«Պետք է նորմալ վճարել դպրոցի տնօրեններին, որպեսզի նաև արժանապատիվ մարդիկ ցանկանան տնօրեն դառնալ». Սերոբ Խաչատրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, երեկվանից բուռն քննարկումների առիթ է հանդիսացել հանրայնացված ձայնագրությունը, որում դպրոցի տնօրեն, ուսուցիչ, ուսմասվար եռանկյունու շրջանակում քննարկվում են կոռուպցիային ամենասերտ կապակցված երևույթներ՝ կաշառքով դպրոց աշխատանքի ընդունվել, աշխատավարձի մի մասը տնօրինությանը վերադարձնել և այլն: Այս երևույթների արմատը որտե՞ղ է: Ինչո՞ւ ունենք այս իրավիճակը։

– Այս երևույթի արմատները գալիս են թերֆինանսավորումից, այսինքն՝ բոլորս էլ գիտենք՝ կրթական համակարգը թերֆինանսավորվել է։ Ի՞նչ է տեղի ունեցել. դպրոցը ստացել է որոշակի բյուջե, բայց էդ բյուջեից տնօրենի աշխատավարձը եղել է շատ փոքր, բայց մյուս կողմից՝ եղել է ուռճացված հաստիքակազմ, մեծ թվով պահակներ և այլն, այդ պատճառով տնօրենի ցածր աշխատավարձը ինչ-որ չափով փոխհատուցվել է այդպիսի գործունեությամբ։

Երբ նայում ենք վերջին տարիների քրեական գործերը, մեծ մասը այդպիսի դեպքեր են, այսինքն՝ տնօրենը ինչ-որ մեկին ընդունել է աշխատանքի, այդ մարդը չի եկել աշխատանքի կամ եկել է առիթից առիթ, և տնօրենը այդ գումարը յուրացրել է։ 

Կարող էինք ավելի խելացի աշխատել, դպրոցի հաստիքակազմը ավելի խելամիտ պլանավորվեր։ Վստահ եմ, որ բազմաթիվ մարդիկ, պաշտոնյաներ տեղյակ են եղել, որ հաստիքակազմը ուռճացված է, բայց դա չի արվել՝ տնօրենին հնարավորություն տալով ինչ-որ զարտուղի ճանապարհով գումար վաստակել։ 

Հետո եկավ որոշակի պահ, մոտավորապես 2016-2017 թվականներն էին, երբ նախարարությունը սկսեց խոսել այն մասին, որ դպրոցներում հաստիքների թիվը շատ է, և վերանայման կարիք կա։

Հեղափոխությունից հետո հույս կար, որ կփորձեն իրավիճակը կարգավորել, ինչ-որ բաներ եղան, բայց արմատական փոփոխություն չստացվեց։ Հեղափոխությունից հետո մի քանի աղմկոտ դեպքեր եղան, ու ալիքը մարեց։ Ենթադրում եմ, որ ալիքը մարեց, նորից այդ դեպքերը գլուխ բարձրացրեցին։

Իհարկե, հիմա հաստիքացուցակը վերանայված է, այդպիսի խնդիրները ավելի նորմավորված են, բայց, կարծում եմ՝ մենք պետք է ավելի ազնիվ աշխատենք։

Հնարավորինս նորմալ վճարել դպրոցի տնօրեններին, մնացած աշխատակազմին, որպեսզի նաև արժանապատիվ մարդիկ ցանկանան տնօրեն դառնալ։ Շատ մարդիկ չեն ուզում դպրոցի տնօրեն դառնալ, որովհետև մտածում են՝ ինչպես են ապրելու 150-200 հազար դրամ աշխատավարձով։

Մենք պետք է այս մասին էլ մտածենք, դա բավական բարդ աշխատանք է՝ մի քանի հարյուր, նույնիսկ հազարից ավելի աշակերտների ղեկավարումը, պետք է նորմալ աշխատավարձ լինի, որպեսզի չհայտնվեն մարդիկ, որոնք չարաշահումներ կարող են անել։

– Մինչև հեղափոխությունը, եթե հիշում եք, նմանատիպ մի ձայնագրություն էլ էր հրապարակվել, որում գործող իշխանության օգտին ձայներ բերելու գործընթացում ուսուցիչների ուղիղ մասնակցության մասին էր:

– Դա հայտնի բան էր։ Այդպիսի խոսակցություններ կային ավելի վաղ ժամանակներում, որ ոչ ոք պատահական տնօրեն չի դառնում, իսկ ուսուցիչ ընդունվելը տեղի էր ունենում կոռուպցիոն ռիսկերով, այս ամեն ինչը շատ հայտնի է։ Կային այդ խնդիրները։

– Եթե մեր դպրոցներում ունենք այս վիճակը, երբ ուսուցիչը ոչ միայն նսեմացված է, ստիպված մասնակցում է այս խաղերին, այլև տարիներով լռում է, ի՞նչ կրթության մասին կարող ենք խոսել: Ինչպե՞ս կարող են ընտրակեղծարարությանը կամ կոռուպցիային ուղիղ մասնակցություն ունեցող մարդիկ սերունդ կրթել:

– Այո, իհարկե, ամենամեծ խնդիրներից մեկն է։ Ամեն մի էսպիսի դեպք շատ մեծ հարված է կրթությանը։

Այս կարգի դեպքերը ինչո՞վ են վատ. դրանք, որպես կանոն, լայն հանրային հնչեղություն են ստանում, մարդիկ էլ ունեն ընդհանրացնելու հակում, և մի քանի այսպիսի դեպքը մարդիկ ընդհանրացնում են և սկսում են մտածել, որ բոլոր դպրոցներում էլ նույն իրավիճակն է, հետևաբար տնօրենները, ուսուցիչները բոլորը այսպիսին են։

Ու դա, բնականաբար, իմանում են երեխաները, ու արդեն նրանց մեջ էլ է առաջանում բացասական տրամադրվածություն դպրոցի, կրթության հանդեպ։

– Արդյոք այս արժեհամակարգը մի օր փոխվելո՞ւ է և ինչպե՞ս:
Ո՞րն է լուծումը: Ինչպե՞ս պետք է առաջ շարժվել, որ իրավիճակ փոխվի, որ կարևորվեն լավ կրթությունը, գիտելիք ստանալը, ոչ թե ձևը, քանի որ այս ամենը ևս վկայում է ձևի և ոչ թե բովանդակության կարևորության մասին:

– Գիտեք, որպեսզի այս փոփոխությունը արժեհամակարգային լինի, պետք է լինի համակարգային, վատն այն է, այս դեպքի հետ կապված չեմ կարող ասել, բայց նախկինում եղել են դեպքեր, երբ սելեկտիվ էր արվում։ Այսինքն՝ ինչ-որ մի տեղ տնօրենը հակաիշխանական կեցվածք է դրսևորում, մեկ էլ նրան ձերբակալում են, գործ է հարուցվում, այս գործելակերպից պետք է ձերբազատվենք։

Ճիշտ չէ, երբ դու սելեկտիվ ձևով ընտրում ես որոշակի անհնազանդ մարդկանց և նրանց ես պատժում։ Պատիժը պետք է լինի համակարգային, ամենևին կարևոր չէ՝ դու ինչ քաղաքական կողմնորոշում ունես՝ իշխանամե՞տ ես, թե՞ իշխանության դեմ: Եթե խնդիրներ կան, պետք է բացահայտվեն, մենք միշտ տեսել ենք, երբ ինչ-որ մեկն ընդվզել է, անմիջապես նրա վրա քրեական գործ է բացվել, հետո հենց խելոքացել է, էդ քրեական գործի ընթացքը բոլորիս համար անորոշ է մնացել։

Այս գործելակերպից պետք է հրաժարվենք, նայեք՝ ինչ-որ դեպք է բացահայտվել, սա պետք է համակարգային բնույթ ստանա։ Չպետք է մտածենք՝ մի հոգու բացահայտեցինք, լավ է, շարունակեք, չէ՛, բոլորի մոտ պետք է զգացողությունը լինի, որ ինքն էլ կարող է պատժվել, եթե կոռուպցիոն վարքագիծ դրսևորի՝ անկախ նրանից, թե իր դիրքորոշումը իշխանության հանդեպ ինչպիսին է։

– Այսօր մեր կրթական համակարգում որո՞նք են ամենալուրջ բացթողումները։

– Ամենամեծ բացթողումն այն է, որ այսօր մենք դպրոցական համակարգում տեսլական չունենք, ռազմավարություն չունենք, ու մարդկանց համար անհասկանալի է՝ մենք ի՛նչ ուղղությամբ ենք գնում, երկրում պատերազմ եղավ, կորոնավիրուս է, բավական լուրջ մարտահրավերներ կան, ու մարդկանց համար ստեղծվել է անորոշություն։

Նույնիսկ չգիտեն էլ, որ ուսուցիչը դասարան է մտնում՝ ինչպես խոսի, ինչ ասի, այդ իմաստով բավական անորոշ է, և չկա անձրևանոցը, այսինքն՝ տեսլականը, որով մենք շարժվում ենք առաջ։

Իսկ դա շատ վատ է, որովհետև կրթությունը չի սիրում կենտրոնախույս մոտեցում, երբ ամեն մեկն ինչ ուզում՝ անում է կամ ոնց պատկերացնում է։ Կրթությունը սիրում է կենտրոնամետություն, այսինքն՝ պետք է լինի որոշակի արժեքային համակարգ, որին պետք է ուղղվի բոլոր դպրոցների գործունեությունը, անկախ նրանից՝ գյուղում են, քաղաքում են, թե որտեղ են, ա՛յ դա չկա, այդ հասարակական մերանը:

– Իսկ ո՞րն է պատճառը, որ կրթական համակարգը ուշադրության չի արժանանում։

– Պատճառն այն է, որ երբ Հայաստանում մարդիկ պաշտոն են ստանում կրթության ոլորտում, լինի նախարար թե փոխնախարար, թե վարչության պետ և այլն, մեր հասարակությունում կա այդպիսի միտում՝ անմիջապես այդ մարդկանց հեղեղել ընթացիկ հարցերով: Ով պաշտոն է ստանձնում, թաղվում է այդ ընթացիկ գործերի մեջ, դառնում է, այդպես ասած, հրդեհ մարող և մոռանում է, որ նախարարությունը պետք է ոչ թե ընթացիկ, անձնային, անհատական խնդիրներով զբաղվի, այլ պետք է քաղաքականություն և ռազմավարություն մշակի։

Մեր հասարակությունն իր պահվածքով շատ ագրեսիվ ձևով գնում է դեպի պաշտոնյաներ` նրանցից պահանջելով, որ իրենց խնդիրները լուծեն, և այդ թոհուբոհի մեջ պաշտոնյաները մոռանում են կամ հետին պլան են մղում կարևոր ռազմավարական հարցերը, դրա համար 6 տարի Հայաստանը չունի կրթության զարգացման ծրագիր։ 

Լավ, այդ 6 տարվա ընթացքում մեկը չի ասում՝ ամոթ չի, մենք 6 տարի է՝ չունենք ռազմավարական ծրագիր։ Մի տարի հասկացանք, 2 տարի, բայց 6 տարի կրթության ծրագիր չունենա՞նք։

Արփինե Արզումանյան

MediaLab.am