Հայ-վրացական ռազմավարական գործընկերության մասին պաշտոնական համաձայնագիր է ստորագրվել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես են եկել  մամուլի համար հայտարարությամբ։

Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ այսօր ստորագրվել է հայ-վրացական ռազմավարական գործընկերության մասին պաշտոնական համաձայնագիր:

«Դե-ֆակտո մենք առանց այն էլ ռազմավարական գործընկերներ էինք։  Այսօր արդեն, կարելի է ասել, այս իրականությունը ձևակերպվեց։ Այսօր պաշտոնապես ստորագրեցինք ռազմավարական գործընկերության համաձայնագիր»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նիկոլ Փաշինյանն իր հերթին համաձայնագրի ստորագրումը որակել է որպես   հայ-վրացական հարաբերությունների հանգրվանային իրադարձություն։

Փաշինյանը նշել է նաև, որ   Վրաստանում  քննարկումների ընթացքում պայմանավորվել են հանձնարարել համապատասխան գերատեսչություններին՝ գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի ու Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Վրաստանի մաքսային մարմինների միջև ակտիվորեն քննարկվում են սահմանային անցման կետերում համատեղ մաքսային հսկողության իրականացման մոդելները։