Գարեգին Բ-ի շնորհավորանքը կանանց

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:
Ուղերձում ասվում է.
«Մայր աթոռ սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում եւ շնորհավորում մեծազնիվ տիկնանց եւ օրիորդաց Մարտի ութի տոնական առիթով:
Այսօր բերկրում են մեր հոգիները, քանզի մեծարում ենք մեր մայրերին, քույրերին ու դուստրերին եւ գնահատում նրանց բարեբեր ավանդը ընտանեկան կյանքում, պետական-հասարակական կյանքի ասպարեզներում: Տերունապարգեւ իրենց կոչմանը հավատարիմ` կանայք ամբողջանվեր նախանձախնդրությամբ ծառայում են մեր երկրի առաջընթացին, մեր ժողովրդի առջեւ ծառացած դժվարությունների հաղթահարմանը, մասնակից են մեր ժողովրդի հաղթանակների կայացմանը, մեր ազգային ու հոգեւոր վերազարթոնքին:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Իջման Սուրբ Սեղանի առջեւ Հայրապետիս աղոթքն ու մաղթանքն է, սիրելի կանայք, որ շարունակեք ապրել ու ստեղծել դարերի մեջ դրսեւորված հայ կնոջ հավատքի, արիության ու նվիրումի օրինակով, ջանքեր բերեք, որ հավատավոր, հայրենասեր, արի զավակներով հայ կյանքը լինի շեն ու բարօր, հայոց հայրենին` հզոր ու ծաղկուն: Թող Տերն Ամենակալ հաստատուն պահպանի ձեզ բարի գործերի եւ առաքինությունների մեջ, պահի քաջառողջ ու արեւշատ եւ մշտապես առիթներ շնորհի անսպառ երջանկության` ձեր ընտանիքների, զավակների ու սիրելիների հետ:
Շնորհը, սերը, խաղաղությունը Փրկիչ մեր Տիրոջ թող լինի միշտ մեզ հետ եւ համայն աշխարհի. ամեն:
© Medialab.am