Ապրիլի 27-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները, ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկեցին մայրաքաղաքի 40-ամյա բնակչի։
Դատարանի որոշմամբ իրավապահները խուզարկեցին տղամարդու բնակարանն ու օժանդակ շինությունները։
Արդյունքում` հայտնաբերվեցին 2 հրացան, 3 ատրճանակ՝ իրենց պահեստատուփերով ու փամփուշտներով, ինքնաձիգի դատարկ պահունակ, 7,62 մմ տրամաչափի 30 փամփուշտ։
Հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարվեց նաև տղամարդուն պատկանող գազալցակայանի աշխատասենյակում։
Հայտնաբերվեցին 7,62 մմ տրամաչափի 451 փամփուշտ, փամփուշտի գնդակ, 5,45 մմ տրամաչափի 170 փամփուշտ, երկփողանի հրացան, գազային ատրճանակ, տիրի հրացան, որսորդական հրացանի 80 փամփուշտ, ազդանշանի ատրճանակ՝ լիցքավորված երկու փամփուշտով, և երկու դանակ։
Նշանակվել են փորձաքննություններ։ Երևանի 40-ամյա բնակիչը ձերբակալվել է։ Կատարվում է քննություն, տեղեկացնում է ոստիկանությունը: