«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը
– Պարո՛ն Սահակյան, ՀՀ Կառավարությունը պետբյուջեից 6 միլիոն դոլար է հատկացրել Ջենիֆեր Լոպեսի համերգին, որից 37 հազար դոլար՝ նրա երկօրյա սննդին, 185 հազար դոլար՝ հյուրանոցներին: Արդարացված համարո՞ւմ եք պետբյուջեից նման չափի գումարի հատկացումն այս նպատակով:
– Երկրում տիրող այսչափ խնդիրների ֆոնին նման գումարի հատկացումը համերգի համար ինչպե՞ս կարող եմ արդարացված կամ տրամաբանված համարել: Իսկ գիտեք, թե ինչո՛ւ Կառավարությունը այդ հարցերը չի լուծում, որովհետև դրանք մեր խնդիրներն են, ոչ թե իրենցը, այս իշխանությունը չի եկել մեր խնդիրները լուծելու, եկել է իր խնդիրներին լուծում տալու համար:
Տրանսպորտը խնդիր է մեզ համար, լուծո՞ւմ են, ո՛չ, ջրի հարցը լուծո՞ւմ են, ո՛չ, Երևան-Սևան ճանապարհին այս սեզոնին, երբ բոլորը Սևան են գնում, վերանորոգում են անում, հասկանո՞ւմ եք: Սրանք մեր խնդիրներն են, իսկ իրենք իրենց խնդիրներն են լուծում:
Այս չափի գումարի հատկացում տեսնում եմ ու ապշում, 6 միլիոն դոլարն այնքան արդյունավետ ուղղություններում կարելի էր ծախսել, օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում, որ այս տարի մարդիկ ծիրանի մթերման փաստի առաջ չկանգնեին, տրանսպորտի ուղեվարձ են թանկացնում, փոխարենը կարող էին այս գումարն այդ նպատակով կիրառել, ի վերջո բռնի տեղահանված արցախահայություն ունենք՝ իրենց սոցիալական խնդիրների հետ:
Կրկնում եմ՝ այս մարդիկ իրենց խնդիրներն են լուծում, նախընտրական շրջանում Լոպեսի համերգը կհայտարարեն Նիկոլ Փաշինյանի չգիտեմ թե որերորդ ձեռքբերումը: Հստակ պետք է իմանալ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը խոր թքած ունի ՀՀ քաղաքացիների խնդիրների ու շահերի վրա, իրենց հետաքրքրում են միայն իրենց խմբակի շահերը:
Շուտով կխոսեն, թե ինչ ցածր մակարդակ ունեն դիմորդները, որովհետև ընդունելության քննությունների արդյունքները ցածր են, բա այդ գումարը հատկացնեիք կրթության ոլորտին, ո՞վ էր խանգարում, Ադրբեջա՞նը, Պուտի՞նը: Նորմալ, առաջադեմ կրթության համակարգի ներդրման վրա ծախսեիք այդ գումարը, որ նորմալ սերունդ մեծանա, ոչ թե Լոպեսին բերեք:
Քանի՛ ավերված դպրոց ունենք, վերապատրաստման կարիք ունեցող քանի՛ ուսուցիչ ունենք, նորմալ դասագիրք չունենք, մի խոսքով՝ հազարավոր խնդիրներ կան կրթության ոլորտում, իսկ այդ գերատեսչությունը Լոպեսին Հայաստան բերելու հարցի լուծումն է ապահովում:
Ո՞ւմ է պետք կրթության նախարարությունը, որ բուն խնդիրները թողած՝ այլ հարցերի լուծմամբ է զբաղվում, թող այդ 6 միլիոնը ծախսեին նորմալ ֆիլմեր ստեղծելու վրա, որոնք հայրենիքի, ընտանիքի, արժեքների ու այլ վեհ գաղափարների մասին կուսուցանեին, այդ 6 միլիոնով քանի՞ նման ֆիլմ կկարողանային ստեղծել կամ թարգմանել հայերեն, բայց դրա փոխարեն գալիս է Լոպեսը, նախընտրական բուկլետներում կնշվի, որ դա Նիկոլի լուրջ ձեռքբերումն է:
– Հաշվի առնելով ձեր հիշատակած խնդիրները, ինչպե՞ս կգնահատեք այն հանգամանքը, որ պետական բյուջեից զգալի միջոցներ են ուղղվում համերգի կազմակերպմանը։ Արդյոք սա բնութագրում է Կառավարության վերաբերմունքը քաղաքացիների սոցիալ-տնտեսական իրավիճակի նկատմամբ:
– Այս մարդիկ եկել են իրենց խնդիրները լուծելու համար, որ իրենք թքած ունեն հայ ժողովրդի ու նրանց խնդիրների վրա:
– Պարո՛ն Սահակյան, բայց իշխանությունը բազմիցս է հայտարարել, թե ժողովուրդն իր համար բարձրագույն արժեք է, թե ժողովուրդն է որոշողը:
– Հարգելի՛ս, քանի՞ անգամ մարդուն պետք է խաբել, որ նա հասկանա, որ դիմացինը ստախոս է: Այս իշխանությունը ստում է, սուտ խոստումներ ու հայտարարություններ է անում, բայց աբսուրդն այն է, որ դեռ կան մարդիկ, որ հավատում են այս իշխանությանը, երևի Նիկոլն էլ է ապշում, որ իրեն դեռ հավատում են: Որևէ մեկը չկա, որևէ ինստիտուտ չկա, որ այս իշխանությանը պատասխանատվության ենթարկի իր խոստացածի ու չարածի համար, նախընտրական ծրագիր ներկայացրեց պատերազմից հետո, մարդիկ քվե տվեցին, որ Արցախի հարց լուծեր, բայց ի՞նչ արեց:
– Իշխանությունը, որոշ խմբեր ասում են, թե Հայաստան են բերում միջազգային ճանաչում ունեցող աստղերի, որ դա ևս անհրաժեշտ է մարդկանց ու պետությանը:
– Ախր պետության խնդիրը դա չէ, այն էլ՝ Հայաստանի նման պետության, որի խնդիրների մասին եթե հերթով թվենք, ձեր ժամանակը չի բավականացնի: Պետության խնդիրն է զանազանել առաջնային ու երկրորդական խնդիրները, ըստ անհրաժեշտության ու առաջնահերթության տալ խնդիրների լուծումները: Կրկնում եմ՝ իրենք խորը թքած ունեն մեր խնդիրների վրա ու պետբյուջեի հաշվին, այսինքն՝ ժողովրդի հաշվին լուծում են իրենց խնդիրները, բայց դա ներկայացնում են այնպես, թե մեզ համար են անում, ինչպես հիմա, երբ մեծարգո տիկին Աննա Հակոբյանը Հանրայինով ելույթ է ունենում մեր փողերով, նախընտրական արշավ է անում մեր դեմ, բայց իրենք հանրությանը հրամցնում են, թե եկել են մեզ կրթելու: Հասկանո՞ւմ եք՝ սա նորմալ չէ, սա աբսուրդ է:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















