Գագիկ Ծառուկյան․ Ազգանվերը

Մհեր Արշակյան

Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքի հրավառության լույսերը դեռ հանգչում են։ Իսկ տորթը, ենթադրում եմ, դեռ մարսում են։

ԲՀԿ-ում զարմացած են՝ ի՞նչ է եղել, մասնավոր մարդու հարսանիք էր, չպսակվեի՞ն։ Որդի Ծառուկյանը թող պսակվեր քանի անգամ սիրտն ուզում է, թող պսակվեր օրը մի քանի անգամ։ Բայց ինչո՞ւ այսպիսի ճոխությամբ, կյանքի այդ ի՞նչ փորձությունից ես փախել, որ երջանկությունդ մտցնում ես ամբողջ հայ ժողովրդի աչքը։ 

Լսեք, իսկապես, մեր ի՞նչ գործն է խալխի հարսանիքը։ Դա ամենևին մեր գործը չէ, բայց ճիշտ այնպես, ինչպես Ծառուկյան Գագիկի ու իր որդու՝ Նվերի գործը չեն մեր խնդիրները, մեր պատերազմը, մեր զոհերը։ Որևէ մեկն այդ մարդուն տեղյակ պահե՞լ է, թե ինչ ժամանակներ են Հայաստանում։ 

Գագի՛կ Ծառուկյան, դու տեսե՞լ ես, թե ինչ է կատարվում երկրում։ Քո կողքին մեկը չկա՞ր, որ ասեր՝ մեծ մարդ ես, որդիդ կողքիդ է, արդեն իսկ տոնը ձեր տանն է, ի՞նչ հարսանիք, ա՛յ մարդ: Բայց հենց դրանով էլ նա Ծառուկյան Գագոն է, որ որդու կողքին լինելը դեռ նրա ողջ լինելու նշան չէ: 

Ո՞ւմ էր ուզում զարմացնել այդ մարդը։

Եթե ամեն ինչ դնենք մի կողմ, Ծառուկյանի ընտանիքն ի՞նչ է անելու այդ օրվա հետ, քնելո՞ւ է այդ հարսանիքի հետ, դրանով նպաստելո՞ւ են Հայաստանի բարգավաճմանը։

Ո՛չ։

Ծառուկյան Գագիկը ընդամենը ինքնակենսագրության սպիտակ էջերն է լրացնում՝ օլիգարխ դառամ, տղուս պսակիմ, Դուբայ գնացիմ և այլն։ Ու մի ամբողջ կուսակցություն է պահում, որ իր արած հիմարությունները սրբագրեն։

Հասկանո՞ւմ եք, էս մարդն անում է բաներ, որոնց առաջին պլանում էլի ինքն է։ Դուք կարծում եք որդո՞ւն է ամուսնացրել։

Ո՛չ։

Ամբողջ Հայաստանին պատմել է, թե ինչ փողերի հետ գործ ունի։ Ընդամենը։ Իսկ ինչո՞ւ ոչ ոք նրան չի ասում՝ ընկե՛ր, ժամանակներն այնպիսին չեն, որ Երևանի քթի տակ էդպիսի հարսանիք անես։

Չեն ասում, որովհետև ասողը Ծառուկյանի փողն է, փողն է ասում, թե ինչ է ուզում լսել Ծառուկյանն իր խորհրդատուից։ Ահա ինչու այդպիսի մի երջանիկ արարողություն էլ ավելի ընդգծեց Հայաստանի Հանրապետություն կոչվող պետության անպատմելի նվաստացվածությունը։ 

Ծառուկյանը ոչինչ չի լսել 44-օրյա պատերազմում մեր 4 հազարից ավելի զոհերի մասին, ոչինչ չի լսել գերիների մասին, մայրերի մասին, որոնք Եռաբլուրներից տուն չեն գնում:

Ծառուկյան Գագոն պիտի բոլորին ցույց տա, որ որդին կա, երջանիկ է ու ամուսնանում է: Հայաստանն այն օրին է, որ պարտվելն անգամ ոչինչ չի նշանակում, Ծառուկյան Գագոն անգամ այդ պարտությունը պիտի դարձնի իր անգրագիտության ու անմարդկայնության բեմահարթակ, միայն թե առանձնանա մյուսներից, որոնք փող չունեն:

Այս մարդը որդու հարսանիքով ստվերեց Եռաբլուրի «գույները», որտեղ նույնպես ծաղիկների պակաս չկար։ Ասում են՝ իսկ ի՞նչ կարող էր անել Նիկոլը:

Այլևս ոչինչ: 

Մենք չենք ասում, թե Նվեր Ծառուկյանը կարող էր սպասել ու չամուսնանալ, ոչ ոք չի ասում, թե կարող էիր ավելի համեստ հարսանիք անել, բայց եթե «Բարգավաճ Հայաստան» հնչեղ անունով կուսակցություն ունես, որը մասնակցում է ընտրությունների, որդուդ հարսանիքի վրա ծախսվող այդ 3 միլիոն դոլարը գուցե նվիրաբերեիր Արցախյան պատերազմում զոհվածների ու անհետ կորածների հիմնադրամի՞ն։

Նվիրաբերեիր, Կարլ։

Էնտեղ «նվեր» բառը կա։ Հընթացս քեզ կազատեիր քարոզարշավին մասնակցելուց։ Բայց հայ հարուստները հոգեկան հիվանդությանը հավասարազոր մի բարդույթ ունեն՝ ինչքան մարդիկ աղքատանում են, այնքան հարուստներն ավելի հարուստ երևալու գայթակղություն ունեն։

Իսկ նրանց ձեռքը բռնողն ո՞վ է։ 

Ծառուկյան Գագիկը պատերազմը չկանխելու հետևանք է, որովհետև նրա խրախճանքի դուռը բացվեց այն օրը, երբ ինչ-որ մեկն այստեղ մեծ-մեծ խոսում էր Տիգրան Մեծի ու «Արցախը Հայաստան է ու վերջ»-ի մասին:

Ալիևը միայն պտուղները քաղեց: Հեղափոխությունից 3 տարի հետո ի՞նչ է մնացել հեղափոխությունից՝ ոչինչ, ներառյալ՝ Արցախը և մեր տղաները: Եվ եթե այս ամենի համար պատասխան տվող չկա, մեզանից յուրաքանչյուրը դառնում է այդ հարսանիքին բաժակ բարձրացրածներից մեկը:

Մհեր Արշակյան

MediaLab.am