Որ բժշկական կենտրոններն են «սպառել» պետպատվերը և որոնցում են դեռ միջոցներ առկա. FIP.am

Վերջին օրերին լուրեր տարածվեցին, որ պետպատվերով բուժումները սառեցվել են, ինչը լայն քննարկումների ու քննադատությունների առիթ դարձավ։ Տարածվող լուրերին սեպտեմբերի 9-ին անդրադարձավ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հայտնելով, որ բժշկական կենտրոններին որևէ հրահանգ չի իջեցվել պետպատվերի շրջանակում բժշկական ծառայությունների դադարեցման մասին։

Նա նշեց, որ տարվա կեսին ԲԿ-ներին ուղարկվել է գրություն, որ մնան պայմանագրային գումարների շրջանակում և դիմելիության հոսքից կախված՝ սպասարկեն ըստ հերթագրման սկզբունքի։

«Բոլոր ԲԿ-ներն էլ տարվա սկզբին կնքում են պետպատվերի շրջանակային պայմանագրեր, և հստակ ձևակերպվում է, թե տվյալ ԲԿ-ն ինչ ծավալի պետպատվեր պետք է իրականացնի։ Եվ, իհարկե, ԲԿ-ները պետք է ամեն ինչ անեն՝ փորձելու մնալ այդ շրջանակային պայմանագրային գումարների սահմանում, որովհետև բոլորս հասկանում ենք, որ բյուջեն սահմանափակ է, մենք հստակ կանխատեսում պետք է ունենանք և դիսցիպլին՝ բյուջետային միջոցները իրացնելու համար»,- ասաց Ավանեսյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել այս տարվա ընթացքում Հայաստանում բժշկական ծառայություններ մատուցող կենտրոնների կողմից պետպատվերով իրականացված ծառայությունների վիճակագրությունը և հասկանալ, թե որ բժշկական կենտրոններում են սպառվել հատկացված գումարները և որոնք են դեռևս շարունակում մատուցել պետպատվերով բուժման ծառայություններ։  

Այսպես, ըստ հրապարակման՝ նախարարության կողմից ԲԿ-ներին իջեցված հրահանգը վերաբերում է «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնություն»«Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց սրտի վիրահատություններ» և «Արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ենթամիջոցառումների ֆինանսավորման «դադարեցմանը»։ 

Բժշկական կենտրոնների կողմից տարվա ընթացքում վերոնշյալ ծառայությունների փաստացի կատարման, առկա տեղերի և հերթագրումների վերաբերյալ տեղեկությունը հասանելի է Առողջապահության նախարարության կողմից գործարկված Armed.am կայքում։

Տեղեկացնենք, որ պետության կողմից անվճար բուժօգնություն տրամադրելու նպատակով տարվա սկզբին պետությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքում բժշկական կենտրոնների հետ, իսկ բժշկական կենտրոններն էլ, իրենց հերթին, տարվա ընթացքում ֆինանսավորման ծավալին համարժեք ծառայություններ են մատուցում պետությանը (պետպատվերով բուժման կարիք ունեցող քաղաքացիներին)։ Պայմանագրերը մեծամասամբ կնքվում են ողջ տարվա համար։

Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնություն

Այս ծրագրի համար 2021 թվականին պետությունը տարբեր բժշկական կազմակերպություններն հատկացրել է ընդհանուր առմամբ 11 մլրդ 975 մլն դրամ, որից սեպտեմբերի սկզբի դրությամբ ծախսվել է 9 մլրդ 931 մլն դրամը կամ 82․9 տոկոսը։

Մարզերի և Երևանի խոշոր բժշկական կենտրոնների կողմից մատուցված ծառայությունների վերաբերյալ վիճակագրությունը կարող եք տեսնել ներկայացված գրաֆիկում։

Գրաֆիկ․ Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնություն

https://datastudio.google.com/embed/reporting/1459ead8-8fdc-4c4d-815b-b56804dd4e39/page/x0uZC
Ինչպես տեսնում ենք, բժշկական կենտրոններից շատերում արդեն իսկ օգտագործվել է պետպատվերի շրջանակներում հատկացված ֆինանսական միջոցների մեծ մասը, իսկ որոշներն էլ գրեթե սպառում են այն։

Այս ծրագրի շրջանակում գրեթե սպառվում են Գեղարքունիքի և Շիրակի մարզերի ԲԿ-ներին հատկացված միջոցները։ Հատկապես ակնառու է Մարտունու ԲԿ-ին հատկացված ֆինանսավորումը։ Այստեղ պետպատվերի շրջանակներում հատկացված ավելի քան 187 մլն դրամը, կարելի է ասել, ամբողջովին սպառվել է (առկա միջոցները կազմում են ընդամենը 18 հազար դրամ)։

Ինչ վերաբերում է Երևան քաղաքի բժշկական ծառայություններ մատուցող հաստատություններին, ապա այստեղ ևս կան մի քանի բժշկական կենտրոններ, որոնք գրեթե ամբողջովին սպառել են պետպատվերի շրջանակներում հատկացված դրամական միջոցները։ Դրանցից են «Արթմեդը» (204․7 մլն դրամից մնացել է ընդամենը 17 հազար դրամ), «Շենգավիթ» ԲԿ-ն (1%), «Արմենիա» ԲԿ-ն (1.2%), «Աստղիկ» ԲԿ-ն (2.9%), «Նաիրի» ԲԿ-ն (7.7%), «Էրեբունի» ԲԿ-ն (8.9%) և այլն։

Ինչ վերաբերում է սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց սրտի վիրահատությունների և արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների համար պետության կողմից հատկացված ֆինանսավորմանն ու դրա կատարման «պլանին», ապա այս ենթամիջոցառումները իրականացվում են բնականոն գրաֆիկով։

Սրտի վիրահատությունների համար Առողջապահության նախարարությունը ԲԿ-ների հետ կնքել է ընդհանուր առմամբ 5 մլրդ 889 մլն դրամի պայմանագրեր։ Ներկայում ԲԿ-ների կողմից մատուցված բժշկական ծառայությունների ընդհանուր ծավալը կազմում է 4 մլրդ 180 մլն դրամ։ Այլ կերպ ասած՝ տարվա սկզբից մինչ օրս ծախսվել է այս ենթամիջոցառման համար հատկացված գումարների 71 տոկոսը։ 

https://datastudio.google.com/embed/reporting/4317cf97-ec67-4e46-b7eb-301b2b5494a1/page/5TvZC
Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման համար այս տարի պետբյուջեից հատկացվել է ընդհանուր 2 մլրդ 35 մլն դրամ։ Բժշկական կենտրոնների կողմից սեպտեմբերի դրությամբ մատուցվել են 1 մլրդ 430 մլն դրամ արժողությամբ ծառայություններ։ Այսինքն, ծախսվել է այս ենթամիջոցառման համար հատկացված գումարների մոտ 70 տոկոսը։

Սա նշանակում է, որ վերոնշյալ երկու ենթամիջոցառումների համար պետության կողմից հատկացված միջոցների դիմաց ԲԿ-ների մատուցած բժշկական ծառայությունները համադրելի են տարվա այս հատվածի հետ։

https://datastudio.google.com/embed/reporting/1743f8c1-b46f-4dab-8e2a-e298fe5d9d4b/page/i6vZC
Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնություն» ենթամիջոցառման իրականացման համար պետությունից հատկացված մոտ 12 մլրդ դրամից մնացել է մոտ 2 մլրդ դրամը, ինչը բավական քիչ է, եթե հաշվի առնենք, որ տարվա ավարտին մոտ 4 ամիս դեռ կա։ Պետպատվերի շրջանակներում այս գումարները գրեթե ամբողջովին սպառել են Երևանում՝ «Արթմեդ», «Շենգավիթ», «Արմենիա», «Աստղիկ», «Նաիրի», «Էրեբունի» բժշկական կենտրոնները և Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնը։ 

Մյուս բժշկական կենտրոններին պետության կողմից հատկացված գումարների մի մասը դեռևս չի սպառվել, և դրանք ի վիճակի են շարունակել բժշկական ծառայություններ մատուցել։

Փաստերի ստուգման հարթակ