«Քոչվոր ժողովուրդները սովորաբար գիր չեն ունենում, այս իշխանություններն այդ քոչվորի հոգեբանությունից առանձնապես չեն տարբերվում». Վահրամ Թոքմաջյան

«Քոչվոր ժողովուրդները սովորաբար գիր չեն ունենում, այս իշխանություններն այդ քոչվորի հոգեբանությունից առանձնապես չեն տարբերվում». Վահրամ Թոքմաջյան
«Քոչվոր ժողովուրդները սովորաբար գիր չեն ունենում, այս իշխանություններն այդ քոչվորի հոգեբանությունից առանձնապես չեն տարբերվում». Վահրամ Թոքմաջյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է պատմաբան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատմության ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը:

– Պարո՛ն Թոքմաջյան, տեղեկություններ կան, որ հաջորդ տարվանից ուսուցիչների աշխատավարձը կրճատվելու է 5000 դրամով: Ինչպե՞ս եք գնահատում կառավարության այս քաղաքականությունը:

– Սա պետական տեռոր է խոցելի խավի նկատմամբ: Ոչ միայն հաջորդ տարի չեն բարձրանալու ուսուցիչների աշխատավարձերը, այլև վերջին 4 տարիների ընթացքում չեն բարձրացել: Ինչպես այս կառավարությունը, նախորդ կառավարությունները ևս այս խավի նկատմամբ զբաղվել են շարքային թալանով ու տեռորով: Բացատրեմ ինչու: Չորս տարի առաջ ուսուցիչների աշխատավարձից գանձվում էր 13 տոկոս եկամտահարկ, 5000 դրամ կենսաթոշակային վճար, որը տալիս էր գործատուն: Հետո ինչ-որ աճպարարությամբ այդ 5000-ը սկսեցին գանձել մեզանից, հետո 13 տոկոս եկամտահարկը դարձրին 18 տոկոս, 18 տոկոսը՝ 24 տոկոս: Դրան գումարվեց պարտադիր կուտակային վճարը: Ստացվում է, որ հիմա ուսուցիչների «կեղտոտ» աշխատավարձի մեկ երրորդը արդեն հարկերն են: Եվ աշխատավարձի չբարձրանալու պայմաններում 100 հազար դրամ եկամուտ ունեցող ուսուցիչը, եթե նախկինում այդ գումարով գնում էր իքս քանակի ապրանք, ապա հիմա մոտ 20 տոկոսով պակաս քանակ է գնելու:

Այսինքն՝ ոչ միայն չեն բարձրացրել ուսուցիչների աշխատավարձը, այլ նաև նվազեցրել են: Ես հասկանում եմ, որ կառավարությունն ունի իր բացատրությունը, այն է՝ ընտրակեղծարարների մեծ մասը, ցավով եմ ասում, հենց կրթության համակարգից են, բայց դա չի նշանակում, որ այդ գործընթացից զերծ մարդիկ ևս պետք է տուժեն: Մյուս կողմից՝ դա չի նշանակում, որ 50-60 հազար դրամ աշխատավարձ ստացող մարզային ուսուցիչը, որը վախենում է կորցնել աշխատանքը և աշխատում է ՀՀԿ-ի համար, պետք է է՛լ ավելի ստրուկի կարգավիճակում հայտնվի: Իրեն տեռորի են ենթարկել, ինքը ստիպված է եղել գնալ այդ քայլին, բայց հիմա նրա ճորտացման աստիճանն ավելի են խորացնում:

– Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում կառավարության վերաբերմունքը կրթության ոլորտի նկատմամբ, ինչո՞ւ է այս կարևոր ոլորտը անուշադրության մատնված:

– Քոչվոր ժողովուրդները սովորաբար գիր չեն ունենում: Այս իշխանություններն այդ քոչվորի հոգեբանությունից առանձնապես չեն տարբերվում: Ինչպես քոչվորներն էին անում՝ ոչխարներն արածեցնում, ռեսուրսները սպառում էին ու թողնում-գնում, հիմա նույն վիճակը Հայաստանում է: Այս մարդիկ վերցրել են երկրում մի տարածք, որի ռեսուրսները հետևողականորեն լափում ու վատնում են, վերջում թողելու են-գնան: Մենք գիտենք, որ անցած տարիների ընթացքում 15-20 մլրդ դոլարի կապիտալ է Հայաստանից դուրս եկել: Այդ մարդի՞կ ինչպես կարող են վերաբերմունք ունենալ կրթության հանդեպ: Ինչպե՞ս կարող է քոչվորը կրթությանը, գիտությանը, մշակույթին կամ արվեստին լուրջ վերաբերվել: Քոչվորը վատ բան չէ, պարզապես ունի իրեն բնորոշ հոգեբանություն: Հիմա ստացվել է այնպես, որ մենք մեզ համարում ենք քաղաքակիրթ ազգ, բայց ամեն ինչ այս իշխանությունների ձեռքին է: Կրթությունը հեռանկարային ոլորտ է, ցանկացած երկիր գիտի, որ կրթության մեջ ներդրում անելով՝ վաղը չի ստանալու արդյունք, ստանալու է 5-10 տարի հետո: Բայց այս մարդիկ բյուջեն պետք է փակեն, նայում են ոլորտները՝ որտեղի՞ց կրճատեն, չեն էլ մտածում՝ ի՛նչ են կրճատում:

– Հիմնավորումն այն է, որ դպրոցներին հատկացվող ֆինանսավորման կրճատման պատճառով է նվազելու մանկավարժների աշխատավարձը: Ի՞նչ տեղեկություն ունեք:

– Ես կես կատակ-կես լուրջ նամակ եմ հղել վարչապետին, խնդրել եմ հաստատել՝ ճի՞շտ է աշխատավարձերի իջեցման մասին տեղեկությունը: Գիտե՞ք ամբողջ ողբերգությունն ինչ է. մենք հիմա պետք է խոսեինք ոչ թե այն մասին, որ 5 կամ 10 հազար դրամով աշխատավարձը կրճատել են, թե ոչ, այլ պետք է խոսեինք այն մասին, թե ինչո՛ւ հետևողականորեն չի բարձրացվում ուսուցչի աշխատավարձը: Պարզ է, ինչո՛ւ չի բարձրացվում: Եթե դու բարձրացնում ես աշխատավարձ, եթե մարդն ապրում է արժանավայել, դու դժվարությամբ ես այդ մարդուն կառավարում քո ցածր ինտելեկտով: Ո՞ւմ են հեշտ կառավարում՝ զրկանքների մեջ եղած մարդուն, ով շատ հանգիստ քո մատի մի շարժումով կվազի: Այսինքն՝ խնդիրն այստեղ այդ  ուսուցիչների 5000 դրամը չէ, գլոբալ ստրկատիրական մոտեցման հարցն է: Եվ ցավալի է, որ Ազգային ժողովում անգամ իրենց արմատական ընդդիմադիր հռչակածներից որևէ մեկի մտքով չանցավ այդ մասին խոսել:

Մյուս կողմից՝ բոլոր կրթական հաստատություններում կան արհմիություններ, դասավանդողներն իրենց աշխատավարձի 1 կամ 2 տոկոսը տալիս են այդ արհմիություններին: Շատ տեղերում չգիտենք, թե այդ արհմիություններն ընդհանրապես ինչո՛վ են զբաղված: Այդ արհմիություններն այսօր պետք է դուրս գային փողոց, փակեին բոլոր փողոցները, վարչապետի, նախագահի ճանապարհները, ասեին՝ եկե՛ք, պարոնա՛յք, ձեր տված փողով փողոցում Նոր տարի անենք:

– Այսինքն՝ դուք համարում եք, որ իշխանությունների կողմից կրթության ոլորտի նկատմամբ այս վերաբերմունքը ծրագրված քաղաքականությո՞ւն է:

– Այլ կերպ հնարավոր չէ մտածել, հատկապես վերջին իրադարձությունների ֆոնին, երբ ՀՀԿ-ական գործիչներն այսքան անկեղծացան: Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում. Հայաստանը հետևողականորեն աղքատացել է, և արտագաղթ ու արտագաղթ: Դժգոհներին ինչպե՞ս պետք է զսպեն, պետք է միայն հացի փող տան, կակայի նման հացը ցույց տան, որ ինքը վախենա անգամ այդ կակայից զրկվելուց և այլ ելք չունենա, քան ենթարկվելը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am