«Մեզ բացատրել են հուշարձանի էությունը, մենք հավանության ենք արժանացրել, շատ լավն է, համապատասխանում է մեր սպասումներին». Սարգիս Քլոյան

Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանն արժանացել է զոհերի հարազատների հավանությանը, և քննադատություններն անտեղի են։ «Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասում է մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։

Օգոստոսի 28-ին Երևանի ավագանու մշակույթի հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն էին տվել մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը Երևանի Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորչի փողոցներով շրջապատված Մանկական այգում։

Երևանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը տեղեկացրել էր, որ բաց մրցույթում հաղթած բրոնզից և քարից հուշարձանը կոչվում է «Ազդեցություն և հակազդեցություն»: Արձանի հեղինակն է 2008 թվականի հետընտրական ցույցերի մասնակից, քանդակագործ Ալբերտ Վարդանյանը:

Քանդակի մասին վերջին օրերին քննարկումներ են ծավալվել։ Ոմանք պնդում են, որ «անճաշակ» քանդակ է, սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր էլ գրում են, որ հուշարձան տեղադրելու փոխարեն պետք է պատժել մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մեղավորներին։

Սարգիս Քլոյանն ասում է, որ այս քննադատություններն անտեղի են, իսկ հուշարձանը չի կոչվում «Ազդեցություն և հակազդեցություն», սխալ է մեկնաբանվում։

«Քննադատություններից մեկը վերաբերում է ազդեցություն-հակազդեցությանը, որը չի համապատասխանում իրականությանը, հուշարձանը կոչվում է Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան։ Ճիշտ է, սկզբում ճարտարապետն այդպես էր որոշել, բայց հիմա փոխվել է խորհրդանիշը։ Երկրորդ՝ քննադատում են նրանք, ովքեր հուշարձանից բան չեն հասկանում»,- «Մեդիալաբին» ասում է Սարգիս Քլոյանը։

Նրա խոսքով՝ մարտի 1-ի զոհերի հարազատների հետ ավելի վաղ Երևանի քաղաքապատերանում հանդիպում է կազմակերպվել, նրանց ծանոթացրել են հուշարձանի մակետին։

«Մեզ բացատրել են հուշարձանի ամբողջ էությունը։ Եվ մենք հավանության ենք արժանացրել, շատ լավն է, համապատասխանում է մեր սպասումներին։ Մենք սկզբից մինչև վերջ տեղյակ ենք եղել գործընթացին։ Շնորհակալ ենք ճարտարապետին, որ այդ մրցույթը շահել է»,- նշում է Քլոյանը։

Նա անդրադարձավ նաև հարցին, թե ինչ է խորհրդանշում հուշարձանը։

«Իրականում այս հուշարձանը խորհրդանշում է բռունցքներ և այն, որ մենք պայքարում ենք ազատության համար։ Այդ բռունցքներն արդեն ձուլվել են, շուտով Մոսկվայից կբերվեն Հայաստան։ Մյուս կողմից՝ ցույց է տրվում, թե ոնց է իշխանությունը զենքի ուժ գործադրում ընդդիմության դեմ, ինչի հետևանքով զոհեր ունեցանք։ Նաև խորհրդանշում է խաղաղություն։ Երբ ամբողջական պատկերը լինի, կտեսնեք, որ այնտեղ լույսեր են վառվում, դրանք խորհրդանշում են 10 զոհերին»,- ասում է նա։

Քլոյանը նաև հավելեց, որ հուշարձանի տեղադրման համար շատ ճիշտ վայր են ընտրել։ «Այնպես որ, ես կարծում եմ՝ այդ բոլոր քննադատություններն անտեղի են, չուզողներ շատ կան»,- նշում է նա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am