«Հայաստանը չէր կարող արգելել ադրբեջանական օդանավին մուտք գործել ՀՀ օդային տարածք. բաց երկնքի քաղաքականությունն է այդպես ստիպում». ավիացիոն փորձագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը

– Պարո՛ն Խաչատրյան, այս գիշեր «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը ներքին թռիչք է իրականացրել Հայաստանի օդային տարածքով՝ Բաքու-Նախիջևան-Բաքու: Դուք երկար տարիներ ոլորտում աշխատել եք և գիտեք՝ թույլատրվա՞ծ թռիչք էր սա: Հիմա շատ են խոսում, թե ՀՀ իշխանությունները Հայաստանի օդային տարածքը Ադրբեջանի համար բացել են, արդյոք դա փա՞կ է եղել:

– Ո՛չ, դա փակ չի եղել, որ հիմա էլ բացվել է: 2013-ի հոկտեմբերի 23-ից Հայաստանը ընդունեց բաց երկնքի քաղաքականությունը, որն առաջարկում էր Եվրոպական միությունը: ԵՄ բոլոր տարածքներում գործում է բաց երկնքի քաղաքականությունը, ինչը ենթադրում է, որ թռիչքներ իրականացնելիս ավիաընկերությունները ազատվում են նախկինում գործող բյուրոկրատական քաշքշուկներից: 

Այսինքն՝ եթե միջպետական օդային ծառայությունների մասին պայմանագրերով էին իրականացվում թռիչքներ, ապա այժմ գործում է բաց երկնքի քաղաքականությունը, և չվերթերի համար այլևս թույլտվություն չի պահանջվում: Այս քաղաքականությունը գործում է 2013-ի հոկտեմբերից, և մեր պետությունը այդ ժամանակներից սկսած բոլորին թույլ է տալիս թռիչքներ իրականացնել:

– Դա կարող էր վերաբերել նաև Ադրբեջանի՞ն:

– Այո՛, այո՛: Մենք այն ժամանակ հանդիպեցինք նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, բացատրեցինք, որ այս քաղաքականությունը սխալ է, պետք է հաշվի առնել, թե ինչ տարածաշրջանում է գտնվում Հայաստանը, ովքեր են մեր հարևանները: Այն ժամանակ դեռ կառավարության ծրագրերում չկար կոմունիկացիաների բացման քաղաքականությունը: Բայց անգամ այդ ժամանակ մեզ ասացին՝ ո՛չ, հիմնական շահառուն ՀՀ քաղաքացին է, որը կարող է էժան ավիատոմսեր ձեռք բերել, և մեզ ասացին, որ բաց երկնքի քաղաքականությունը Հայաստանին անհրաժեշտ է օդ ու ջրի պես:

– Պարո՛ն Խաչատրյան, այսինքն՝ խնդիր չի եղել ադրբեջանական ավիաընկերության համար անցնել ՀՀ օդային տարածքով, մենք ո՛չ փակել ենք նրանց համար օդային տարածքը, ո՛չ իրենք են մեզ համար փակում, և նույն սկզբունքով մեր օդանավերը կարող են անցնել նրանց օդային տարածքո՞վ:

– Ո՛չ չենք փակել, այո՛, կարող են անցնել: Բայց ձեզ ասեմ՝ բաց երկնքի քաղաքականությունն ընդունելուց հետո Ադրբեջանն ինքը իր կամքով հրաժարվեց Հայաստանի օդային տարածքի վրայով թռչել: Ինչո՞ւ: Որովհետև որևէ երկրի օդային տարածքը նշված երկրի ինքնիշխան տարածքն է, և եթե որևէ մեկը ոտնահարի և առանց ասելու փորձի անցնել այդ տարածքը կամ սահմանը, ապա անմիջապես ռազմաօդային ուժերը կիջեցնեն այդ օդանավը, և հատուկ միջոցներով կզննվի այն: Սա այն դեպքում, եթե արգելված լիներ այդ ընկերության մուտքը ՀՀ օդային տարածք:

Իսկ բաց երկնքի քաղաքականությունն ընդամենը ասում է, որ եթե դու ուղևորափոխադրում կամ բեռնափոխադրում իրականացնող ավիաընկերություն ես, կարող ես հայտ ներկայացնել, որպեսզի քո մասին տեղյակ լինեն ավիացիոն իշխանությունները: Ընդամենը դա: Ոչ մեկը չի կարող փաստաթուղթ պահանջել, ոչ մեկը չի կարող արգելել, քանի որ բաց երկնքի քաղաքականությունն է նման բան պահանջում: Այդ կանոնները մենք ընդունել ենք ես կասեի՝ պարտադրված:

– Իսկ ունե՞ր Հայաստանն այլընտրանք:

– Ես կարծում եմ՝ այո՛, ուներ Հայաստանն այլընտրանք: Դա կարելի էր մասնակի չեղարկել երկու երկրների համար:

– Նկատի ունեք Ադրբեջանի և Թուրքիայի՞:

– Այո՛, նկատի ունեմ հենց նրանց, քանի որ պատերազմը ցույց տվեց, որ հենց այդպես պետք է լինի: Եվրոպան մեզ չաջակցեց՝ հայտարարելով, թե ըմբռնումով է մոտենում, խոր մտահոգված են և այլն: Թող իրենք նման իրավիճակում շարունակեն մնալ, բայց մենք փակենք մեր օդային սահմանը այն երկրների համար, ովքեր տարան ու կոտորեցին մեր երեխեքին: 

Հետագա քայլերը կառավարության և Ազգային ժողովի որոշելիքն է: Կառավարությունը պետք է հստակ ձևով հայրենասիրություն ցուցաբերի և դիմում ուղարկի ԱԺ՝ պահանջելով միակողմանիորեն չեղյալ հայտարարել բաց երկնքի քաղաքականությունը նշված երկու երկրների համար: Պատճառը շատ պարզ է՝ այդ երկրները սանձազերծել են պատերազմ:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am