Կայծակնային շախմատի ԱԱ. Մարիամ Մկրտչյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը մրցանակային տեղեր են զբաղեցրել

Հայաստանի շախմատի հավաքականի անդամներ Մարիամ Մկրտչյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը մրցանակային տեղեր են զբաղեցրել Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում ավարտված կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում:

Կանանց առաջնությանը մասնակցել են 30 երկրների 118 շախմատիստուհիներ: Մարիամ Մկրտչյանը վաստակել է 10.5 միավոր և զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը: Առաջնության շրջանակում հայ շախմատիստուհին հաղթել է աշխարհի 14-րդ չեմպիոնուհի Աննա Ուշենինային և ոչ-ոքի է խաղացել աշխարհի գործող չեմպիոնուհի Ցզյու Վենցզյունի հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցչուհի Էլինա Դանիելյանը վաստակել է 9 միավոր: Էլինան 11-րդ խաղափուլում առավելության է հասել աշխարհի գործող չեմպիոնուհի Ցզյու Վենցզյունի նկատմամբ:

Սուսաննա Գաբոյանը վաստակել է 8.5 միավոր: Սուսաննան 2-րդ խաղափուլում հաղթել է աշխարհի 9-րդ չեմպիոնուհի Չժու Չենին: Մարիամը և Սուսաննան նաև զգալիորեն բարելավել են կայծակնային շախմատի իրենց վարկանիշները:

Կանանց պայքարում հաղթող է դարձել Վալենտինա Գունինան, որը 17 հնարավորից վաստակել է 14 միավոր:

Տղամարդկանց առաջնությանը մասնակցել են 45 երկրների 206 շախմատիստներ: Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 13 միավոր և զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը վաստակել է 12.5, իսկ Մանուէլ Պետրոսյանը՝ 12 միավոր:

Տղամարդկանց պայքարում հաղթող է դարձել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը, որը 21 հնարավորից վաստակել է 16 միավոր:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, վաստակել է 14 միավոր և զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Սամարկանդում ավարտված արագ շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց էր տվել Շանթ Սարգսյանը՝ վաստակելով 8 միավոր: Կանանց պայքարում լավագույն արդյունքը ցույց էր տվել Էլինա Դանիելյանը՝ 6.5 միավորով: