Հայաստանը Լոնդոնում 5 հարկանի շենք կգնի դեսպանատան համար

Հայաստանը կգնի Լոնդոնի 31 Ա Սեյնթ Ջեյմս հրապարակում տեղակայված 5 հարկանի անշարժ գույքը՝ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատունը տեղակայելու նպատակով։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ համապատասխան որոշման նախագիծը ներկայացրեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ Այս նպատակով Կառավարություն ծախսելու է 17,4 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը 1992 թվականից ի վեր տեղակայված է Լոնդոնի Հայ տան կողմից տրամադրված շենքում, որը դեսպանությանը տեղեկացրել է 2024 թվականին  տարածքը ազատելու անհրաժեշտության մասին: Տվյալ շինությունում  ՀՀ դեսպանությունը զբաղեցնում է երկու փոքր սենյակ, ինչը մշտապես զգալիորեն սահմանափակել է դեսպանության աշխատանքային հնարավորությունները:

«Լոնդոնում ՀՀ պատշաճ ներկայացվածության և քաղաքական վարկանիշի բարձրացման տեսանկյունից՝ անհրաժեշտ է դեսպանության համար նոր շինության ձեռքբերում (օրինակ՝ Վրաստանը 2016թ. տեսանելիորեն բարելավել է իր դեսպանության շենքը՝ ձեռք բերելով նոր, առավել բարեկարգ շինություն քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում): Դեսպանության համար նոր, առանձին շինության ձեռքբերումը հնարավորություն կտա ոչ միայն ստեղծել առավել հարմարավետ աշխատանքային պայմաններ, բարելավել հյուպատոսական ծառայությունների մատուցումը, այլև դեսպանությունում իրականացնել ներկայացուցչական գործառույթներ, ինչից դեսպանությունը ներկայումս զրկված է և կազմակերպվող բոլոր միջոցառումների համար ստիպված է վարձակալել տարածքներ:2023թ. ապրիլ ամսից Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության կողմից բանակցություններ են իրականացվել Լոնդոնի 31 Ա Սեյնթ Ջեյմս հրապարակում տեղակայված անշարժ գույքի ձեռքբերման նպատակով:

Անշարժ գույքը գտնվում է Լոնդոնի կենտրոնական մասում, մի շարք դեսպանությունների, Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի, ՄԹ արտաքին գործերի նախարարության (Foreign Office),ՄԹ խորհրդարանի և ՄԹ վարչապետի, պաշտպանության նախարարության, անվտանգության խորհրդի և այլ պետական մարմինների հարևանությամբ, որոնց հետ դեսպանությունը իր գործունեության ընթացքում գտնվում է ակտիվ կապի մեջ:Շենքը ձեռք է բերվելու  սեփականության իրավունքով:

Այն ունի պատմամշակութային գրանցում, գտնվում է Լոնդոնի ամենաներկայանալի վայրերից մեկում, կազմված է 5 հարկից (նկուղայինով՝ 6), ունի ընդունելության սրահ: Պետք է հաշվի առնել նաև, որ Լոնդոնը հանդիսանում է աշխարհի ամենագրավիչ անշարժ գույքի շուկաներից մեկը և անշարժ գույքի ձեռքբերումը կարող է դիտարկվել որպես շահավետ երկարատև ներդրում»,- նշված է հիմնավորման մեջ։