COVID-19. Կարանտինից մինչև խիստ վերահսկողություն ինքնամեկուսացվածների նկատմամբ . ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝ COVID-2019-ով վարակվել է 231 հազար 362 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվը 9 հազար 391 է, ապաքինվել է 86 հազար 261 անձ։ Կորոնավիրուսը տարածում է գտել աշխարհի 177 երկրներում և տարածքներում։

Պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացում ՌԴ-ում

Արտասահմանից Ռուսաստան ժամանած բոլոր անձինք պարտադիր երկու շաբաթով կինքնամեկուսացվեն՝ սկսած ժամանման օրվանից: Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալի տեղեկացմամբ՝ մեկուսացումը կիրականացվի տնային պայմաններում, եթե այդպիսի հնարավորություն կա, հակառակ դեպքում՝ քաղաքացիները կտեղակայվեն ժամանակավոր հաստատությունում: Նահանգապետներին հրահանգ է տրվել համակարգել կարանտինի ապահովման գործընթացը, և ամենօրյա ռեժիմով տրամադրել տեղեկատվություն: Դրանից բացի, մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները, անհրաժեշտության դեպքում, կստանան սոցիալական աջակցություն: Ռուսաստան վերադարածները պարտավորվում են տարածքային մարմինների «թեժ գիծ» հեռախոսահամարներով կապի մեջ լինել և տեղեկություն տրամադրել իրենց վերադարձի ու արտերկրում գտնվելու ժամկետների մասին:

Ռուսաստանում արձանագրվել է վարակվածության 199 դեպք, մեկ մարդ մահացել է մարտի 19-ին:

Կորոնավիրուսը՝ թագավարակ

Մոնակոյի արքայազն Ալբերը վարակվել է կորոնավիրուսով, թեստը դրական պատասխան է տվել: Թագավորական պալատի տարածած հաղորդագրության համաձայն՝ նրա առողջական վիճակի հետ կապված անհանգստության առիթ չկա: Արքայազնը շարունակում է աշխատել իր առանձնատնից:

Վիճակագրություն Իտալիայից

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 41 հազար 035-ի: Երկրում վիրուսից ապաքինվել է 4 440 մարդ: 14363 անձ կորոնավիրուսի ախտանիշներով բժշկական հաստատություններում է, ևս 12090 հոգի՝ տնային մեկուսացման մեջ: Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3,405 քաղաքացի:

Ռումինիայում կարանտինի մեջ է 3822 մարդ, 33709-ը տանն է՝ ինքնամեկուսացման մեջ

Ռումինիայում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 17 քաղաքացու մոտ, այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 277-ի:  Ռումինիայի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերն արձանագրվել են 19-67 տարեկան անձանց շրջանում: Պացիենտների ընդհանուր վիճակը լավ է: Ռումինիայի տարածքում կարանտինի մեջ է 3822 մարդ, 33709-ը տանն է՝ ինքնամեկուսացման մեջ կամ բժիշկների հսկողության տակ: Երկրում կորոնավիրուսի 4973 թեստավորում է կատարվել, որոնցից 4696-ով կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Հնդկաստանում COVID-2019 է հայտնաբերվել ևս 28 հոգու մոտ

Հնդկաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 197-ի: Այս մասին հայտնում է Հնդկաստանի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը: Ըստ գերատեսչության տվյալների՝ Հնդկաստանի՝ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը 148 է, երկրում գտնվող օտարերկրացիներինը՝ 20, վարակից բուժվածները 20 հոգի են, իսկ վիրուսի հետևանքով մահացել է 4 անձ:

Կորոնավիրուս է հայտնաբերվել Ֆրանսիայից Ուզբեկստան ժամանած մի քաղաքացու մոտ

Ուզբեկստանում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 5 քաղաքացու մոտ, այսպիսով՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 23-ի: Ուզբեսկտանի Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը հայտնել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել Ֆրանսիայից Ուզբեկստան ժամանած մի քաղաքացու մոտ, վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով վարակվել են նաև նրա երեք հարազատները: Նոր տեսակի կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Ստամբուլից և Լոնդոնից Ուզբեկստան ժամանած երկու քաղաքացու մոտ: Վարակված բոլոր 5 քաղաքացիները գտնվում են բժիշկների խիստ հսկողության ներքո: