Ծայրահեղ շոգի պատճառով Լոնդոնում չեղարկվել է ծայրահեղ շոգին նվիրված համաժողովը

Լոնդոնում ծայրահեղ շոգի պատճառով չեղարկվել է հենց ծայրահեղ շոգի ազդեցությանն ու դրա դեմ պայքարի միջոցներին նվիրված միջազգային համաժողովը։ Այդ մասին հայտնում է Metro-ն։

«Ծայրահեղ շոգ. կառավարման բարելավում և գործողությունների ուժեղացում ամբողջ աշխարհում» խորագրով համաժողովը նախատեսված էր անցկացնել Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի գրադարանում՝ Լոնդոնի Կլիմայական գործողությունների շաբաթվա շրջանակում։

Սակայն կազմակերպիչները միջոցառումը չեղարկել են՝ կանխատեսվող ծայրահեղ շոգի և մասնակիցների առողջության ու անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով։ Համաժողովի անցկացման շենքը օդորակման համակարգ չունի, իսկ Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական ծառայությունը Լոնդոնի համար հայտարարել էր շոգի ամենաբարձր մակարդակի նախազգուշացում։

Համաժողովի ընթացքում նախատեսվում էր քննարկել, թե ինչպես կարող են կառավարություններն ու միջազգային կազմակերպություններն ավելի արդյունավետ արձագանքել կլիմայական փոփոխությունների հետևանքով ավելի հաճախակի և ինտենսիվ դարձող շոգի ալիքներին։

Համաժողովի չեղարկումը լայն արձագանք է ստացել սոցիալական ցանցերում, քանի որ շատերը հեգնական են համարել այն փաստը, որ ծայրահեղ շոգին նվիրված միջոցառումը չեղարկվել է հենց ծայրահեղ շոգի պատճառով։