«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Դիլբարյանը
– Տիկի՛ն Դիլբարյան, Աննա Հակոբյանը գալիք 2025 թվականը հայտարարում է կրթվելու տարի, արդեն իսկ սկսել է հանդիպումներ ունենալ «Կրթվելը նորաձև է» ակցիայի կամ ծրագրի շրջանակներում։ Ձեր գնահատականն եմ խնդրում այդ հանդիպումների ու նաև խորագրի վերաբերյալ։
– Ես համաձայն եմ, որ դա ավելի շուտ ակցիա է, քան՝ ծրագիր։ Այո՛, իսկապես արժի սկսել առաջինը ձևակերպումից, այսինքն՝ «Կրթվելը նորաձև է», այդ ձևակերպումն ինքնին նշանակում է, որ կրթության ընկալումը սխալ է, որովհետև կրթությունը չի կարող նորաձև լինել, նորաձև կարող են լինել սանրվածքը, հագուստը, բայց կրթությունը հավերժական է։
Սա, իհարկե, նախաձեռնություն է, բայց փիար նախաձեռնություն է, այսինքն՝ ակներև է, որ և՛ ձևաչափը, և՛ իրականացման գործիքները, բովանդակային նշված ուղենիշները վկայում են, որ սա պարզապես փիար ակցիա է։ Բայց փիար ակցիան նախևառաջ պետք է ճիշտ ձևակերպում ունենա, ու ամենամեծ սխալը գալիս է հենց այդ «նորաձև» բառից, որը ինքնին բացարձակ չի համապատասխանում «կրթություն» բառին, չի կարող բնորոշել այն ու նշանակում է, որ այդ ակցիան հռչակողները իրապես չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում կրթություն։ Որովհետև կրթությունն իրականում հավերժական, մշտակա է, ու շատ հետաքրքիր կլիներ, եթե իրենց այդ փիար նախաձեռնությունը կոչվեր «Կրթությունը հավերժական է», քանի որ մենք գիտենք, որ աշխարհում հիմա տարածվում են տարբեր կրթական ծրագրեր, որոնք ներառում են տարեց համարվող՝ 60-ն անց, 70-80-ն անց մարդկանց, ամբողջ աշխարհը գնում է այդ ճանապարհով։
Կրթությունը նորաձև չէ, կրթական ինչ-որ գործիքներ, օրինակ՝ էլեկտրոնային գրատախտակները կամ հեռավար մատուցման եղանակները կարող են լինել նոր, բայց ոչ նորաձև, իսկ կրթությունը հավերժական իրողություն է։ Բնականաբար, այդ բնորոշումն ինքնին սնանկ է դարձնում, իջեցնում է այս գործընթացի ազդեցությունը մարդկանց վրա ու իրոք նաև հեգնանքի պատճառ դառնում։ Եթե նկատել եք՝ այս նախաձեռնության հռչակումից ի վեր բարձրացել է ինչ-որ կատակների, ծաղրական ձևակերպումների քանակը, ու կարող ենք ասել, որ դրանք տրամաբանական են, ընդ որում՝ այդ ձևակերպումները հնչում են և՛ կրթության ոլորտի փորձագետների կողմից, և՛ կրթվողների, և՛ կրթողների։
Այդ հանդիպումները, իրենց կարծիքով՝ հանրային ճաշակ, գաղափարաբանություն ձևավորողների հետ, կատարվում են փակ ձևաչափով, դրանք չեն լուսաբանվում, մենք այդ հանդիպումներից տեսնում ենք ընդամենը կարճ տեսանյութեր։ Վերջին հանդիպումն էլ, որ տեղի ունեցավ ԵՊՀ-ում, ես տեղյակ էլ չեմ եղել, բայց ճշտեցի, որ նախաձեռնության հեղինակը հենց եղել է աշխարհագրության ֆակուլտետը, ու մենք տեսանք, թե ինչպես լրագրողը, որը փորձում էր տեղեկություն ստանալ, Աննա Հակոբյանը հայտարարեց, որ ինքը հարցազրույց չի տալիս։
Այսինքն՝ փակ ձևաչափը, երբ հանդիպումից հետո Աննա Հակոբյանի գրասենյակը ինչ-որ նյութեր ու հիմնականում ոչ թե գրավոր նյութեր, այսինքն՝ բովանդակությանը չվերաբերող նյութեր է սփռում, այլ միայն նկարներ է սփռում, հանրությունը չի հասկանում, ու փորձագետներն էլ չեն կարողանում կողմնորոշվել, թե որն է նպատակը։
Եթե նպատակն իսկապես կրթության հանդեպ վերաբերմունքի՝ ոչ միայն դրական, այլ նաև խորքային կրթություն ստանալու մտահոգությունն է, ապա դա պետք է բաց լիներ։ Նախաձեռնության հրավիրյալները, մասնակիցները պետք է արտահայտվեին, թե ինչն է իրենց մտահոգում կրթության համակարգում, ինչ բացեր ու խնդիրներ կան, ընդ որում՝ գիտենք, որ կրթությունը բազմամակարդակ է։ Այս ձևաչափով մենք այդպես էլ չենք հասկանում, թե կրթության հանդեպ ինչ վերաբերմունք ունի Աննա Հակոբյանը։
– Տիկի՛ն Դիլբարյան, տեսնում ենք, որ այդ հանդիպումներին չեն մասնակցում կրթության փորձագետներ, ոլորտում ակտիվ գործունեություն իրականացնող մարդիկ, այլ՝ սոցիալական ցանցերում շատ հետևորդներ ունեցողներ, բլոգերներ: Ինչու՞: Ինչպե՞ս են այդ հանդիպումները նպաստելու կրթության համակարգում առկա խնդիրների վերհանմանն ու դրանց լուծումներ գտնելուն:
– Դուք շատ ճիշտ նշեցիք, ու իմ նախորդ խոսքը, տեսեք՝ փակ ձևաչափը, երբ չի հնչում խոսքային ձևակերպում կրթության վերաբերյալ, նշանակում է, որ այդ նախաձեռնության նպատակը կրթության մակարդակի բարձրացումը չէ բոլորովին։ Երկրորդը՝ իրոք, եթե կրթության խնդիրները լինեին Աննա Հակոբյանի մտահոգության առարկան, նա պետք է դիմեր կրթության ոլորտի մասնագետներին, մարդկանց, որոնք ամեն օր բախվում են այդ դժվարություններին, փորձում են դրանք հաղթահարել, իսկ ինչպես մենք հրավիրյալներից տեսնում ենք, ավելի շատ Աննա Հակոբյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում է կազմակերպում բլոգերների կամ այնպիսի մարդկանց հետ, որոնք ունեն ինչ-որ լսարան, ու իր հիմնական նպատակն է այդ մարդկանց հետևորդների ձայները դարձնել ՔՊ-ինը, կարծես ձայնահավաք լինի, կողմնակիցների հավաք, ընդ որում՝ ակնհայտ քարոզարշավի նման, որովհետև իսկապես փորձում է ընտրել մարդկանց, որոնք որոշակի լսարան ունեն։
– Այսինքն՝ Աննա Հակոբյանը հիմա ՔՊ-ի համար համակիրների թվաքանա՞կ է փորձում ապահովել։
– Այո՛, որովհետև այս նախաձեռնությանը զուգահեռ, աղմկահարույց այն պաշտոնանկություններից հետո, նա իր մոտ հրավիրեց Գրիգոր Մինասյանի ու Կարեն Անդրեասյանի տիկնանց, նրանց նկարներն էլ հրապարակեց։ Վարչապետի տիկնոջ էջում կամ որևէ այլ տեղ չես տեսնի խոսքային գրահյուս, բովանդակություն, որից հասկանաս, թե այդ հանդիպման բուն նպատակը ո՛րն էր, կամ հանդիպման եկած մարդիկ ի՛նչ ասացին։ Ցուցադրվում են համր կինոյի տեսաշար, ինչ-որ դեմքեր, Աննա Հակոբյանը՝ ինչ-որ մի գրքով անպայման, որն առայժմ միայն Խորենացու Հայոց պատմությունն է։
– Ինչո՞ւ հենց այդ գիրքը։
– Կարծում եմ՝ «Երկիր Նաիրին» կորցնելուց հետո, ինքնաթիռում կորցրել էր, չէ՞, ու չէր կարողացել գտնել, ընտրվել են, երևի, հայկական ինքնության տեսանկյունից շատ հզոր կերպարներ, ու փորձ է արվում, իմ համոզմամբ, այդ կերպարների ստեղծածը այլ կերպ ներկայացնել։
– Տիկի՛ն Դիլբարյան, կհաջողվի՞ Աննա Հակոբյանին հասնել այն նպատակին, որն իրականում կա, ըստ ձեզ, թե կարող է բոլորովին հակառակ էֆեկտը ունենալ։
– Դատելով նախնական արձագանքներից ու արդյունքներից՝ կարող է բոլորովին հակառակ ազդեցությունն ունենալ։ Ես չեմ տեսնում, որ այդ հանդիպումները հանրային մեծ ընկալում ու ըմբռնում առաջացնեն, ընդհակառակը։ Կրկնում եմ՝ եթե Աննա Հակոբյանի բուն նպատակը կրթության որակի բարելավումն է, ապա նա պետք է առաջին հերթին զբաղվեր այն տարրական բացերը լրացնելու հարցերով, որոնք կան այսօր դպրոցներում։
Բազմաթիվ դպրոցներ չունեն դասագրքեր, ժամանակակից կրթություն ապահովող գործիքներ, սարքավորումներ, չկան տեխնիկական այն միջոցները, որոնցով իսկապես մենք պետք է ապահովեինք 21-րդ դարին համապատասխան կրթություն։ Ցանկացած իրեն հարգող երկիր, որ ուզում է ձևավորել կիրթ քաղաքացի, պետք է ունենա այդ դարաշրջանին բնորոշ կրթական գործիքներ, բայց մեզանում դա չի արվում, այսինքն՝ այս ամենը ձև է, որի բովանդակությունը բոլորովին այլ է, ինչպես ասացի, կարող է ընդամենը այդ ընտրական ձայնադարանին վերաբերել։
Աննա Հակոբյանի համար կարևորը ոչ թե այնքան «կրթություն» բառն է, այստեղ ամենասադրիչը «նորաձև» բառն է։ Այս ձևակերպումն անմիջապես մատնում է իրական նպատակը, որովհետև ի՞նչ ես հասկանում դու նորաձև կրթության ներքո, միայն ձև՞ը, եթե «նոր» բառն էլ հանենք, ապա կմնա միայն ձևը։ Իսկ ձևական կրթված մարդիկ շատ վտանգավոր են, չափազանց։ Գիտե՞ք, կիսագրագետ մարդիկ ընդհանրապես շատ ավելի վտանգավոր են։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am