Այսօր առավոտվանից տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև նախագահի թեկնածուների վստահված անձինք ընտրախախտումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգերով հանդես եկան: Տեղեկություններ եղան ինչպես լցոնումների, այնպես էլ համայնքապետերի կողմից ընտրական գործընթացին միջամտելու, ընտատեղամասերի մոտ մարդկային կուտակումների, ընտրակաշառքի բաժանման և այլնի վերաբերյալ:
ԳԱԼԱ հեռուստատեսության տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Շիրակի մարզի Ախուրյանի շաքարի գործարանից գազելներով մարդիկ տեղափոխում Երևան՝ ընտրություներին մասնակցելու համար:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը եւս բազում խախտումների մասին հանդես եկավ հաղորդագրությամբ` մասնավորեցնելով, որ արձանագրված բոլոր խախտումները կատարվում են նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թիմակիցների կողմից:
«Մեդիալաբը» ստեղծված իրավիճակի ու ահազանգերի կապակցությամբ փորձեց մեկնաբանություններ ստանալ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովից:
«Եթե այդ տեղեկությունները փաստեր չեն պարունակում, ապա դրանք բամբասանքների են: Եթե կան փաստեր, այդ հարցով պետք է զբաղվեն իրավապահ մարմիննեը: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ՀՀԿ-ն միշտ ասել է, ամենաշահագրգռվածն է, որպեսզի ընտրությունները բացառապես անցկացվեն օրենքով սահմանված կարգով: Մեզ համար ընդունելի չէ օրենքի խախտման ցանկացած դեպք»,- «Մեդիալաբին» ասաց Շարմազանովը:
Նա նշեց, որ իրավապահները շատ ակտիվ են գործում և արձագանքում են փաստերով ահազանգերին:
Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ահազանգեց, որ անձնագրերում դրվող կնիքի թանաքը դարձյալ շուտ է օքսիդանում: Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ այսօր լրագրողներին ցուցադրել է, թե ինչպես է հնարավոր շատ հեշտությամբ խոնավ անձեռոցիկով անձնագրից մաքրել թանաքը: Անդրադառնալով այս դեպքերին՝ Էդուարդ Շարմազանովը նշեց.
«Ես հիմա Ալավերդուց վերադառնում եմ Երևան, ես հատուկ փորձել եմ, իմ մոտ թանաքը չի ցնդում: Ու ոչ միայն իմ մոտ է այդպես, իմ ընկերների մոտ էլ, կարող է Ալավերդու թանաք է, չի ցնդում, չեմ կարող ասել»:
Շարմազանովը նշեց, որ եթե նույնիսկ թանաքը ցնդում է, ապա նախագահի մյուս թեկնածուներին ՀՀԿ-ն լրացուցիչ հնարավորություն է տվել վերահսկել ընտրությունները:
«Այսինքն՝ ցուցակները հսկելու իրավունքը մենք զիջել ենք իրենց: Եթե մեզ չեն վստահում, մեր վստահված անձանց չեն վստահում, ապա բարի լինեն իրենք իրենք վստահված անձերով ստուգեն, մենք այդ հնարավորթյունը տվել ենք իրենց, որպեսզի կարողնանա ամբողջությամբ վերահսկեն ընտրական պրոցեսը»,- ասում է ՀՀԿ-ական գործիչը:
Անդրադառնալով հատկապես մարզերից ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ ստացված ահազանգերին, Էդուրադ Շարմազանովը նշեց, որ այսօր մարզերում 20-ից ավելի համայնքներում է շրջել, ընտարակաշառքի բանժանման դեպք չի արձանագրել:
«Մենք հանդիպել ենք 3 եվրոպացի դիտորդների հետ, իրենք իրենց բառերով ասում են՝ no problem»,- ասաց նա:
Էդուրադ Շարմազանովը նշեց, որ ընտրակաշառքի բաժանման դեպքերում էլ ոստիկանությունը կպատժի մեղավորներին: Նա նաև հակադարձեց տարբեր դիտորդների այն պնդումներին, թե ընտրատեղամասերի մոտ մարդկային կուտակումներ կան:
«Կուտակումներ չկան, մեքենաներով տանել-բերել չկա, մարդիկ շատ հանգիստ, խաղաղ գնում են ընտրության»,- ընդգծեց նա:
Նշենք, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ այսօր ժամը 14-00-ի դրությամբ Հայաստանի ընտրելու իրավունք ունեցող բնակչության 33.09 տոկոսն արդեն կատարել է իր քաղաքացիական պարտքն ու մասնակցել քվերակությանը:
Մասնակցության ակտիվ ցուցանիշ է գրանցվել Սյունքի մարզում, որտեղ քվեարկել է բնակչության 40.09 տոկոսը: Մասնակցության ամենացածր մակարդակը գրանցվել է Արմավիրում՝ 28.93 տոկոս:
© Medialab.am