Քամալա Հարիսը չի բացառել, որ ապագայում կրկին կառաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում

ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի բացառում՝ ապագայում կրկին առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում։

Լոնդոնում տված իր առաջին հարցազրույցում Հարիսը նշել է, որ «հնարավոր է մի օր նախագահ դառնա» և վստահեցրել, որ ապագայում Սպիտակ տանը կնոջ կտեսնի։

Դոնալդ Թրամփին անցյալ տարվա ընտրություններում պարտվելուց հետո սա Հարիսի ամենակտրուկ ակնարկն է, որ կարող է 2028-ին նորից փորձել մտնել նախագահի մրցավազք։ Նա նաև անտեսել է հարցումները, որոնք նրան Դեմոկրատական կուսակցության առաջիկա թեկնածուների ցանկում երկրորդ պլան են մղում։

BBC-ի Sunday with Laura Kuenssberg հաղորդման ընթացքում Հարիսը անդրադարձել է նաև Թրամփին՝ նրան անվանելով «տիրան» և ընդգծելով, որ իր նախընտրական զգուշացումները նրա վարքի վերաբերյալ լիովին արդարացվել են։