրակի մարզում կյանքի համար առանձնապես չեն դողում։

Ինչո՞ւ, որովհետև եթե խոսում ենք անապահով ու ծայրահեղ աղքատ խավի մասին, ասում են՝ այդ ի՞նչ կյանք է, որ մի հատ էլ վրան դողանք։ Նրանց համար միևնույն է՝ կվարակվե՞ն, թե՞ ոչ։

– Շա՞տ եք օգնության խնդրանքներ ստանում այս օրերին։

– Անկեղծ ասած, այս օրերին տարեցները մեզ ամենաքիչն են անհանգստացնում։ Նրանք ձմռան ամիսներին մեզ ավելի շատ էին դիմում՝ ջեռուցման խնդրով, քան հիմա սննդամթերքի ու հիգիենիկ պարագաների համար։

Նրանց հաշվարկներով՝ իրենք իրենց չնչին սոցիալական նպաստով ու թոշակով կկարողանան մեկ ամիս ապրել։ Կյանքը շարունակվում է նույնկերպ՝ էլի մեկուսացված, միայնակ։ Երբ նախկինում տնակային ավանները խիտ էին բնակեցված, շփումը շատ էր։

Հիմա, քանի որ նոսրացել են, շփումը շատ քիչ է, որովհետև մեկ տնակը մյուսից 30-50 մետր հեռավորության վրա է։ Այսինքն՝ նրանց կյանքում մեծ փոփոխություն չի եղել։ Նրանց կյանքը միշտ ավելի վատ է եղել, քան արտակարգ դրությունը։

Օրինակ՝ տարեց կա, որ ապրում է մի լքված ու սեփականաշնորհված գործարանի տարածքում։ Արդեն մի քանի անգամ գնում ենք, տարածքի դռները փակ են, չենք կարողանում բացել, որ այդ խեղճ կնոջն ինչ-որ բանով օգնենք։

Տասը հեկտարանոց տարածքում մի տնակ դրած՝ ինքը միայնակ ապրում է։ Դրանից վատ կյանք ես չգիտեմ, թե որտեղ է հնարավոր պատկերացնել։

Մենք ավելի շատ խնդիրներ ունենք սոցիալապես անապահով մյուս ընտանիքների հետ կապված։ Այդ ընտանիքներում տղամարդիկ մնացել են առանց օրվա աշխատանքի։

Նրանք օրավարձով մեկի բոստանն էին փորում, մյուսի տարածքն էին մաքրում, օրական 1000-2000 դրամով գոյատևում էին։ Հիմա նրանց վիճակը ծայրահեղ ծանր է, որովհետև աշխատանք չկա, շինարարություն չի իրականացվում, սոցիալական սարսափելի վիճակ է։

Ես մտածում եմ, որ հատկապես Շիրակի մարզի ծայրահեղ անապահով ընտանիքների համար ավելին մեծ վտանգ են սովն ու քաղցած մնալը, քան վիրուսը։ 

Այսինքն՝ այս ամենի հետևանքով մարզում ավելի՞ է սրվելու մարդկանց սոցիալական վիճակը։

– Այո՛, եթե Աստված չանի մի քիչ էլ խորանա սա, արդեն հնարավոր է գողության դեպքերն ավելանան, նորից մուրացկանությունը գլուխ բարձրացնի։ Հիմա այս պահին ես սոցիալական խնդիրներից եմ ավելի շատ վախենում։

Մենք վերջին 15 օրվա ընթացքում 4 բեռնատար մեքենա սննդամթերք ու հիգիենիկ պարագաներ ենք ստացել։

Ես մտածում էի, որ այս պայմաններում, երբ և՛ ԱՄՆ-ում, և՛ Եվրոպայում ճգնաժամ է, աջակցողներ չեն չլինի։ Բայց բարերարները շարունակում են իրենց ծրագրերը։ Այն մարդիկ, որոնց վիճակը նույնպես վատ է, մեկուսացման մեջ են, բիզնեսները կանգնած են, շարունակում են մեծ աջակցություն ցուցաբերել՝ ԱՄՆ-ից ու Եվրոպայից։

Մենք էլ ամենածայրահեղ աղքատ ընտանիքներին ենք փորձում թիրախային աջակցություն ցուցաբերել։ Մենք ամեն կոպեկը դժվարությամբ ենք գտնում, ոչ մի օլիգարխիկ խմբից կախված չեն, Հայաստանից գրեթե աջակցություն չունենք, չենք էլ ցանկանում ունենալ։

Մենք այս ձմռանը 40 հազար տոննա վառելափայտ ենք բաժանել՝ 1500 ընտանիքի։ Ես մտածում էի՝ գարունը կգա, մի քիչ կհանգստանանք, բայց հիմա առհասկարակ «թաղվեցինք» այս ճգնաժամի մեջ։

Ձեր կարծիքով՝ կառավարությունը պե՞տք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի ծայրահեղ աղքատ խավին։

– Ես վաղուց իշխանության արածն ու չարածը չեմ քննարկում, մի երկաթե վարագույր եմ քաշել, որ առհասարակ չանդրադառնամ նրանց, ուշադրություն չդարձնեմ։

Երբ նայում ես՝ ինչ պետք է անեն, բայց միայն խոսում են ու չեն անում, արդեն թևաթափ ես լինում, չես ուզում ոչինչ անել։ Քանի դեռ մեր նկատմամբ վստահությունը կա, հովանավորներն աջակցում են, մենք աշխատանքը կիրականացնենք։

Աստված չանի, այս իրավիճակը երկար ձգվի, այդ դեպքում իրավիճակն անկառավարելի կլինի, և հովանավորներն էլ արդեն չեն կարող շարունակել ծրագրերը։ Կորոնավիրուսից ավելի վատ հետևանքներ կարող է առաջացնել տնտեսական այս վիճակը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am