Հայաստանը պատրաստ է օգնություն տրամադրել․ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություններ է հայտնել ուժեղ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում գրանցված զոհերի ընտանիքներին։

«Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի առնչությամբ, որն այդքան շատ մարդկային կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունները զոհերի ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Հայաստանը պատրաստ է օգնություն տրամադրել»,- այս մասին վարչապետ Փաշինյանը գրել է «Թվիթեր»-ի իր էջում։

Թուրքական Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7.4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում վերջին տվյալներով զոհվել է 284 մարդ, վիրավորվել՝ 2383, իսկ Սիրիայում զոհվել է 237 մարդ, վիրավորվել՝ 639-ը։