ՀԿ-ները պահանջում են կազմակերպել համազեկուցողների այցը

ՀԿ-ները պահանջում են կազմակերպել  համազեկուցողների այցը
ՀԿ-ները պահանջում են կազմակերպել համազեկուցողների այցը

Հայաստանյան մի շարք ՀԿ-ներ բաց նամակ են հղել միջազգային կառույցներին` պահանջելով անհապաղ Հայաստան ուղարկել ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի հայաստանյան հարցով համազեկուցողներին:
ԵԽ գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահին, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներին, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիային,  «Միջազգային ամնիստիա» կազմակերպությանը եւ Human Rights Watch կազմակերպությանը ուղղված նամակում տարակուսանք է հայտնվում համազեկուցողների այցի հերթական հետաձգման կապակցությամբ:
«Հայաստան կատարելիք այցի շուրջ ԵԽԽՎ-ի վերջին նստաշրջանի ընթացքում ծավալված քննարկումները եւ այցի հետաձգման պատճառաբանությունները ստիպում են մեզ կասկածել Մոնիտորինգի ընթացակարգի իմաստավորվածության եւ Հանձնաժողովի անաչառության վերաբերյալ»,-գրել են նամակի հեղինակները:

ՀԿ-ներն անընդունելի  են համարել ՀՀ իշխանությունների կողմից մոնիտորինգի գործընթացը անձնավորելու ճիգերը` կոչ անելով Հանձնաժողովին չենթարկվել ՀՀ իշխանությունների ճնշումներին եւ ներկայացնել համազեկուցողների այցն անհապաղ իրականացնելու պահանջ ու հասնել այդ պահանջի իրականացմանը:

Բաց նամակի տակ ստորագրել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Մենք պլյուս» ՀԿ-ն, «Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ-ն, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ն, Քաղաքական բանտարկյալների կանանց «Շահխաթուն» ՀԿ-ն:

© Medialab.am