Թեպետ աշակերտները պնդում են, որ ավագ և միջնակարգ դպրոցների միջև տարբերությունը մեծ չէ, այդուհանդերձ, գյուղական վայրերի երեխաներն ասում են, որ գյուղում ավագ դպրոց լինելու պարագայում իրենք անպատճառ կհաճախեին այդ դպրոց:
Այդ կարծիքին է Տավուշի մարզի Հաղարծին համայնքի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանցի Արամ Մանուչարյանը:
«Այստեղ ենք ծնվել ու այստեղի դպրոցն ենք գնում, բայց եթե գյուղում ավագ դպրոց լիներ՝ անպայման կգնայի»,- «Մեդիալաբին» ասում է նա:
Հայաստանի 110 ավագ դպրոցները տեղակայված են մեծ ու փոքր քաղաքային վայրերում և գյուղի երեխաները զրկված են ավագ դպրոց հաճախելու հնարավորությունից: Գյուղական վայրերում հիմնականում գործում են 12-ամյա միջնակարգ դպրոցներ. 770 միջնակարգ դպրոցից 703-ը հենց համայնքներում են:
Բացի այդ 490 հիմնական դպրոցներից 149-ը գործում են հենց գյուղական վայրերում, ինչը նշանակում է, որ այդ գյուղի երեխաները՝ ցանկության դեպքում, 12-ամյա կրթություն ստանալու հնարավորություն չունեն:
Կրթության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը «Մեդիալաբին» ասում է, որ եթե որևէ համայնքում դպրոցը հիմնական է, դա նշանակում է, որ մոտակա գյուղում կամ քաղաքում կա ավագ կամ միջնակարգ դպրոց:
«Սակայն կան բազմաթիվ այլընտրանքային տարբերակներ,- մեկնաբանում է նա,- քանի որ այս դպրոցներում աշակերտները շատ քիչ են, հետևաբար, ուսուցիչը շատ ժամանակ կարող է ծախսել մեկ աշակերտի վրա»:
Կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը «Մեդիալաբին» ասում է, որ մեր կրթական ոլորտի ռազմավարական ուղղություններից մեկը հավասարաչափ զարգացումն է:
«Սակայն քանի որ գյուղերում ավագ դպրոցներ չկան, ստացվում է, որ գյուղի երեխաները ստանում են ավելի ցածր որակի կրթություն,- մեկնաբանումէ նա,- և հետևաբար, գյուղի ու քաղաքի միջև անջրպետը խորանում է»:
Հաղարծինի հենց հարևանությամբ գտնվող Թեղուտի միջնակարգ դպրոցի ուսմասվար, կենսաբանության ուսուսցչուհի Ռայա Թամամյանն ասում է, որ, եթե պետությունը ավագ դպրոց է ստեղծել, ուրեմն պիտի ստեղծի այնպիսի հնարավորություն, որպեսզի գյուղի երեխաները ևս կարողանան օգտվել դրանից:
Թեղուտի միջնակարգ դպրոցում սովորում են 232 աշակերտ, շաբաթական ունեն 34 ժամ:
Տավուշի մարզում տեղակայված 81 հանրակրթական ուսումնական հաստատություններից չորսն են ավագ դպրոցներ, որոնք գտնվում են մարզի չորս քաղաքներում՝ Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան և Իջևան: 22 հիմնական դպրոցներից 12-ը գտնվում են գյուղերում, և այդ գյուղերի երեխաները ստանում են իննամյա կրթություն:
Նույն դպրոցի աշխարհագրության երիտասարդ ուսուցչուհի Սոնա Հարությունյանն ասում է, որ ավագ դպրոցը բոլորի համար մատչելի չէ:
«Դա շատ ծախսատար է. երեխան օրական ինչքա՞ն տրանսպորտի գումար պիտի ծախսի, որպեսզի հասնի ավագ դպրոց,- մեկնաբանում է նա,- բացի այդ այստեղ նաև սննդի հարց է առաջանում»:
Ի տարբերություն Հայաստանի որոշ փոքր քաղաքների, որոնք տարածքային առումով կենտրոնացված են և քաղաքի մի ծայրից մյուսը հնարավոր է ոտքով գնալ, Դիլիջանը երկարությամբ ձգված քաղաք է ու քաղաքում տեղաշարժվելու համար քաղաքային տրանսպորտն անհրաժեշտ է: Այն չափազանց վատ է աշխատում:
Հարությունյանն ասում է, որ բոլոր ծնողներն էլ ձգտում են, որպեսզի իրենց երեխան 12 տարի սովորի:
«Սակայն եթե մեր դպրոցը միջնակարգ լինելու փոխարեն հիմնական լիներ, մեր բարձր դասարանի 16 երեխաներից ընդամենը 5-6 երեխայի ծնողները կկարողանային տանել Դիլիջան»,- ասում է նա:
Դեպի միջնակարգ կամ մոտակա ավագ դպրոցներ աշակերտների փոխադրումը՝ ըստ ռազմավարական ծրագրի՝ ընկած է մարզպետարանի պատասխանատվության վրա, սակայն չի իրականացվում:
Իսկ լեռնային շրջանների գյուղերում, օրինակ, նույն Թեղուտում, տները, շատ դեպքերում կառուցված են սարերի փեշերին՝ բավական հեռու գյուղի կենտրոնից: Հաճախ նույն գյուղի դպրոց հաճախելու համար երեխաները երկար ճանապարհ են կտրում: Եվ այդ առումով, երեխաների համար գյուղից դուրս գալու և քաղաքում դպրոց հաճախելու հարցը օրակարգից դուրս է:
Թեղուտի դպրոցի ոչ մի աշակերտ չի հաճախում Դիլիջանի ավագ դպրոց: Ընդհանրապես Դիլիջանի ավագ դպրոց հաճախում են միայն Դիլիջանի հիմնական դպրոցներն ավարտած երեխաները: Գյուղի երեխաները որպես հիմնական պատճառաբանություն բերում են հեռու լինելը և միջավայրը չփոխելու ցանկությունը:
Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Արմինե Հայրապետյանը «Մեդիալաբին» ասում է, որ ավագ դպրոց պետք է գնան նրանք, ովքեր ունակ են իրենց ուսումը շարունակելու:
Ավագ դպրոցում սովորելու համար որևէ ներքին շեմ չկա և 9-րդ դասարանի ատեստատով յուրաքանչյուր աշակերտ կարող է սովորել ավագ դպրոցում:
«Սակայն այսօր ավագ դպրոցում շատերը կան, որոնք շատ ցածր ունակություններ ունեն ու իրենց ներկայությամբ խանգարում են լավ սովորողներին»- ասում է նա:
Արմինեն ասում է, որ ինքը հնարավորություն ուներ գնալու Դիլիջանի ավագ դպրոց, քանի որ իր տատիկն այնտեղ է բնակվում, սակայն չի գնում:
«Էնտեղի դասարաններն ավելի մեծ են, իսկ տղաները սանձարձակ են ու ուսուցիչները չեն կարողանում նրանց զսպել»,-ասում է նա:
Շատ ուսուցիչներ ևս այս խնդիրը նշում են, քանի որ նույն դասարանում նստած են տարբեր մակարդակ ունեցող երեխաներ:
Սակայն, Նարինե Հովհաննիսյանն նշում է, որ կրկնուսույցների մոտ էլ են պարապում տարբեր ունակությունների երեխաներ:
«Մենք ազատ ենք թողել ընտրությունը. ոնց ասե՞նք մի գնացեք ավագ դպրոց,- մեկնաբանում է նա,- բայց հիմա շատ երեխաներ, որոնք գիտեն, որ ավագ դպրոցում սովորելը բարդ է, գնում են տեխնիկումներ, քոլեջներ, որից հետո էլ նույնպես կարող են գնալ բուհեր»:
Անահիտ Բաշխյանը «Մեդիալաբին» ասում է, որ նույնիսկ չի պատկերացնում, թե ինչպես այս հարցը պետք է լուծվի:
«Նրանց իրավունքները ոտնահարվում են,- ասում է նա,- մինչդեռ սահմանամերձ և հեռավոր գյուղերի երեխաները ամենաբարձր գնահատականներն են ստանում»:
Երբ տարբեր դպրոցներից նույն տեղում հավաքվում են մոտ 15 տարեկան պատանիներ, որը նրանց ինքնահաստատման և կայացման տարիքն է՝ բազմաթիվ խնդիրներ են առաջանում կարգապահության առումով, իսկ գյուղական համայնքներում դա ավելի շատ է զգացվում, քանի որ գյուղերից եկած երեխաները քաղաքային միջավայրին ինտեգրվելու խնդիր ունեն:
Թեղուտի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանցի Ռոզա Խաչատրյանն ասում է, որ իր ծնողները հնարավորություն և ցանկություն ունեն իրեն ավագ դպրոց տանելու, սակայն ինքը չի ուզում այնտեղ հաճախել:
«Ճիշտ է, որ այնտեղ խորացված են անցնում, բայց ինձ այստեղ ավելի հարմար է, ու ես չեմ ուզում միջավայրս փոխել»,- ասում է նա:
Նրա հետ համաձայն է համադասարանցին` Ալվինա Ասատրյանը, ով ցանկանում է բուժքույր դառնալ և քիմիա ու կենսաբանություն է պարապում:
Նարինե Հովհաննիսյանն ասում է, որ այս խնդիրը առաջին տարիներին ավելի մեծ էր, սակայն հետագայում հարմարվում են:
«Երևանում ավագ դպրոցներ կան, որտեղ միանգամից 3-4 դասարաններ են բացվել ու դա մեծ խնդիր էր,- ասում է նա,- բայց այդ նույնը կատարվում է հենց իրենց դպրոցում, կամ երբ ընդունվում են բուհ. ո՞նց են այնտեղ հարմարվում»:
Նրա փոխանցմամբ, իրենք համագործակցում են ոստիկանության հետ և դպրոցներին կցված ոստիկանական տեսուչներ կան, որոնք վարձատրվում են ոստիկանությունից, սակայն աշխատում են դպրոցներում:
«Ինչքան շուտ երեխան սկսի ադապտանալ նոր միջավայրի, այնքան հեշտ հետագայում նրա կյանքը կդասավորվի»,- ասում է նա:
Հաղարծինի միջնակարգ դպրոցի աշակերտ Նարեկ Հախվերդյանն ասում է, որ եթե կախարդական փայտիկ ունենար, աշակերտների շրջանում կստեղծեր Ազգային ժողովին համարժեք մի օրգան:
«Ես շատ կուզենայի, որ աշակերտներին հնարավորություն տրվեր ընտրություն անելու և իրենց ձայնը լսելի դարձնելու»,- ասում է նա:
Աննա Մուրադյան
© Medialab.am