«Մա՛յր իմ սիրելի, շատ մի՛ մտածիր, որդիդ պահում է հողը հայրենի». 19-ամյա Ղազարը զոհվել է Մատաղիսում

22-ամյա Էլեն Սարուխանյանը հուզմունքով ասում է, որ ապրելով Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղում՝ հաճախ է կրակոցների ձայներ լսել, գիտի՝ ինչ է պատերազմը, բայց որ 44-օրյա պատերազմի հետևանքով միակ եղբորը կկորցներ, մտքով անգամ չէր անցնում։

«Երջանիկ էինք իրարով, հույսեր ունեինք, որ Ղազարը բանակից կգար, ամեն ինչ էլ ավելի լավ կլիներ, բայց գլխիվայր շրջվեց․․․»- ցավով ասում է Էլենը։

Էլենի եղբայրը՝ 19-ամյա Ղազար Սարուխանյանը, ժամկետային ծառայության էր Մատաղիսում, երբ սկսվեց պատերազմը։

Ղազարը մինչև հոկտեմբերի 10-ը կռվել է հակառակորդի դեմ, հոկտեմբերի 10-ին արկի պայթյունից բեկորային մի քանի վնասվածք է ստացել և զոհվել։

Էլենը պատմում է, որ վերջին անգամ եղբոր հետ կապ են հաստատել դեպքից երկու օր առաջ՝ հոկտեմբերի 8-ին։ Ղազարն ասել է՝ ամեն ինչ լավ է։ 

«Քանի որ Ղազարը երեք օրը մեկ էր զանգում, մտածում էինք՝ մի քանի օրից էլի կզանգի։ Չէինք մտածում՝ նման դեպք պատահած կլինի։ Հոկտեմբերի 12-ին զանգեցին, ասեցին՝ դեպք ա եղել»։

Քույրն ասում է՝ եղբոր զոհվելու մասին իմանալու օրվանից գիշերն ու ցերեկը խառնվել են, կյանքի գույները՝ խամրել․ «Ամեն ինչի մեջ հավեսը, համն ու հոտը կորել են։ Տան միակ տղան էր, մենակ եմ մնացել, ոչ քույր ունեմ, ոչ եղբայր»։

Ղազար Սարուխանյանը ծնողների և քրոջ հետ։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

Քույրն ասում է՝ Ղազարը համեստ էր, կարգապահ, պատասխանատու, լավատես էր, հույսը երբեք չէր կորցնում, անգամ պատերազմի ժամանակ զանգում էր ու կատակներ անում մարտի դաշտից։ 

Էլենն ասում է՝ շատ կապված էին իրար հետ։

«Իմ համար միայն եղբայր չէր, ընկեր էր, ծնող, հենարան, թիկունք։ Ցանկացած հարցով կարայի վստահեի, դիմեի, ինձնից փոքր էր, բայց ես իրանից դեռ շատ բան ունեի սովորելու»,- ասում է Էլենը։

Էլենը պատմում է, որ 2017 թ․-ից ինքը, ապա 2018-ին եղբայրը գյուղից տեղափոխվել էին Երևան։ Ղազարը սննդի կետում աշխատանքի էր անցել, նպատակ ուներ բանակից գալուց հետո տուն գնել Երևանում։

«Ասում էր՝ գնամ բանակ, գամ, կպնեմ գործի, տուն առնենք։ Ասում էր՝ մինչև տուն չառնենք, քեզ չեմ պսակելու»,- հիշում է եղբոր խոսքը Էլենը և հուզվում:

Ղազարն ազատ ժամանակ սիրում էր ստեղծագործել՝ նկարում էր, երգում, բանաստեղծություններ գրում։ Քույրն ասում է՝ եղբայրը հայրենասիրական երգեր էր սիրում, ծառայության ժամանակ արված նկարներում էլ գյուղի սարն էր, գյուղ մտնող ճանապարհը, բանաստեղծություններն էլ նվիրված էին զինվորին, մորը, Մատաղիսին։

Զինվոր

Որդին կանգնած է պոստում մութ ցրտին,

Մայրն աղոթում է՝ արցունքը աչքին,

Որ իր մինուճար ու անգին բալին

Չդիպչի հանկարծ փամփուշտը մարմնին:

Իսկ որդին պոստում՝ իր զենքը ձեռքին,

Մտովի տանն է՝ իր թանկ մոր կողքին,

Ու անց են կացնում օրերը այդպես,

Մինչև գա ամառ 2021,

Որ ողջ ու առողջ տուն վերադառնա 

Ու ծնողների ջերմությունն զգա։

Մորս

Մա՛յր իմ սիրելի, 

Շատ մի՛ մտածիր,

Որդիդ պահում է

Հողը հայրենի,

Ու կանցնի շատ շուտ 

Այս երկու տարին, 

Տուն կգամ բարով՝ 

Խոստմանս հավատարիմ։

Մատաղիս 

Մեծ Ղարաբաղի փոքր անկյունում, 

Խոր ձորերի մեջ՝ լեռներով պատված,

Գյուղ կա մի փոքրիկ՝ Մատաղիս կոչվող,

Անամպ երկնքով, խաղաղ թվացող։

Բայց և անհանգիստ 

Թե՛ փամփուշտների սուլոցի ձայնից

Եվ թե՛ արկերի զիլ դղրդոցից։

Փոքր է գյուղը, պատմությունն է մեծ,

Մեծ ու դարավոր 

Հարյուրամյակով պատերազմ տված

Ու ամեն մարտում հաղթանակ տոնած,

Բայց հոգու խորքում արցունքը պահած՝

Զոհված քաջերի կորցրած արյան 

Ու կյանքի համար։

Այն կյանքի համար, որ չեն խնայել

Ու հենց դրանով ողջ ազգն են պահել։

Քույրն ասում է՝ ամեն վայրկյան, ամեն պահ եղբոր հուշերով են ապրում, նրա ներկայությունը զգում, չեն հաշտվում կատարվածի հետ։ Ասում է՝ ամեն ինչ կտար, որ եղբայրը, թեկուզ վիրավոր, տուն գար։

«Հիշում եմ՝ պատերազմի ժամանակ զանգել էր, իր մանկության ընկերը վիրավորվել էր, կորցրել էր տեսողությունը, պատմեցի, սկզբում լռեց, հետո ասեց՝ լա՛վ, Էլե՛ն, կարևորը՝ ողջ ա, մարդիկ կան` երկու աչքը վրաններն ա, բայց կենդանի չեն… Նման արտահայտություն արեց, ի՛նչ իմանայինք՝ իրեն էլ էր նույն ճակատագիրը սպասում։ Կուզեինք՝ թեկուզ մի ոտքով, մի աչքով, բայց տուն գար»,- մորմոքով ասում է քույրը։

Ղազար Սարուխանյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Արփինե Արզումանյան

MediaLab.am