Ալիկ Ղարիբյան. պարարտ մեռելը

Ալիկ Ղարիբյան. պարարտ մեռելը
Ալիկ Ղարիբյան. պարարտ մեռելը

Անբարոյականությունը լայնախոհ է, երբ չի սպանում։ ՀՀԿ-ի սաքուլիկները ոչ մեկին չեն սպանել։ Նրանք մեռել են իրենց մեջ։ Պատկերացնո՞ւմ եք` էս տղաները մեծացել են, մեծացել են ու դարձել են սաքուլիկ։

Սաքուլիկ լինում են հորոսկոպով կամ որպես դրացի կյանքի անեծք։ Այս տղաները երկրապահի նման մի բան են, բայց՝ բուհերում։ Նրանք հիտլերյուգենդ են։ Այն տարբերությամբ, որ սաքուլիկներն իրենց ճշմարտությունը չունեն, նույնիսկ ուրիշինը չունեն։ Նրանք, ավելին, իրավացի լինելու իրենց մեռելն անգամ չունեն, որ արարքներում վրեժ տեսնես։

Ինչ-որ բան կործանելու մղումը նրանք ստեղծում են իրենցից։ Հենց սա է նրանց տարբերում գիրք չթերթած որևէ հանրապետականից։ Նրանք յուրաքանչյուր բուհում նույնիսկ առողջ նռնենին սարքում են չորացած թզենի։ Այսինքն` ամեն ինչ ոչնչացնում են` էությունն աղավաղելով։ Եթե նրանք բուհում են, ուրեմն բուհը չկա։ Ահա ինչու են ազնվորեն կարծում, որ տարկետման վերացումը գիտությանը չի վնասում, որովհետև գիտության շնչին արդեն նստածներ կան։

Սաքուլիկները դևիկներ են, որոնք հետևակի նման հարձակվում են մեկի վրա, որն իրենց «բովանդակությունը» չունի։ Հեքիաթներում ոչ մի դև իր նմանի վրա չի հարձակվում։ Բնության մեջ այդպիսի բան չկա՝ մարդը հարձակվում է մարդու վրա, գազանը՝ գազանի, թեկուզ՝ իր տեսակի, բայց դևերի զոհերը երբեք դևերը չեն։

Սաքուլիկները երբեք սաքուլիկների վրա չեն հարձակվի։ Նրանց մարդ է պետք։ Նրանք ասունի միս են սիրում։ Էդ ասունը, ի դեպ, կարող է լինել նաև արջ, սպիտակագլուխ անգղ, մուֆլոն, եթե հիշենք, թե ինչ երիտհանրապետականներ են վերջերս բնաջնջում մեր բնությունը։ Այս «ստեղծագործությունների» մայրերը որդի ունեն, խոսք չկա, բայց իրենք մայր չունեն։ Որովհետև իրենք իրենց որդի չեն զգում։ Այսինքն` չկա մեկը, որի աչքերի մեջ նայելով կամաչեն։ Դա պարարտ մեռելի բնությունն է։

ԵՊՀ-ում մի պարարտ մեռել կա՝ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը։ Այս երիտասարդը 14 տարի առաջ պահանջում էր, որ Սերժ Սարգսյանն ուսանողներին բանակ չտանի։ Սերժ Սարգսյանը չտարավ։ 5 տարի հետո նախկին դաշնակցական այս երիտասարդն արդեն կյանքի այլ «տեսլական» ուներ՝ ապրել ամեն գնով։ Որովհետև բուհն ավարտել էր ու հասկացել, որ բանակ չգնալն այստեղ կապ չունի՝ կապ ունի հանրապետական լինելը։ Չէ՞ որ դա և՛ մասնագիտություն է, և՛ պաշտոն է, և՛ Աստծո աջ է, և՛ «սեր» է, և՛ բիզնես է, և՛ տարկետում։

Մի խոսքով, պետք է լինել Սերժ Սարգսյանի հետ։ Վերջինս որոշակի հարազատություն գտավ հանրապետության առաջին Սաքուլիկի մեջ՝ դա Ալիկի մտքի իսպառ բացակայությունն էր, որը Մասիսի նման տեսանելի էր նույնիսկ նրա մշուշոտ աչքերում։ Որը կարելի էր ցուցադրել որպես անբարոյականության հաղթական զենք։

Այդ օրերին Երևանի փողոցներում, ի հեճուկս քաղաքական խիստ անկայուն ամիսների, կարելի էր հանդիպել նույնաբովանդակ մի կարգախոսի՝ Իմ զենքը երգն է, Իմ զենքը հավատն է, Իմ զենքը բեմն է և այլն։ Բոլորի հիմքում Սաքուլիկի «արարումն» էր՝ իմ զենքը անբարոյականությունն է։ Ըստ էության, այստեղից սկսվեց սաքուլիկության թավշյա, բայց տոտալ առաջխաղացումը, որը հայաստանցի երիտասարդին դրեց լուրջ երկընտրանքի առաջ՝ կա՛մ սաքուլիկ ես, կա՛մ գաղթական։

Այսօր սաքուլիկները խոսում են Հայրենիքից, այսինքն` զրոյացված մի արժեքից, որն ամեն օր բազմապատկվում է իրենցով։ Նրանք այնպես են լցվել Հայաստանում, որ աշխարհի որ կետից ուզում ես Հայրենիքդ ցույց տալ, մատդ տնկվում է նրանց վրա։ Նրանք մեր ժողովրդագրական նոր տեմպերի բեղմնավորման պատասխանատուներն են, որպեսզի իրականանա մարգարեի ասվածը՝ որ 2040-ին պետք է լինենք 4 միլիոն։

Մհեր Արշակյան

MediaLab.am