Հայկական կողմը փորձում է գերիների հարցը ՄԻԵԴ-ից տեղափոխել Նախարարների կոմիտե․ Ադրբեջանի համար քաղաքական հետևանքներ կարող են լինել․ Կիրակոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը

Պարո՛ն Կիրակոսյան, ադրբեջանական կողմը ձգձգում է հայ գերիների հանձնման գործընթացը։ Ադրբեջանի նախագահն օրերս հայտարարեց, թե իրենց մոտ գտնվող գերիների մի մասը ռազմագերիներ չեն, «ահաբեկիչներ» են։ ՄԻԵԴ շրջանակում հայկական կողմը ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել։ 

– Իրականում այդ հայտարարությունը որևէ ողջամիտ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Պարզ է՝ Ադրբեջանի իշխանությունները միշտ փորձելու են տարբեր կերպ խոչընդոտներ ստեղծել, պիտակավորել, դա նրանց գործելաոճն է եղել բավական երկար ժամանակ, բայց որևէ իրավական տրամաբանության մեջ այդ հայտարարությունը չի տեղավորվում, աբսուրդի ժանրից է։ 

Եվ պարզ է, որ այդ պարտավորությունը հստակ առկա է թե՛ միջազգային մարդասիրական իրավունքի տրամաբանության, թե՛ Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում, որ Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել իր իշխանության տակ անցած անձանց։ 

Իսկ այն ժամանակահատվածում, երբ անձը գտնվում է իրենց իշխանության ներքո, առնվազն պետք է ձեռնպահ մնալ որևէ ոտնձգություն իրականացնելուց անվտանգության, կյանքի և այլ պաշտպանվող արժեքների դեմ։ 

Քայլերը հետևյալն են՝ Եվրոպական դատարանը կոնկրետ ընթացակարգ չունի, բայց պարզ է, որ մենք այս հայտարարության հետ կապված մեր առարկություններն ու դիտարկումները պատրաստում ենք։ 

Եվ առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում դրանք կներկայացնենք Եվրոպական դատարան՝ մեր անհանգստությունը հայտնելու և խնդիրը բարձրացնելու, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն այդ ուղղությամբ։

Այսինքն՝ ՄԻԵԴ-ն իրավասո՞ւ է տվյալ դեպքում միջոցներ ձեռնարկել։

– Ամեն դեպքում կփորձենք, որովհետև դատարանի շրջանակում Ադրբեջանի պարտավորությունը կոնկրետ գերիների մասով հետևյալն է. նախևառաջ պետք է տրամադրվի տեղեկատվություն անձանց պահման պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ, ինչպես նաև պարտավորեցնում է Ադրբեջանին տեղեկացնել, թե առաջիկայում ինչ քայլեր է ձեռնարկում գերիների փոխանակման ուղղությամբ։ Բայց ամեն դեպքում կփորձենք հենց այդ ուղղությամբ էլ խնդրանք ուղարկել դատարանին։

Իսկ գերիների փոխանակման գործընթացը միտումնավոր ձգձգելու դեպքում ի՞նչ քայլեր կարող է անել հայկական կողմը։

– Այն գործիքը, որը ես պատկերացնում եմ Եվրոպական դատարանի կանոններից ու կոնվենցիայից բխող, իրականում արդեն վաղուց խնդրել ենք աշխատեցնել։ Դա այն է, որ պետք է փորձենք հարցը տեղափոխել քաղաքական մարմին։ 

Մասնավորապես, հարցը դատարանից Նախարարների կոմիտե պետք է տեղափոխվի, որը Եվրոպայի խորհրդի որոշում կայացնող մարմինն է, և այնտեղ ավելի առարկայական պետք է քննարկվի Ադրբեջանի կողմից դատարանի պահանջները չկատարելու հարցը։ 

Իրականում, կարելի է ասել, դատարանի պահանջները սիստեմատիկ ու համակարգված կերպով չկատարելու մասին է խոսքը։ 

Ի՞նչ պատասխանատվության միջոցներ կարող են այդ դեպքում սահմանվել Ադրբեջանի նկատմամբ։

– Դա կոնվենցիայի խախտում է ենթադրում, որովհետև դատարանը նույնիսկ իր հետագա նամակագրության մեջ և այլ որոշումներում անընդհատ Ադրբեջանին նախազգուշացնում է, որ կա կոնվենցիայի խախտում, ինչը, իմ կարծիքով, Ադրբեջանը վաղուց բազմիցս խախտել է։ Իսկ ավելի հեռու գնացող հետևանքները քաղաքական հետևանքները կարող են լինել պետության համար։ 

Դրա համար եմ ասում, որ պետք է այդ հարցը տեղափոխվի Նախարարների կոմիտե՝ ավելի առարկայական քննարկելու համար։ Պետք է փորձել հնարավորինս ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ պարտավորությունները կատարելու համար։

Այս խնդրանքով մենք ավելի քան մեկ ու կես ամիս է՝ դիմել ենք դատարան։ Դեռ ընթացք չի տրվել։ Բայց հիմա նորից ենք խնդրելու, մի քանի օր առաջ՝ հունվարի 3-ին, ուղարկված մեր նամակում ևս պնդել ենք։ Կփորձենք այդ քայլերն ավելի ինտենսիվացնել առաջիկա օրերին, որպեսզի փորձենք հնարավոր մեխանիզմներն աշխատեցնել։

Երբ Ադրբեջանը «հանցագործ» կամ «ահաբեկիչ» է որակում հայ ռազմագերիներին, արդյոք դա հի՞մք է տալիս չվերադարձնել նրանց։ Միջազգային նորմն ի՞նչ է ասում։

– Ես կարծում եմ՝ նրանք դրանով իրենց համար արդարացում են փորձում ստեղծել, որ իբր այդ մարդիկ ինչ-որ հանցանքի համար են բռնվել։ Բայց դա աբսուրդ է։ Իրականում ակնհայտ է, որ նրանք փորձում են ինչ-որ պատճառաբանություններ ստեղծել իրենց համար։ Բայց միջազգային իրավական պարտավորությունները, որոնք նաև Ադրբեջանն է ստանձնել, պարտավորեցնում են նրան այդ մարդկանց վերադարձնել կամ հանձնել Հայաստանի Հանրապետությանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am