2022 թվականին արձանագրվել է պատմական ռեկորդ՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 925 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

Ամանոյան շնորհավորական խոսքում ՀՀ պետական եկամուտների նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է անցնող տարվա ձեռքբերումների մասին։ Բադասյանի ուղերձը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ գործընկերներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ:

Անցնող տարում, ավելացող մարտահրավերների պայմաններում, հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացը նոր լիցքեր է ստացել, նկատելի արդյունքներ են գրանցվել համակարգի արդիականացման, բյուջեի եկամուտների ապահովման, ընթացակարգային և կադրային բարեփոխումների, տնտեսության մեջ ստվերայնության մակարդակի նվազեցման, միջազգային համագործակցության ընդլայնման և բազմաթիվ այլ ուղղություններով: Առաջընթաց է գրանցվել հարկային մարմնի և հարկ վճարողների միջև երկխոսության զարգացման և հարկային կարգապահության մակարդակի բարձրացման գործում:

2022 թվականին արձանագրվել է պատմական ռեկորդ՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1 տրլն 925 մլրդ դրամ, հարկային եկամուտները գերակատարվել են ավելի քան 81 մլրդ դրամով։ Ավելացել է նաև եկամուտ ապահոված աշխատատեղերի ամսական միջին թվաքանակը: Այս ձեռքբերումները բոլորինս են, դրանք հնարավոր չէին լինի առանց Կոմիտեի յուրաքանչյուր աշխատակցի ներդման և ջանքերի: Արձանագրված արդյունքը նաև պարտավորեցնում է չգցել տեմպը և շարունակել նույն ոգով:

2022 թվականի կարևոր ձեռքբերումներից է մասնագիտական բարձր կարողություններով և բարեվարքության նորմերով առաջնորդվող պատասխանատու աշխատակիցների ներգրավումը: Կոմիտեի կազմակերպած դասընթացները հաջողությամբ հաղթահարած նոր որակի ավելի քան 160 ծառայողներ արդեն համալրել են մաքսային համակարգը։ Փորձառու և սկսնակ աշխատակիցները ձեռք ձեռքի տված համագործակցելու են՝ ի նպաստ համակարգի զարգացման և պետության առաջընթացի:

Մաքսային ծառայությունում իրականացված առանցքային բարեփոխումներից են նաև սահմանային անցակետերի էտալոնային մոդելների ներդրումը, նախնական հայտարարագրման համակարգի գործարկումը, մաքսային արժեքի որոշման մեթոդների հայտարարագրման ընթացակարգերի փոփոխությունը և մաքսային գործառնությունների բարելավումը: Անցնող տարում ծրագրել ենք ՊԵԿ Երևան քաղաքի արտաքին տնտեսական գործունեության և ՊԵԿ Հարավային արտաքին տնտեսական գործունեության կենտրոնների կառուցման, սահմանային անցակետերի արդիականացման և վերակառուցման ուղղություններով մեր հետագա անելիքները, որոնք ընթացք կստանան գալիք տարում: Համակարգի զարգացման և բարեփոխումների գործում մենք հավակնոտ ենք և վճռական:

2023 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսվել է 2 տրլն 301 մլրդ դրամ եկամուտներ: Այս աննախադեպ ցուցանիշն ապահովելու համար անհրաժեշտ է լինելու կատարելագործել մաքսային և հարկային ռիսկերի կառավարման համակարգերը` հսկողության ենթակա տնտեսավարող սուբյեկտների առավել թիրախային ընտրության նպատակով: Համակարգի առջև դրված խնդիրների լուծման համար պակաս կարևոր չեն նաև ենթակառուցվածքների արդիականացման և զարգացման, ընթացակարգերի առավել դյուրացման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, սահմանը հատող յուրաքանչյուր քաղաքացու և գործարարի համար ժամանակակից չափանիշներին համապատասխանող պայմանների ստեղծման ուղղությամբ քայլերի ակտիվացումը:

Կառույցի հաշվետվողականության ու թափանցիկության ապահովման նպատակով անհրաժեշտ է խորացնել ՊԵԿ-ի և հարկ վճարողների միջև երկխոսությունը, գույքագրել և լուծել ընթացակարգային կամ ցանկացած այլ բնույթի խնդիրները, շարունակել ստվերի դեմ անզիջում պայքարը:

Նոր տարում համակարգի կարևորագույն թիրախներից է լինելու ՊԵԿ աշխատակիցների մասնագիտական կարողությունների ընդլայնումը և մոտիվացիոն երաշխիքների համակարգերի ներդրումը, արդի մարտահրավերներին արդյունավետորեն արձագանքելու և դիմագրավելու կարողությունների ընդլայնումը, ոլորտում միջազգային լավագույն փորձի տեղայնացումը:

2023 թվականին կարևոր անելիքներ ունենք եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ: Միջազգային պրակտիկայում լայնորեն ընդունված այս համակարգն էապես կփոխի հարկային քաղաքականության տրամաբանությունն ու շեշտադրումները՝ առավել հասցեական դարձնելով պետության սոցիալական ծրագրերի իրականացումը:

Գալիք տարում անհրաժեշտ է իրավախախտումների դեմ պայքարը նոր բարձունքների հասցնել՝ զարգացնելով մաքսանենգության դեմ պայքարի գործիքակազմն ու հնարավորությունները: Մաքսային սահմանը պետք է դարձնել անտեսանելի պատնեշ, որին բախվելով կխորտակվեն բոլոր տեսակի հակաօրինական նկրտումները: Նախանշված բոլոր խնդիրների արդյունավետ և բարեհաջող լուծմամբ է պայմանավորված մեր երկրի տնտեսական անվտանգության ապահովումը:

Ցանկանում եմ, որ 2023 թվական մուտք գործենք պայծառ ապագայի նկատմամբ ամուր վստահությամբ: Համոզված եմ, որ մեր համակարգի առաքելության ճիշտ ընկալմամբ և համատեղ աշխատանքով հաջողությամբ կիրականացնենք բոլոր ծրագրերը:

Կրկին շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ առողջություն, երջանկություն, բեղուն աշխատանք և նորանոր ձեռքբերումներ: Խաղաղություն և բարօրություն ձեր ընտանիքներին և մեր Հայրենիքին»: