«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը
-Պարո՛ն Ստեփանյան, վաշինգտոնյան հանդիպումից և եռակողմ հռչակագրից հետո իշխանությունները հայտարարում են, թե Հայաստանը խաղաղության պայմաններում է, այլևս պատերազմ չի լինի։ Միևնույն ժամանակ հստակ չեն ներկայացնում, թե ինչ է ստանում Հայաստանը դրա դիմաց։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը
– Այդ ամենի պատճառները շատ պարզ են, ձեր երկու հարցի պատասխանը մեկն է՝ որովհետև չկա ստորագրված խաղաղության պայմանագիր, մենք այս պահին ունենք ընդամենը ճանապարհային քարտեզ: Նախաստորագրումը ճանապարհային քարտեզ է, որտեղ հստակ ֆիքսվում է միայն մեկ բան՝ պատերազմ չի լինելու այս պահին, որոշումները լինելու են խաղաղ ճանապարհով, Ռուսաստանն այլևս այս տարածաշրջանում վճռորոշ դեր չի խաղում, այդ դերն իր վրա է վերցրել ԱՄՆ-ն:
Մնացած բոլոր ամենակարևոր հարցերը մեզ համար՝ կապված ապագայի հետ, օդի մեջ են, որովհետև նախաստորագրված փաստաթուղթը չի կարող մեզ հենք տալ, որպեսզի մենք այսօր պնդենք, որ մենք արդեն խաղաղության դարաշրջանում ենք, ես համամիտ չեմ այդ տեսակետին:
Դուք ասում եք, չէ՞, իշխանականներն ասում են, թե մենք արդեն խաղաղության դարաշրջանում ենք, բայց հստակ չեն պատասխանում հարցին, թե ինչպես է լինելու ապաշրջափակումը, ի՛նչ ճանապարհներ, հստակ պատճառով, որովհետև ոչ մի տեղ չկա այդ մասին գրված, կա ընդամենը նախաստորագրում, կա ճանապարհային քարտեզ, բայց չկա հստակ պայմանագիր, ու քանի որ ամերիկացիներն այստեղ չեն եկել, քանի որ այդ ընկերությունն այստեղ չի գործում, քանի որ տրանզիտ չկա Հայաստանի տարածքով, քանի որ թուրքական սահմանը չի բացվել Հայաստանի համար, մենք այդ հարցերի պատասխանները չենք ստանա:
ՏԿԵ նախարարը, որին լրագրողները տանջում են այդ հարցերով, ո՛չ Դավիթ Խուդաթյանն ունի այդ հարցերի պատասխանը, ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ այս պահին Դոնալդ Թրամփն ունի Իլհամ Ալիևի հետ, վստահ եմ, որովհետև դա գոյություն չունի այս պահին: Այն, ինչ ստորագրվել է Վաշինգտոնում, դրական քայլ է, բայց ասել, թե դա լուրջ դիվանագիտական հաղթանակ է, որ այլևս խաղաղության դարաշրջան է, դեռ վաղ է, որովհետև դրա համար չկան հստակ նախադրյալներ ու հիմքեր:
Երբ այդ ամենը հողի վրա կունենանք, այդ ժամանակ կասենք՝ կոմունիկացիաները բացվում են, կոմունիկացիաներն աշխատում են, իսկ հենց կոմունիկացիաները սկսեն աշխատել, հենց հայ-թուրքական սահմանը բացվի, ես այն ժամանակ կասեմ, վե՛րջ՝ արդեն պատերազմ չի լինելու, այն պարզ պատճառով, որ պատերազմելը ոչ մեկին ձեռնտու չի լինելու, բայց այս պահին, քանի որ այս ամենը չկա, կա միայն բարի կամք, դրա մասին վաղ է խոսելը:
– Իսկ իշխանությունն ինչո՞ւ է այդ ձեր ասած բարի կամքը ներկայացնում որպես կատարված իրողություն:
– Որովհետև իշխանություն է, իշխանությանը դա ձեռնտու է, իշխանությունը նախապատրաստվում է ընտրությունների, ցանկացած իշխանություն այդպես էր անելու: Ես էլի եմ ասում՝ այն, ինչ տեղի է ունեցել, ես դրական եմ համարում, բայց խոսել այդ մասին՝ որպես ավարտուն գործընթացի, Վաշինգտոնում գործընթացը ոչ թե ավարտվել է, այլ մեկնարկել է, ու այն դեռ երկար ճանապարհ ունի:
Եթե այդ գործընթացում բոլոր խնդիրները լուծված լինեին, ապա Ալիևը կստորագրեր խաղաղության պայմանագիրը ու հարցը կփակեր, իսկ այն, որ չի ստորագրել, նշանակում է, որ նա դեռ մանևրելու, Հայաստանից ինչ-որ բաներ պոկելու հույս ունի:
Ամսի 8-ին ստորագրվել է եռակողմ փաստաթուղթ, իսկ ամսի 9-ին Ալիևի հատուկ բանագնաց Ամիրբեկովը հայտարարում է, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, այսինքն՝ այս առևտուրը չի վերջացել, այն շարունակվելու է:
– Պարո՛ն Ստեփանյան, որքա՞ն է շարունակվելու, ու ե՞րբ է հավանական պայմանագրի կնքումը:
– Շատ դժվար հարց եք տալիս, որի պատասխանը նույնիսկ կողմերը չգիտեն: Ամենը կախված է ԱՄՆ-ի հետևողականությունից, եթե այդ պայմանական միջանցքը սկսի իրականում աշխատել, ապա այդ դեպքում ուզած-չուզած Ալիևը այդ պայմանագիրը կկնքի, չի կարող այնպես լինել, որ մի երկրի հետ ունենաս բացված կոմունիկացիաներ, բայց գտնվես պատերազմական իրավիճակում: Չի կարող այնպես լինել, որ Սյունիքի տարածքով ադրբեջանցիները գնան-գան, իսկ Ադրբեջանի տարածքով մենք Իրան չգնանք: Սա ուղղակի ժամանակի խնդիր է, եթե Թրամփը հետևողական լինի, ապա այդ դեպքում ես հույս ունեմ, որ առաջիկա տարիների, եթե ոչ ամիսների ընթացքում այդ ամենն իրականություն կդառնա:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
















