ՀՀ վարչապետը ԵԱՀԿ ԽՎ նախագահին է ներկայացրել ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆելտի գլխավորած պատվիրակությանը:

Կառավարությունից տեղեկացնում են, որ վարչապետը կարևորել է ՀՀ խորհրդարանի և ԵԱՀԿ ԽՎ-ի միջև սերտ համագործակցությունն ու մշտական երկխոսությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և ընդգծել միջազգային հանրության կարևոր դերը դրանց արդյունավետ իրականացման գործում: Վարչապետը հավելել է, որ ժողովրդավարական սկզբունքների և ինստիտուտների զարգացումն ու ամրապնդումը շարունակելու է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում:

Մարգարետա Սեդերֆելտը բարձր է գնահատել ՀՀ խորհրդարանական պատվիրակության հետ փոխգործակցությունը և նշել վերջինիս ակտիվ գործունեությունը վեհաժողովում: Նա ողջունել է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումները և բարձր գնահատել 2021թ. միջազգային չափանիշներին համապատասխան արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: