Ողջաբերդի սողանքային գոտու բնակիչները բնակարանի գնման վկայագրեր են ստացել

Կոտայքի մարզի Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող բնակելի տների բնակիչներն այսօր բնակարանի գնման վկայագրեր ստացան: Այդ մասին Ֆեյսբուքում գրել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:

«Երկար սպասված վկայագրերն այսօր պաշտոնապես, մեծ ոգևորությամբ և ուրախությամբ հանձնեցի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող բնակելի տների բնակիչներին: Այս մարդիկ տարիներ շարունակ կանգնած են եղել անլուծելի թվացող խնդրի առաջ, ու տեղին է ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ՀՀ Կառավարությանը՝ այս կարևոր որոշումը կյանքի կոչելու համար:

Այս օրինակը, թերևս, լավագույն ապացույցն է, որ քաղաքացի – տեղական ինքնակառավարում – տարածքային կառավարում – Կառավարություն համակարգված փոխգործակցությամբ լուծվում են մեր քաղաքացիների կյանքի որակի վրա ազդող լրջագույն խնդիրներ:

Պահը հուզիչ էր բոլորի համար, իսկ անձամբ ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ իմ և մարզպետարանի ընդգծված կամքը՝ շարունակելու ներդնել առավելագույն ջանքեր, որպեսզի փուլային տարբերակով լուծվեն նաև Ողջաբերդի սողանքային գոտու մյուս բնակելի տների բնակիչների փոխհատուցման խնդիրները»,- գրել է մարզպետը: