«Գերմանիայում օգոստոսի 23-ից գործում է 2G և 3G կանոնը». Անահիտը Համբուրգից՝ COVID-19-ի և չպատվաստված անձանց սահմանափակումների մասին

«Գերմանիայում օգոստոսի 23-ին ընդունվեց 2G (geimpft-genesen) և 3G (geimpft-genesen-getestet) կանոնը։ 2G-ն նշանակում է, որ անձը պատվաստված է և առողջացած, իսկ 3G-ն՝ պատվաստված է, առողջացած կամ հանձնել է 24-ժամյա՝ հակամարմինների կամ 48-ժամյա ՊՇՌ թեստ»,- «Մեդիալաբին» ասում է Գերմանիայի Համբուրգ քաղաքի բնակիչ Անահիտ Պողոսյանը։

Նրա խոսքով՝ այսօր միայն 2G կամ 3G փաստաթուղթ ունեցողներն իրավունք ունեն ռեստորան, սրճարան, մարզասրահ և ցանկացած այլ փակ տարածք գնալու։ Ի դեպ, այդ հաստատությունների սեփականատերերն իրավունք ունեն որոշելու՝ ում մուտքը թույլատրել՝ 2G ունեցողների՞ն, թե՞ 3G:

Անահիտն արդեն հինգուկես տարի է՝ բնակվում է Համբուրգում, աշխատում է մանկապարտեզում։

«Արդեն քանի ամիս է՝ այստեղ արագ՝ հակամարմինների թեստը, որը տևում է 15 րոպե, քաղաքի ցանկացած կետում անվճար է, սակայն հոկտեմբերի 11-ից դառնալու է վճարովի։ Թեստը կարժենա մոտավորապես 12 եվրո։ Բացառություն է լինելու միայն այն մարդկանց համար, որոնց առողջական խնդիրների պատճառով հակացուցված է պատվաստվելը, նրանք կարող են թեստն անվճար հանձնել»,- «Մեդիալաբին» պատմում է Անահիտը։ 

83 մլն բնակչություն ունեցող Գերմանիայում COVID-19-ի տարածման պահից գրանցվել է վարակման 4.175.557 դեպք, իսկ մահացությունների թիվը 93.770 է։ 

Նա ասում է, որ վերջերս մտածում էին 3G կանոնը կիրառել նույնիսկ տրանսպորտում. 

«Մեզ մոտ պատվաստվածների և չպատվաստվածների առումով սահմանափակումները դեռ նոր են սկսել գործել, մոտ 1 ամիս կամ ավելի քիչ, այդ պատճառով մենք էլ դեռ մանրամասներ չգիտենք։ Իսկ մինչ այդ փակ է եղել գրեթե ամեն ինչ, մարդիկ իրավունք չունեին իրար հանդիպելու, փակ էին խանութները, բաց էին միայն սուպերմարկետներն և աշխատատեղերը»։

«Մոտ մեկ շաբաթ է՝ արդեն գործում է հետևյալ սահմանափակումը․ նրանք, ովքեր պատվաստված չեն, բայց վարակվում են քովիդով և աշխատանքի չեն գնում, աշխատավարձ չեն ստանալու, իսկ պատվաստվածները վարակվելու և աշխատանքի չհաճախելու դեպքում ստանալու են»,- ասում է նա։

Անահիտի խոսքով՝ Գերմանիայում պատվաստված քաղաքացիները չպատվաստվածների նկատմամբ վատ են տրամադրված և մտածում են՝ եթե բոլորը պատվաստվեն, համավարակը կավարտվի:

«Ես չեմ կարծում, որ բոլորի պատվաստվելու դեպքում համավարակը շատ արագ կվերանա։ Ես ինքս դեռ չեմ պատվաստվել, քանի որ չեմ վստահում պատվաստանյութերին»։

Անահիտն ասում է՝ քննարկվում է նաև այն, որ որոշ մասնագետների, օրինակ՝ մանկապարտեզների և ծերանոցների աշխատակիցների համար պատվաստումը հնարավոր է պարտադիր դառնա, թեև կարծում է, որ այդ մոտեցումը սխալ է, որովհետև եթե այն պարտադիր է, թող պարտադիր լինի բոլոր ոլորտների աշխատակիցների համար։

«Ես և իմ հայ ու գերմանացի շատ ծանոթներ, որ պատվաստված չեն, հիմնականում չենք գնում ռեստորան կամ այլ վայրեր, իսկ գնալու դեպքում ուշադիր ենք լինում, որ չվարակենք կամ չվարակվենք, իսկ այն մարդիկ, որոնք պատվաստված են, ազատ կարող են գնալ ուր կամենան»,- ասում է նա։

Նա նշում է, որ հասարակական վայր մտնելու համար սկանավորում են քովիդի բացասական թեստի կամ պատվաստված լինելը փաստող փաստաթղթի QR կոդը։ 

Անահիտն ասում է՝ այստեղ մարդիկ չեն մտածում, որ պատվաստվելու դեպքում անձը չիպավորվում է: Նրա կարծիքով՝ դա անհեթեթություն է։

Պատվաստումների կարևորության և կորոնավիրուսային վարակի մասին տեղեկությունները բնակչությունը Գերմանիայում, ինչպես նշում է Անահիտը, ստանում են ընտանեկան բժիշկներից։ 

Նրա խոսքով՝ երբ մարդիկ Գերմանիայում ինչ-որ տեղ են մտնում, նրանց պարտադրում են դիմակ կրել: 

«Մեր տարածքում՝ Շլեզվիգ-Հոլշտայնում, այն մարդիկ, որոնք պատվաստված են ու ունեն 3G-ն, իրավունք ունեն որոշելու՝ փակ տարածքում դիմակ կրե՞ն, թե՞ ոչ։ Բայց ես մտածում եմ, որ ամեն դեպքում դեռ արժի գոնե փակ տարածքում կրել, և ես ինքս ապահովության համար կրում եմ»։

Անցած շաբաթվա ընթացքում Գերմանիայում միջինում օրական կատարվել է շուրջ 194.373 պատվաստում։ Գերմանիայում բնակչության 63.4%-ը ամբողջությամբ պատվաստված է, իսկ 67.4%-ը՝ ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափը:

Մերի Մաթևոսյան

MediaLab.am