«Ամեն անգամ ստիպված ենք լինում ապացուցել, որ հեղինակները հենց իրենք են». մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդները՝ ստեղծագործական ծիրում

38-ամյա Ալիկն իր տեղն է զբաղեցնում փոքրիկ սեղանի առաջ: Կտավն ամբողջովին ճերմակ է։ Վրձնի մի քանի հարված, և փոքրիկ, ճերմակ շրջանակը վերածվում է բազմերանգ ծովի՝ մակույկը վրան։ Ալիկը նկարում է բոլորի աչքի առաջ, որ ապացուցի՝ ինքը կարող է։

Ալիկը չի խոսում, նրա փոխարեն պատմում է ընկեր Արփինեն՝ «Փրկություն» ՀԿ նախագահ Արփինե Աբրահամյանը:

«Մենք խնդրել ենք մեր երեխաներին այսօր գալ ցուցահանդես-վաճառքին և տեղում պատրաստել իրենց ձեռագործ աշխատանքները, որովհետև ամեն անգամ ստիպված ենք լինում ապացուցել, որ հեղինակները հենց իրենք են»,– ասում է նա։

Իսկ Ալիկն ընկերների հետ կարծես չի նկատում շուրջը կատարվողը։ Կենտրոնացած են իրենց գունավոր ներկերի, թելերի ու հուլունքների վրա։ Այն ամենը, ինչ կպատրաստեն այսօր, կվաճառվի ցուցահանդեսում։ Գումարի կեսն իրենցը կլինի։ Ալիկի աշխատանքները շատ են վաճառվում։ Մի անգամ նույնիսկ 30 հազար դրամ է վաստակել։ Միակ կտավը, որը վաճառքի ենթակա չէ, երկդեմ մարդն է՝ մի կեսը՝ ուրախ, մյուս կեսը՝ տխուր։

Արդեն 23 տարի է, ինչ Ալիկն ընկերների հետ հաճախում է «Փրկություն» ՀԿ, որ հիմնադրվել է 1997-ին՝ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ծնողների կողմից։ Սա Հայաստանի միակ հասարակական կազմակերպությունն է, որ ցերեկային խնամքի ծառայություն է մատուցում մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդներին:

«Մեր գործունեության հիմնական նպատակը մեկն է․ որպեսզի մտավոր խնդիրներ ունեցող երեխաները նախկինում հատուկ, իսկ այսօր՝ հանրակրթական դպրոցն ավարտելուց հետո մնան ընտանիքում, որպեսզի նրանց ներկայությունը տանը չխանգարի ընտանիքի անդամներին»,– ասում է Արփինե Աբրահամյանը։

Իսկ «Փրկության» փորձը ցույց է տալիս՝ դպրոցից հետո մտավոր խնդիրներ ունեցող երեխաների մեծ մասը հայտնվում է հատուկ հաստատությունում, հատկապես երեխայի մոր մահից հետո:

«Իմ 23-ամյա պրակտիկայում միայն մի դեպք է եղել, երբ մոր մահից հետո քույրն է ստանձնել մտավոր խնդիր ունեցող քրոջ խնամքը։ Բայց սա, ցավոք, բացառություն է, որը գալիս է հիմնավորելու չափազանց տխուր օրինաչափությունը»,– ասում է Արփինեն։

Հայաստանի Հանրապետության հոգեբուժական և խնամքի հաստատություններում այսօր բուժվում կամ խնամք է ստանում 1454 չափահաս քաղաքացի, նրանցից շուրջ 30%-ը մինչև 25 տարեկան անձինք են։

Ցերեկային խնամքի ծառայությունը, որ գործում է արդեն 23 տարի, ոչ մի օր չի դադարեցրել իր աշխատանքը։ Արփինեն ասում է՝ այս ընթացքում ինքը սովորել է չամաչել ու չտխրել։ Կթակի բոլոր հնարավոր դռները՝ յուրաքանչյուր երիտասարդի խնդիրը լուծելու համար։ Խնամքի ծառայությունը սկսել են 12 երիտասարդի հետ, որոնցից 7-ը մինչ օրս էլ «Փրկության» հետ են։ Ամեն առավոտ՝ ժամը 08.00-ին, «Փրկություն» ՀԿ մեքենան վերցնում է երիտասարդներին ընտանիքներից և հետ բերում միայն երեկոյան 17.00-ին:

«Սա նշանակում է, որ գրեթե 9 ժամ այս երիտասարդները գտնվում են մեր ցերեկային խնամքի կենտրոնում։ Այդ ընթացքում ընտանիքն ազատ է զբաղվելու իր առօրյա հոգսերով, սոցիալական, տնտեսական գործունեությամբ՝ հանգիստ, իմանալով, որ երիտասարդը ոչ թե փողոցում է, այլ իր համար ապահով, հարազատ մի վայրում, որտեղ բազմաթիվ զբաղմունքներ ու հետաքրքրություններ ունի։ Իսկ երեկոյան նա վերադառնում է ընտանիք։ Սա շատ կարևոր է, քանի որ մտավոր խնդիրներ ունեցող երեխաները կրկնակի խոցելի են․ նրանց շատ ավելի հեշտ է դրդել, համոզել կամ անգամ ստիպել հակասոցիալական քայլերի գնալ՝ փող մուրալ, գողություն անել և այլն։ Հեշտ է օգտվել նրանց վիճակից»,– բացատրում է Արփինե Աբրահամյանը։ 

Այսօր «Փրկությունը» 18-42 տարեկան 63 շահառու ունի։ Թեև ծառայությունը նախատեսված է մինչև 35 տարեկանների համար, ՀԿ նախագահը վստահեցնում է՝ իրենց շահառուներից ոչ մեկի առջև դուռը փակ չի լինելու․ կգան այնքան ժամանակ, որքան կցանկանան։

Հենց ծառայությունում են երիտասարդները սովորել պատրաստել ձեռքի աշխատանքները, որոնք ներկայացվում են վաճառքի։ Արփինե Աբրահամյանն ասում է՝ ամեն վաճառված իրից նախ իրենք՝ երիտասարդներն են ոգևորվում, հետո՝ նաև ընտանիքում է կարծրատիպ կոտրվում, որ այս երիտասարդները մշտապես ֆինանսապես կախված են լինելու ընտանիքից։ Բայց մի բան անփոփոխ է «Փրկության» բոլոր շահառուների համար՝ առաջին գործը միշտ նվեր է ընկեր Արփինեին։

Միջոցառումը, որ կազմակերպել էր «Փրկություն» ՀԿ-ն, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի՝ ԵՄ աջակցությամբ իրականացվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի մի մաս էր։ Ցուցահանդես-վաճառքին ներկայացված էին «Փրկություն» ՀԿ շահառուների պատրաստած ձեռքի աշխատանքները, որոնց վաճառքից գոյացած գումարի մի մասը կուղղվի կազմակերպության գործունեությանը, մյուս մասը՝ հեղինակներին:

«Մեր երկրորդ մեծ նպատակն այն է, որ այսպիսի միջոցառումներով կոտրենք այն կարծրատիպը, որ մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդները չեն կարող աշխատել։ Վերջերս մեր սաների պատրաստած անձեռոցիկի տուփերը ներկայացրինք մի քանի հայկական ռեստորանների՝ որպես հնարավոր գնորդի։ Նրանք բոլորն էլ հրաժարվեցին, չհավատացին, որ մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդները կարող են նման բան ստեղծել։ Իրականում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրը շատ սուր է, բայց այս իմաստով մտավոր խնդիրներ ունեցողները կրկնակի են խտրականացվում։ Մինչդեռ նրանք ևս կարող են աշխատել, միայն թե ցանկություն և համբերություն են պետք։ Մի քանի անգամ կրկնելուց հետո նրանք այդ գործը շատ ավելի պատասխանատու կանեն, վստահեցնում եմ»,– ասում է «Փրկություն» ՀԿ նախագահը։

Սոնա Մարտիրոսյան

MediaLab.am