Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում կայունացել է. ՀՀ ՊՆ

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, օգոստոսի 6-ի ժամը 18։00-ի դրությամբ, նույն օրվա կեսօրին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո, կայունացել է, հակառակորդի կրակահերթերից միջդիրքային տարածքում բռնկված հրդեհը մարել է։ 

Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ըստ աղբյուրի՝ հայկական կողմից տուժածներ չկան։

Օգոստոսի 6-ին, ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել էր միջդիրքային հատվածի խոտածածկույթը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հայկական կողմն իրականացնում է հակազդման և հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ։