Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի հայտարարությանը Լեռնային Ղարաբաղի և ՀԱՊԿ-ի մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, ըստ որի՝ ՀԱՊԿ-ի անգործությունը պայմանավորված է եղել նրանով, որ «Հայաստանն ինքը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես իր սեփական կամ անկախ տարածք»։

«Ղարաբաղի տարածաշրջանը միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից, միշտ ճանաչվել է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։ ՀԱՊԿ-ի մեխանիզմների չկիրառումը Հայաստանի կողմից Ղարաբաղը որպես իր տարածք չճանաչելու հետ կապելու փորձերը անհիմն են և հակասում են Մոսկվայի պաշտոնական դիրքորոշմանը», – հայտարարել է Հաջիզադեն։

Ավելի վաղ Գվարդեյսկի երիտասարդական ֆորումում Մարիա Զախարովան, անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ-ին, հայտարարել էր. «Կար մի պատմություն Հայաստանի հետ, որը, կարծես, ասում էր. «Եկեք ակտիվացնենք ՀԱՊԿ-ի մեխանիզմները»։ Բայց իրականում՝ ո՞ւմ և ինչի՞ հետ կապված։ Այդ տարածքը՝ Լեռնային Ղարաբաղը, Հայաստանն ինքը երբեք չի ճանաչել ո՛չ իր սեփական, ո՛չ էլ անկախ տարածք»։

Միաժամանակ, Հայաստանը 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին պաշտոնապես դիմել էր ՀԱՊԿ-ին ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման կապակցությամբ՝ պահանջելով դաշինքից համապատասխան քաղաքական գնահատական և գործնական քայլեր։

ՀԱՊԿ-ի արձագանքի բացակայությունից հետո Հայաստանը 2024 թվականի սկզբին հայտարարեց կազմակերպությունում իր անդամակցության սառեցման մասին։