«Բուլղարիան Հայաստանի համար բացահայտված երկիր չէ, և Հայաստանի համար բացվում է այլընտրանքային ճանապարհ». Գագիկ Մակարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը

– Պարո՛ն Մակարյան, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ Հայաստանը, Իրանը և Բուլղարիան նախաստորագրել են Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծման նախնական համաձայնագիրը։ «Կարծում եմ՝ միջանցքը հետաքրքիր կլինի նաև Հնդկաստանի համար, և մենք արդյունքում կկարողանանք հասնել այս գաղափարի իրականացմանը»,- ասել է Միրզոյանը։ Ինչպե՞ս եք գնահատում, արդյոք այն բեկումնային կարո՞ղ է լինել տնտեսական առումով։

Մենք մինչ օրս, քանի որ չունենք ծովային ճանապարհ, մեր ավտոմոբիլային ճանապարհները երկուսն էին՝ մեկը Իրանով դուրս գալ ծով և գնալ, մյուս տարբերակը Վրաստանի միջոցով Սև ծով անցնելն է։ Այսինքն՝ մեր տրանսպորտային ուղիների մի կեսը ավտոմոբիլային է, մյուս կեսը՝ ծովային, բայց կախված դրանց տևողությունից և բարդություններից, թե ինչպես ենք կարողանում գնալ, մեր հիմնական բեռնափոխադրումները Վրաստանով և Սև ծովով են կատարվում, պարսկական կողմը քիչ է օգտագործվում և նաև որոշակիորեն երկար է տևում։

Եվ հիմա, երբ մենք կարողանում ենք արդեն ստեղծել հնարավորություն դեպի հյուսիս գնացող նոր ճանապարհով գնալ, որտեղ Հայաստանը կլինի տարանցիկ պետություն, և օգուտը ոչ միայն այն է, որ Հայաստանը ստորագրել է և ինքն էլ է օգտվելու այդ ճանապարհից, այլ որ իր տարանցիկ տարածքը կօգտագործվի տարանցիկ բեռների համար, որը իրականում տնտեսական ակտիվություն կառաջացնի։

Երեք օգուտ կա․ առաջին՝ Հայաստանի համար բացվում է այլընտրանքային ճանապարհ։ Երկրորդ՝ Հայաստանով այլ երկրներն անցնելով՝ կմուծեն տարանցման վճարներ, երրորդ՝ եթե աշխուժանում է տրանսպորտային երթևեկությունը Հայաստանի միջով, ապա առաջանալու են նոր ենթակառուցվածքներ՝ սպասարկման կենտրոններ, հանգստի կենտրոններ և այլն։ Եվ Հայաստանի այն մարզերը, որոնց միջով այդ փոխադրումները կկատարվեն, կարող են բավականին զարգանալ, և՛ Հայաստանը աշխարհում ավելի ճանաչելիության դիրք կունենա։

Եվ եթե այնպիսի խոշոր պետություններ են մտնում խաղի մեջ, ինչպիսին Հնդկաստանն է, որը հսկայական քանակով այդ տարածքից կարող է օգտվել, Իրանն էլ իր հերթին, պատկերացրեք՝ մենք ինչպիսի որոշակի մեծ հնարավորություններ ենք ունենալու՝ և՛ բարեկամական, և՛ թելադրող, և՛ տնտեսական տեսանկյունից։

Հաջորդ խոշոր նշանակությունը քաղաքական է, որ Հայաստանը հավասար գործընկեր է այս պրոցեսում, և կապ չունի, որ փոքր երկիր է, Հայաստանի հանդեպ քաղաքական վերաբերմունքը էականորեն կփոխվի տարբեր երկրների տեսանկյունից, այդ թվում՝ Հնդկաստանի նման խոշոր երկիրը, որը էական հակակշիռ ունի աշխարհում՝ իր մեծությամբ, էկոնոմիկայով, իր բնակչությամբ (աշխարհի բնակչության 21 տոկոսն ունի)։

Բացի դրանից, էականորեն փոխվելու է նաև այլ երկրների խաղերի տրամաբանությունը։ Այսինքն՝ եթե մենք հիմա գտնվում ենք տարբեր երկրների շահերի կիզակետում, և ամեն երկիր փորձում է շահագրգռել, իր կողմը գրավել կամ ինչ-որ խաղերի ներքո օգտագործել իր նպատակների համար, ապա դա կհակակշռվի այն տեսանկյունից, որ Հայաստանն ունենում է ավելի լավ հնարավորություններ, ավելի հավասար հնարավորություններ։

Իսկ որքանո՞վ կենսունակ կլինի, ե՞րբ կտեսնենք այս համաձայնագրի արդյունքները գործնականում։

Կարծում եմ՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Հայաստանի քաղաքական ասպարեզում շատ հետաքրքիր դրական փոփոխություններ տեղի ունեցան։ Այս ճանապարհի կարևորությունը նաև նշվեց Հայաստանի և Բուլղարիայի նախագահների հանդիպմանը, որին ես մասնակցել եմ և երեկ եմ վերադարձել Բուլղարիայից, և քանի գնա, այս ճանապարհի կարևորությունն ավելի կմեծանա:

Սա կբերի նրան, որ Հայաստանի նկատմամբ շատ երկրների վերաբերմունքը էականորեն կփոխվի, կամ իրենք կմնան ավելի չեզոք, քան նախկինում ունեին որոշակի ագրեսիվ վերաբերմունք իրենց շահերի ներքո։

Պարո՛ն Մակարյան, Հայաստան-Բուլղարիա համագործակցության ինչպիսի՞ մակարդակ կա, արդյոք լուրջ հեռանկար կա՞ երկու երկրների հարաբերություններում։

Մենք մի քանի լավ նորություն ունենք․ մեր արտահանման ծավալների 6 տոկոսը բաժին է ընկնում Բուլղարիային։ Բուլղարիայից ներմուծում են հիմնականում կտորեղեն, որոշակի քանակով պատրաստի հագուստ և այլ մանր-մունր բաներ, բայց առևտրային ծավալները շատ փոքր են։

Բուլղարիան Հայաստանի համար բացահայտված երկիր չէ։ Նույն ձևով Բուլղարիայում էլ Հայաստանի մասին քիչ գիտեն, դրա մասին ընդգծվեց տարբեր հանդիպումների ժամանակ։ Մենք մի փոքր բիզնես ֆորում ունեցանք, բուլղարական կողմում շատ հետաքրքիր ժամանակակից կենտրոններ կան բացված, որոնք վերաբերում են առաջավոր տեխնոլոգիաներին կամ նորարարություններին։ Ունի շատ լավ զարգացած մեքենաշինություն։ Բուլղարիայի հնարավորությունները՝ զուտ արդյունաբերական, առևտրային, շատ վատ են օգտագործվում։

Բացի այդ, Բուլղարիան ունի ևս մեկ շատ կարևոր ուղղություն՝ դա տրանսպորտային ուղի լինելն է, նաև Հայաստանի մուտքը դեպի ԵՄ, և իրենք այս առումով շատ պատրաստակամ են։ Մենք այնտեղ հանդիպեցինք նաև շատ հայ գործարարների, որոնք նշեցին շատ բարեկամական, ջերմ, հավասար վերաբերմունքը հայերի նկատմամբ, կա հարգանք, փոխադարձ ըմբռնում, որը շատ մեծ հնարավորություններ է ստեղծում։

Այս տարեվերջին Բուլղարիան Շենգեն գոտի կմտնի, 2024-ին եվրոյի կանցնեն, այսինքն՝ Բուլղարիայի հետ հարաբերությունները լավացնելը կարևոր է, որ հետո նաև Շենգենից օգտվենք, ապագայում ԵՄ գոտում նույն տնտեսական մոդելի մեջ կլինենք, և ինչքան շուտ մենք մեր ապրանքները փոխանակենք և համատեղ ծրագրեր իրականացնենք, այնքան լավ։

Մանե Հարությունյան

MediaLab.am