«Պատրիարքի այցը գուցե թարմացնի Մայր Աթոռի և Երուսաղեմի Աթոռի հարաբերությունները». ինչո՞ւ է Պոլսի պատրիարքը այցելում Երուսաղեմ

Հունվարի 17-ին Կ. Պոլսո Հայոց Սահակ Բ. Պատրիարքը այցելելու է Երուսաղեմ, հանդիպելու է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոսի հետ: Տասնյակ տարիներ անց սա Պոլսից առաջին պատրիարքական այցն է Երուսաղեմ:

Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը «Մեդիալաբին» տեղեկացրեց, որ Պատրիարքի այցը ուխտագնացություն է Երուսաղեմ:

«Մենք սուրբ երկրում Ծննդյան տոնը նշում ենք հին տոմարով, այսինքն՝ հունվարի 18-ին և 19-ին: Պատրիարքը ժամանում է Երուսաղեմ, որպեսզի մասնակցի Ծննդյան տոնին ու արարողություններին: Պարզ ուխտագնացություն է, Պատրիարք Սրբազանը՝ որպես Պոլսո Պատրիարք, առաջին անգամ պետք է այցելի Երուսաղեմ»,-«Մեդիալաբին» Երուսաղեմից փոխանցեց Հայր Կորյունը:

Հարցին, թե ինչ օրակարգով է Պատրիարքն այց կատարում Երուսաղեմ, Հայր Կորյունը պատասխանեց, որ հատուկ օրակարգ չկա, և Սահակ Բ. Պատրիարքը այցելում է որպես ուխտավոր:

«Նա գալիս է որպես պարզ ուխտավոր, հանդիպելու է Սրբազան Պատրիարքի հետ, հավանաբար ինչ-որ խոսելիք կունենան, բայց հատուկ օրակարգ չկա»,- հավելեց Հայր Կորյունը:

«Արևելքի» խմբագիր, «Առաջին լրատվականի» մեկնաբան, հրապարակախոս Սաքո Արեանը, որը իր հոդվածներում պարբերաբար անդրադառնում է Հայ Առաքելական Եկեղեցու Պատրիարքությունների գործունեությանը սփյուռքում, հակառակը, վստահ է՝ Կ. Պոլսո Հայոց Սահակ Բ. Պատրիարքի այցը Երուսաղեմ շատ կարևոր է ու նույնիսկ՝ պատմական:

«Այցը պատմական է. վաղուց Պոլսո պատմական Աթոռի պատրիարքը չէր եղել Երուսաղեմում, որովհետև նախկին պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը երկար տարիներ հիվանդ էր, և պատրիարք չունենալու հանգամանքով պայմանավորված՝ այդպիսի այց տեղի չէր ունեցել»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ներկայացրեց Արեանը:

Նա նկատեց, որ Կ. Պոլսի և Երուսաղեմի Պատրարքական Աթոռները պատմականորեն շատ սերտ են եղել, փոխանակել են միմյանց միաբաններին, հետևաբար այս այցը ու երկու պատրիարքների հանդիպումը նաև պատմական կապը շեշտադրելու համատեքստում է կարևոր:

«Սահակ Պատրիարքի ընտրությունից ի վեր նա փորձում է վերադարձնել պատրիարքական աթոռի նախկին դերն ու հմայքը: Չպետք է մոռանալ նաև, որ Երուսաղեմի Հայոց Աթոռը իրավականորեն շատ մեծ ոչ միայն եկեղեցական, այլ նաև օրգանական կապեր ունի Թուրքիայի հետ. մեծ թվով հողատարածքներ, կալվածքներ ունի Թուրքիայի տարածքում: Այս այցելությունը, անշուշտ, խթան է, որ երկու պատրիարքները նստեն ու խոսեն մեր Եկեղեցուն հուզող տարբեր խնդիրների շուրջ»,- նշեց հրապարակախոսը:

Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, նկատենք, Երուսաղեմի 97-րդ պատրիարք է ընտրվել 2013 թվականին և դեռևս 2014-ից տարաձայնությունների մեջ է Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր առաջնորդի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Հայտնի է Նուրհան արքեպիսկոպոսի հրապարակային նամակը Կաթողիկոսին, որում տարակուսանք էր հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհրդի հաղորդագրության կապակցությամբ: Նա Գերագույն հոգևոր խորհուրդը որակել էր «տխրահամբավ ժողով», իսկ Կաթողիկոսին մեղադրել արտաքինն ու նյութականը կարևորելու, հոգևորն անտեսելու համար:

Սաքո Արեանը, սակայն, հույս ունի, որ Երուսաղեմում սպասվող երկու բարձրաստիճան հոգևորականների հանդիպումը կարող է նպաստել, որ երկար տարիներ շարունակվող լուռ հակամարտությունը վերանա, և սառույցը հալչի:

«Վերջին տարիներին Նուրհան արքեպիսկոպոս Պատրիարքը մեկուսացած է մյուս նվիրապետական աթոռներից ու հատկապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Իմանալով Սահակ Պատրիարքին, նրա մարդկային նկարագիրը և նաև բարձր կապերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ, գուցե կարողանա դրական տեղաշարժ առաջացնել, որ իրարից հեռացած երկու Աթոռները վերաթարմացնեն իրենց հարաբերությունները: Ամեն դեպքում այս այցելությունը նաև համահայկական օրակարգով շատ կարևոր է, որովհետև նաև եկեղեցական կտրվածքով ներքին երկխոսությունը մեզ համար շատ կարևոր է»,- ընդգծեց Սաքո Արեանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am