«Թուրքիայում ընդդիմությունը երկրաշարժը կարող է օգտագործել, իշխանությունների վերարտադրվելու շանսերը թուլանալու են». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

– Պարո՛ն Սաֆրաստյան, Թուրքիայում ու Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի առնչությամբ ՀՀ վարչապետն ու նախագահը ցավակցել են զոհերի ընտանիքներին։ Վարչապետը նաև օգնություն տրամադրելու պատրաստակամություն է հայտնել։ Հայկական կողմի այս քայլը քննադատության առիթ է հանդիսացել որոշ շրջանակներում, ձեր դիտարկումն եմ խնդրում։

– Նորմալ երևույթ է, մանավանդ որ ցավակցում են զոհերի ընտանիքներին, ոչ թե Թուրքիայի ղեկավարին։ Սա բնական, մարդկային քայլ է, մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, բարբարոս չենք։ Ես էլ եմ ցավակցում այն մարդկանց, որոնք հարազատներ են կորցրել։

– Թուրքիայի համար այս երկրաշարժն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։

– Շատ հետաքրքիր ու կարևոր հարց եք բարձրաձայնում այն առումով, որ սա կարող է ազդեցություն ունենալ Թուրքիայում ընտրությունների արդյունքների վրա, առաջին հերթին այս տեսանկյունից պետք է հարցը դիտարկել։ Որքանով Էրդողանի կառավարությունը կկարողանա հաղթահարել այս երկրաշարժի հետևանքները՝ դրանից էլ կախված կլինի նրանց ապագան, այսինքն՝ բնակչությունը նրանց ձայն կտա՞, թե՞ չէ։

Երկրաշարժը լրիվ նոր գործոն կհանդիսանա Թուրքիայի նախընտրական պայքարում, ու, իհարկե, դա առաջին հերթին իշխանությունների համար է փորձություն լինելու, որովհետև բնակչությունը հենց նրանցից է պահանջելու՝ դրսևորել հատկություններ տեղի ունեցածի հետևանքները հաղթահարելու համար։ Սա ընդդիմությունը կարող է օգտագործել։

Մյուս հանգամանքն այն է, որ, որքան ես հետևում եմ Թուրքիայից եկող հաղորդագրություններին, այդ երկիրը վերջին տարիներին իր ունեցած զգալի տնտեսական աճի արդյունքները ոչ թե ներդրում էր բնակչության կենսամակարդակի բարձրացման, այլ ռազմական ոլորտում, բանակի ուժեղացման համար։

Սրա հետևանքներն են, որ հիմա տեսնում ենք, փաստորեն երկիրը պատրաստ չէր այս երկրաշարժի փորձությանը, որովհետև երկիրը կառավարող շրջանակները մանավանդ վերջին տարիներին ամբողջ ներուժը դնում էին ռազմական ու արտաքին քաղաքականության բնագավառներում՝ տարբեր տեսակի արկածախնդրություններ իրականացնելու համար։ Այս կուսակցության իշխանության գալուց հետո Թուրքիան իսկապես բավականին մեծ աճ էր արձանագրում (ամեն տարի՝ մոտ 8%), բայց դա օգտագործում էր իր ավանտյուրիստական քաղաքականությունն իրականացնելու համար։

– Այսինքն՝ այս երկրաշարժից հետո Թուրքիայում սոցիալական վատ վիճակն ավելի՞ կսրվի։

– Իհարկե, անտարակույս կսրվի։ Ամենակարևոր խնդիրն այն է, թե իշխանությունն ինչպե՛ս կկարողանա այս իրադրությունը կառավարել, ինչը կդառնա նաև ներքին քաղաքական կարևորագույն խնդիր։ Եթե մինչև հիմա ներքին քաղաքական կարևորագույն խնդիրը, որն ազդում ու կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա, տնտեսական ներքին ծանր վիճակն էր, ապա հիմա դրան գումարվում է նաև այս երկրաշարժը։

Ընդդիմությունը սա կարող է օգտագործել, իշխանությունների վերարտադրվելու շանսերը թուլանալու են։

– Պարո՛ն Սաֆրաստյան, իսկ մինչ այս երկրաշարժը իշխանության վերարտադրվելու շանսերը բա՞րձր էին։

– Չէի ասի, թե բարձր էին, իհարկե ընտրություններին դեռ շատ ժամանակ կա, բայց, ընդհանուր առմամբ, եթե ընդհանրացնենք հարցումների արդյունքները, կարծես թե նախագահական ընտրություններում Էրդողանի շանսերը բավական կայուն էին՝ գոնե երկրորդ փուլով հաղթելու համար, իսկ խորհրդարանական ընտրություններում կարծես թե ընդդիմության շանսերն էին ավելի բարձր: Բայց հիմա պատկերը կփոխվի, ես համոզված եմ։

– Իսկ գործող վարչակարգին կհաջողվի՞ դիմակայել այս նոր մարտահրավերներին։

– Շրջանները, որտեղ տեղի է ունեցել երկրաշարժը, Թուրքիայի այն շրջաններն են, որոնք տնտեսապես զարգացած չեն, ինչը կդժվարացնի տուժածներին օգնություն ցույց տալու գործընթացը, այնուհետև վերականգնողական աշխատանքները։ Տասնյակ տարիներ հենց իրենք են խոսել, որ այս շրջանները հետ են մնում Թուրքիայի արևմտյան շրջաններից, բայց ոչինչ չեն արել դրանք զարգացնելու համար, փոխարենն արդեն ասացի, թե որտեղ են ներդրել իրենց ներուժը։

Ես կարծում եմ, որ այս կառավարության համար դժվար կլինի, որովհետև որքան երևում է Թուրքիայից եկող պատկերներից, երկրաշարժն իսկապես ավերիչ է, ուժեղ է։ Չեմ կարծում, թե կառավարությունը կկարողանա դրսևորել այնպիսի հատկություններ, որ կարողանա մեղմել այս ծանր հետևանքները, ինչպես ցույց է տալիս Թուրքիայի նախորդ փորձառությունը։ Այս ամենի հետևանքով ներքաղաքական կյանքը կսրվի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am