«Ստացած 300 հազար դրամները տարանք, վարկերը փակեցինք ու հիմա էսպես դատարկ նստել ենք»․ Արմինե Հակոբյանը՝ Քաշաթաղից Կոտայքի մարզ

«Մինչև պատերազմը վարկեր էինք վերցրել, այգիներ մշակել, ստացած 300 հազար դրամները տարանք, վարկերը փակեցինք, որ հետագայում պրոբլեմների առաջ չկանգնենք, հիմա էսպես դատարկ նստել ենք»,- «Մեդիալաբին» ասում է չորս երեխաների մայր 31-ամյա Արմինե Հակոբյանը, որն ընտանիքով Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանվել և ապաստան է գտել Հայաստանում՝ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում։

Արմինեն Քաշաթաղի շրջանի Գետամեջ գյուղից է, գյուղում ապրել են չորս ընտանիքով՝ ինքն ու ամուսինը և չորս երեխաները, ամուսնու եղբայրների ընտանիքները և սկեսուրն ու սկեսրայրը։ Պատերազմի ժամանակ տան տղամարդիկ մեկնել են ռազմաճակատ՝ հայրենիքը պաշտպանելու, իսկ կանայք երեխաների հետ միասին տեղահանվել են՝ չվերցնելով ոչինչ:

«Բացառապես ամեն ինչ թողել ենք էնտեղ, անգամ մեր հագի շորը: Ունեինք տուն, մոտ 6 մետր այգի՝ նռան, կառալյոկի, սերկևիլի։ Ունեինք 3 հատ մեքենա։ Մեկ հատ գյուղտեխնիկա՝ իր ամբողջ սարքավորումներով։ Ոչ մի բան չվերցրեցինք, քանի որ ամուսինս, տեգրերս պատերազմի դաշտում էին, հանող չունեինք, էդպես մնաց էնտեղ։ Մի տեգրս էլ վիրավորվեց, ծնկի բեկորային վնասվածք և կոտրվածք է ստացել։

Մենք գտնվում էինք Հադրութի ու Ջաբրայիլի մեջտեղում, ամբողջ գմփգմփոցները երեխեքը լսում էին, հասկանում էին, անօդաչուների պատճառով լույս չէինք վառում, երեխաները վախենում էին, ու էդպես կանանցով դուրս եկանք գյուղից»,- պատմում է Արմինեն։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի հազարավոր քաղաքացիների կյանքը շրջվեց 180 աստիճանով։ Իրենց տներից տեղահանվեցին՝ իրենց հետ որևէ բան չվերցնելով։

Նոյեմբերի 9-ին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից 44 օր անց, պատերազմական գործողությունները դադարեցնելու մասին եռակողմ հայտարարություն ստորագրեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ըստ եռակողմ հայտարարության՝ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին են վերադարձվում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց – խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Քաշաթաղի շրջանի Գետամեջ գյուղը, որտեղ բնակվում էր Արմինեն իր մեծ ընտանիքի հետ, ևս անցավ հակառակորդի վերահսկողության ներքո։

Այժմ Արմինեի ընտանիքը՝ 13 անձով, ապաստան է գտել բարեկամի տրամադրած երկուսենյականոց տանը, տունը փոքր է բազմանդամ ընտանիքի համար, բայց․ «Ուզենք-չուզենք՝ պիտի տեղավորվենք, մինչև տեսնենք՝ ինչ կլինի, ոչ մի օգնության, ոչ մի բանի հույս դեռ չունենք»,- մտահոգ նշում է Արմինեն։

Թեպետ ամեն ինչ անորոշ է, բայց Արցախ վերադառնալու հնարավորության դեպքում, միևնույն է՝ Արմինեն նախընտրում է մնալ Հայաստանում։ Ասում է, որ չի ուզի տեսնել այն, ինչ տեսան պատերազմի ժամանակ:

«Ես չէի գնա վախի պատճառով, նաև Արցախը էդ տարածաշրջանի ժողովրդին, բնակիչներին, էդքանին չի կարող վերաբնակեցնել»,- ընդգծում է նա։

Նշում է, որ հիմա ամեն ինչի կարիք ունեն, սակայն լրջագույն խնդիրը տան հարցն է։ Ասում է, որ փորձում են նաև աշխատանք փնտրել Հայաստանում, սակայն դեռևս ապարդյուն:

«Մենք բոլորս աշխատող ենք եղել, էնտեղ աշխատել ենք, ես գյուղում հաշվապահ եմ աշխատել, վիրավոր տեգրս գյուղի գյուղատնտեսն ա եղել, իր կինը գյուղի մանկավարժն ա եղել, մյուս տեգրոջս կինը ևս մանկավարժ է: Էնտեղ ավելի հարմար էին պայմանները, էնտեղ աշխատանք գտնելը հեշտ էր, էստեղ չգիտեմ, չի ստացվում»,- նշում է Արմինե Հակոբյանը։

Թե ինչ կլինի առաջիկայում՝ պարզ չէ, այս պահին հույսը կապում են գարնան գալու հետ, որ այն ինչ-որ դրական փոփոխություն կբերի:

«Դեռ ոչ մի բան չենք պատկերացնում, չգիտենք՝ ինչ է լինելու մեր վաղվա օրը։ Տեսնենք՝ գարնան հետ ինչ կգա»,- ասում է Արմինեն։

Արփինե Արզումանյան

MediaLab.am