Վարչապետն արդարացված որոշում է համարում Ամանորի ոչ աշխատանքային օրերի կրճատումը

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տոներին ոչ աշխատանքային օրերը կրճատելու մասին որոշմամբ Կառավարությունը արձանագրում է, որ առաջիկա տարիներին ավելի շատ պետք է կենտրոնանալ աշխատանքի և կոնկրետ արդյունքների վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հունվարի 5-ի նիստին վարչապետն ասաց, որ շատ երկար տարիների քննարկումներից հետո կայացրեցին այդ քաղաքական որոշումը:

«Կարծում եմ, արդարացված որոշում է: Ըստ էության, մենք պետք է արձանագրենք, որ այս որոշմամբ մենք ընդգծում ենք, որ առաջիկա տարիներին ավելի շատ պետք է կենտրոնանալ աշխատանքի և կոնկրետ արդյունքների վրա և ընդգծել, որ սրանով  մենք մեր քաղաքացիների հանգստի իրավունքը որևէ կերպ չենք նսեմացնում, որովհետև նախ օրենսդրությամբ սահմանված է 20 աշխատանքային օրվա արձակուրդ աշխատող քաղաքացիների համար, սրան գումարած մենք 12 օր ունենք ոչ աշխատանքային օր: Ուզում եմ ընդգծել, որ այս քաղաքականությունն անցողիկ չէ, մենք պետք է կյանքի այս ռեժիմին սովորենք, որովհետև մտադիր չենք որևէ փոփոխություններ անել: Ընդ որում, այս տարի կարծիք կար, որ հաջորդ օրերը ոչ աշխատանքային համարենք և այլն, բայց մենք մեր քաղաքական որոշումը կայացրել ենք և այսպես շարժվելու ենք առաջ»,- ընդգծեց վարչապետը:

ՀՀ ազգային ժողովը 2021-ի նոյեմբերին ընդունել էր կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որով Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատվել էին, ոչ աշխատանքային են մնացել դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը: