ՍԴ-ն ընտրությունների վիճարկման դիմումների քննությունը պետք է ավարտի մինչև հուլիսի 17-ը. Factor.am

Սահմանադրական դատարանի մասին օրենքը Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճի լուծման համար սահմանում է 15-օրյա ժամկետ՝ ընտրությունների արդյունքների բողոքարկման դիմումները ստանալու պահից սկսած՝ ներառելով նաև հանգստյան օրերը, գրում է Factor.am-ը։

ՍԴ-ն դիմումները քննում է նաև աշխատանքային ժամի ավարտից հետո։ Սահմանադրական դատարանը քաղաքական ուժերի դիմումները ստացել է հուլիսի 2-ին, ուստի, համաձայն օրենքի, վերջնական որոշումը պետք է կայացվի հուլիսի 17-ին՝ դիմումների մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո:

Հնարավոր է՝ դիմումների քննությունը, որը մեկնարկել էր հուլիսի 9-ին, ավարտվի ավելի շուտ, քան կլրանա 15-րդ օրը։ ՍԴ-ն 4 դիմումները քննում է միասին։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկում է 4 քաղաքական ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները՝ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ էլ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։

Դիմումների քննությունից հետո Սահմանադրական դատարանը կընդունի հետևյալ որոշումներից որևէ մեկը․

1) Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ;

2) անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը և՝

ա. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները;

բ. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և սահմանել մանդատների բաշխման կարգը;

գ. նշանակել ընտրությունների երկրորդ փուլ:

Նշենք, որ ՍԴ-ում «Հայաստան» դաշինքը պահանջում է կա՛մ անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ, կա՛մ մանդատները նորից բաշխել։ Հիշեցնենք` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 27-ին ամփոփած վերջնական արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններում ստացել է քվեների 53.91, «Հայաստան» դաշինքը՝ 21.09, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22%-ը: