Գերության փաստը պետք է հաստատված համարել տեսանյութի կամ լուսանկարի հրապարակման, ոչ թե Ադրբեջանի կողմից հաստատման պահից․ ՄԻՊ

Հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց գերության մեջ լինելը պետք է ֆիքսվի այն պահից, երբ, օրինակ, տեսանյութով կամ լուսանկարով պարզվում է, որ նրանք ադրբեջանական զինված ուժերի կամ այդ երկրի իշխանությունների վերահսկողության ներքո են, այլ ոչ թե պետք է սպասել ադրբեջանական իշխանությունների հաստատմանը:

Հենց այս եղանակով է պետք Ադրբեջանի իշխանությունների վրա դնել մեր տղաներից յուրաքանչյուրի կյանքի ու առողջության երաշխավորման պարտավորությունը, որովհետև կան դեպքեր, որ տեսանյութերում կան գերիներ, սակայն Ադրբեջանը գերության փաստը չի հաստատում։

Այս մասին ասել է Մարդու իրավունքների պաշտպանը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից կազմակերպված «Անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության հնարավորությունները եւ խնդիրները» թեմայով հանրային քննարկմանը։

Արման Թաթոյանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»:

 Պաշտպանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:

Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:

Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ Ադրբեջանում հայկական կողմի գերիների հարցաքննությունների արդյունքները չեն կարող որևէ հիմք լինել նրանց քրեական հետապնդման ենթարկելու համար և չեն կարող ապացույց լինել միջազգային, այդ թվում` դատական ատյաններում: Այս մասին Պաշտպանը հրապարակել է նաև արտահերթ զեկույց՝ հիմնված սեփական փաստահավաք աշխատանքների վրա: