Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» ֆիլմը թեև դեռևս էկրան չի բարձրացել, սական կինոնկարի պաշտոնական թրեյլերը, որը մեծ ակտիվությամբ գովազդվում էր հեռուստատեսությամբ, արդեն իսկ բուռն քննարկումների տեղիք է տվել:
Թեև մի քանի օր է, ինչ շրջանառության մեջ է դրվել երկրորդ պաշտոնական թրեյլերը, որում բացակայում են թևավոր խոսքերը, սակայն քննարկումներն ու խոսակցությունները, միևնույն է, չեն դադարում:
Խոսքն այս դեպքում վերաբերում է, մասնավորապես, Նժդեհի կերպարը մարմնավորած առաջին թրեյլերում Արտաշես Ալեքսանյանի` «Յա Գարեգին Նժդեհ» խոսքին, որը շահարկումների և քննարկումների, ինչպես նաև «Ֆեյսբուքում» հատուկ խումբ ստեղծելու առիթ է հանդիսացել, ուր տարբեր հերոսներ տարբեր իրավիճակներում արտասանում են նույն արտահայտությունը:
«Առաջին անգամ եմ տեսնում աշխարհում, որ մի բանը չտեսած` ուզում են քննադատել»,- «Մեդիալաբին» ասում է PR մասնագետ Կարեն Քոչարյանը`հակադարձելով այն կարծիքին, թե չափից ավելի գովազդը հանգեցրել է հակագովազդի:
Ֆիլմում Գարեգին Նժդեհին մարմնավորած գլխավոր դերակատար Արտաշես Ալեքսանյանը, ստեղծված իրավիճակից վրդովված և զարմացած, հարց է ուղղում՝ ինչպե՞ս կարելի է առանց ֆիլմը դիտելու գովազդի միջոցով դատողություններ անել:
«Ես մի բան կարող եմ ասել՝ թուրք ազերիներն իրենց մարդասպանին դարձնում են հերոս, իսկ մերոնք իրենց հերոսին, իրենց մարգարեին դարձնում են ծաղրի առարկա: Թուրքից վերան ազգ ենք մենք»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է դերասանը:
Ալեքսանյանը կարծում է, որ ֆիլմը սխալ չի գովազդվել, իսկ այն ծաղրողները «կյանքում հաջողության չհասած մարդիկ են»: Նա ֆիլմի հանդեպ վատ տրամադրված անձանց հասցեին ասում է.
«Ես մեծ հաճույքով կլսեմ, թե այդ ասողներն ի´նչ են նկարում: Թող նկարեն, գործն անեն, գան խոսենք»,- ավելացրեց դերասանը:
Արտաշես Ալեքսանյանի խոսքով՝ 70 և ավելի տարիներ քարկոծվել է մարգարեն, չի թույլատրվել, որ ձայն բարձրացվի, որ խոսք գնա Գարեգին Նժդեհի մասին:
«Էսօր, երբ ֆիլմ է նկարվել, թափթփուկներն ուզում են քարկոծել Գարեգին Նժդեհին: Թեկուզ աշխարհի ամենավատ ֆիլմը լինի, դու, հա´յ մարդ, դու պարտավոր ես քո մարգարեին, դու պարտավոր ես քո արվեստը, մշակույթը բարձր պահել: Մարդասպանին հերոսի կոչում են տալիս, իսկ դուք էսօրվա օրով, այն դեպքում, որ տարիներ շարունակ չի թույլատրվել Նժդեհի մասին խոսել կամ նկարել, վերցնում եք ու սրբապղծությամբ եք զբաղվում»,- վրդովված նշեց դերասանը:
Նժդեհի դերակատարը ֆիլմը հաջողված է համարում: Նա ցանկանում է, որ մեր մյուս հերոսների մասին նույնպես այդ որակի ֆիլմեր նկարահանվեն:
Տեղեկացնենք, որ «Գարեգին Նժդեհ» ֆիլմարտադրողն Panarmenian films ընկերությունն է: Ֆիլմում նկարահանվել են Արտաշես Ալեքսանյանը, Խորեն Լևոնյանը, Շանթ Հովհաննիսյանը, Միխայիլ Եֆրեմովը, Չուլպան Խամատովան, Նազենի Հովհաննիսյանը և այլք: Ֆիլմի պաշտոնական թրեյլերի նկարագրության մեջ նշվում է, որ «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական կինոնկարը, պատմում է հայազգի պանծալի զավակ, սպարապետ Գարեգին Նժդեհի անցած ռազմական փառապանծ ու դժվարին ուղու մասին՝ ընդգրկելով զորավարի կյանքի հայտնի, ինչպես նաև ոչ այնքան լուսաբանված դրվագները:
Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է հունվարի 28-ին`«Մոսկվա» կինոթատրոնում:
«Մեդիալաբը» փորձեց ոլորտի մասնագետներից պարզել՝ ո՞րն է պատճառը, որ ֆիլմը դեռ չդիտած՝ շատերի մեջ արդեն իսկ բացասական վերաբերմունք է առաջացել:
Ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանը «Մեդիալաբին» ասաց, որ խնդիրը խորքային արմատներ ունի:
«Մշակութային ցածր մակարդակ, արվեստի նկատմամբ գրեթե զրոյական վերաբերմունք, մեդիաներով քարոզվող բացահայտ խոտան, պրոֆեսիոնալ մասնագետների միկրոներգրավվածություն և շատ այլ բարդ խնդիրներ` այս ամենը կարող է հունից հանել մարդկանց, որոնց անդադար սնում են ցածրորակ արտադրանքով»,- ասաց Ադամյանը:
Ինչ վերաբերում է ֆիլմին, ապա դերասանը նշեց, որ չի ուզում խոսել այդ մասին, քանի որ այն չի դիտել:
«Ազնվորեն խոստովանեմ՝ չեմ էլ պատրաստվում նայել: Միայն ասեմ, որ այն մեքենան, որը ձեռնամուխ է եղել Գարեգին Նժդեհի՝ լուրջ հայորդու մասին ֆիլմի նկարահանմանը, ի սկզբանե իրար է խառնել հակադիր բաներ՝ «շոու-բիզնես» մեքենայի պարտադրանքի ու խրախճանքի մեխանիզմը և ազգային արժեքը»,- ընդգծեց Աշոտ Ադամյանը:
Դերասան Ազատ Գասպարյանը «Մեդիալաբի» հետ զրույցում ևս նշեց, որ ֆիլմը դեռ չդիտած` չի ցանկանում մեկնաբանություն անել:
Այնուամենայնիվ նա հասարակությանը կոչ արեց՝ Գարեգին Նժդեհի անունը լսելիս պետք է մի քիչ զուսպ լինենք, հպարտ լինենք:
«Եթե աշխատանք է տարված, նայենք` նոր խոսենք: Որքան էլ այն չլինի ինչ որ մեր սրտով էր, պիտի մի քիչ զուսպ լինենք, ներողամիտ լինենք: Առաջին գործն է, որ արվում է Գարեգին Նժդեհի մասին, հնարավոր է` թույլ լինի: Հետո ուժեղ կլինի, ոչինչ: Ռուսներն իրենց հերոսների մասին մի քանի ֆիլմեր փչացնելուց հետո նոր ստացան այն, ինչ պետք էր: Մեր առաջին փորձն է, ես չգիտեմ՝ ինչ է, կուզեմ, որ լավ լինի, բայց կանխակալ այդպիսի կարծիք հայտնելը վայել չէ մեզ, ճիշտ չէ»,- ասաց Ազատ Գասպարյանը:
Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը խորհուրդ է տալիս՝ մենք պետք է սովորենք ընդհանրապես ծիծաղել մեզ վրա և հումորին նորմալ վերաբերվել: Ըստ նրա՝ հումորն էլ շատ առողջարար է, առավել ևս` պաթոսի հանդեպ: Իսկ ֆիլմի շուրջ ստեղծված այս իրավիճակը նա հումորային է համարում:
«Այդ հումորն անառիթ չէ իհարկե, պաթոսով է դա պայմանավորված, հումորը շատ լավ դեղամիջոց է պաթոսի դեմ: Ավելորդ պաթոսը կարող է բերել նման պահերի, որ լինի ծիծաղելի, մեկը` քիչ ծիծաղելի, մյուսը` շատ ծիծաղելի, մեկը` հաջող, մյուսը` անհաջող: Չեմ կարծում, թե դա ֆիլմի դեմ արված ինչ-որ բան է: Ընդամենը պաթոսային այդ կերպարի դեմ է, որն էլ ընդհանրապես Նժդեհի հետ, ինձ թվում է՝ կապ չունի: Ամենազավեշտալին դա է, որ Նժդեհի հետ են կապում: Ես ներողություն եմ խնդրում Նժդեհից, դա ընդհանրապես ծիծաղելի է»,- ասաց Էդգար Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է ֆիլմին, կինոռեժիսորը նշեց.
«Ֆիլմի մասին ամեն ինչ պարզ է: Ես հասկացել եմ, որ դա Հրաչ Քեշիշյան է, ի՞նչ պիտի հասկանամ, միանգամից պարզ է արդեն», -ասաց նա:
Ֆիլմի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը խոստացավ ավելի ուշ արձագանքել, սակայն այնուամենայնիվ խուսափեց «Մեդիալաբի» հարցերին պատասխանելուց:
© Medialab.am