«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյան
– Պարո՛ն Բադալյան, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են 19 քաղաքական ուժեր, գրեթե բոլորը հասցրել են արդեն այս կամ այն չափով ներկայանալ հանրությանը: Մինչ այս արված գործողություններն ինչպե՞ս եք գնահատում, ով ի՞նչ շանսեր ունի այսօր:
– 19 կուսակցություն և կուսակցությունների դաշինք ձևավորվեցին ոչ պատահականորեն, որովհետև ձայների փոշիացման խնդիր էր դրված՝ իշխող քաղաքական ուժին որոշակի տոկոսներ ապահովելու նպատակով: Նախապես խոսակցությունն այն մասին էր, որ ընտրություններին հիմնականում մասնակցեն մի քանի բևեռ, այն է՝ իշխող քաղաքական ուժը, գումարած 3 ռուսամետ ուժեր՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև մեկ արևմտամետ ուժ, որը վերջին պահին կարող էր միանալ այս ուժերին ու այս 4-ով միասին տապալեին իշխող քաղաքական ուժին:
Անուղղակի այս թեման էր քննարկվում, բայց դա չկայացավ, փոխարենը 19 քաղաքական ուժեր մտան խաղի մեջ, ու սրանով ի չիք դարձավ 5 բևեռի մասնակցության հարցը: Հասկանալի է, որ այս 19-ից ոչ բոլոր ուժերն են անցնելու խորհրդարան, այդտեղ ձայների փոշիացում է գնալու, ու ձայների փոշիացումը, բնականաբար, ձեռնտու է իշխող քաղաքական ուժին: Այսինքն՝ այս կոնտեքստով իրականություն դարձավ Հայաստանում, պայմանականորեն ասած, մոլդովական սցենարով ընտրական կամպանիա անցկացնելու ծրագիրը:
Ինչ վերաբերում է կոնկրետ ուժերին, ապա պետք է ասեմ, որ շատ վատ են պատրաստվել, բոլորի մոտ կան թերություններ, հստակ երկու ուժ կարող եմ նշել, որ այս պահին կյանքի ու ապագայի տեսլական են ներկայացնում, մեկը ՔՊ-ն է, որը ներկայացնում է խաղաղ ապագայի տեսլական ու եվրոպական կյանք ապահովող երկիր, որի ապացույցն էր Երևանում անցկացվող այս ԵՔՀ գագաթնաժողովը: Սա հօգուտ իշխող քաղաքական ուժի անցկացվող միջոցառում էր, որը ներկայացնում էր հենց այդ տեսլականը՝ խաղաղություն եվրոպական ապագայով: Երկրորդը «Ազգային ժողովրդավարական բևեռն է», որը չնայած վատ, բայց ներկայացնում է բավականին մեծ Հայաստան՝ ԱՄՆ-ի հետ դաշնակցությամբ:
Մյուս ուժերի համար, քանի որ լիդերային են, կարևորը ոչ թե կյանքի կերպարն է, այլ թե ո՛վ է երկիրը լուսավոր ապագա տանելու: Մեկի դեպքում դա Սամվել Կարապետյանն է, մյուսինը՝ Ռոբերտ Քոչարյանը, երրորդինը՝ Գագիկ Ծառուկյանը: Մյուսների դեպքում սա էլ չկա, փաստորեն 5 քաղաքական ուժ են, որից 2-ը կյանքի կերպար են առաջարկում, 3-ը՝ լիդեր: «Բարգավաճ Հայաստանին» է հաջողվում ինչ-որ գործընթաց իրականացնել ու լիդերի մակարդակով ծրագիր ներկայացնել, Գագիկ Ծառուկյանը գնում է գյուղեգյուղ, հանդիպում մարդկանց հետ ու ներկայացնում իր դիրքորոշումը: Սամվել Կարապետյանը դա չի կարող անել, որովհետև իշխանությունների կողմից նրա այդ իրավունքը կանխամտածված սահմանափակվեց, իսկ լիդերային կուսակցության համար էական նշանակություն ունի հենց լիդերի շփումը ժողովրդի հետ: «Հայաստան» դաշինքն էլ նույն ակումբային ոճով շարունակում է իր հանդիպումներն ու նույն բաներն ասում, ինչ նախկինում էր, խամրած քարոզարշավ է իրականացնում:
Այստեղ կարևոր է հասկանալ, որ սա սովորական ընտրություն չէ, սա աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող ընտրություն է, եթե նշանակություն չունենար, ապա ԵՔՀ գագաթնաժողովն այստեղ չէր անցկացվի, ու չէր ստորագրվի այն փաստաթուղթը, որում արտաքին քաղաքականության վերափոխման էական կետեր կան: Սրանով իր աջակցությունը չէր հայտնի իշխող քաղաքական ուժին, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը անձամբ բացահայտ քարոզչություն չէր անի իշխող քաղաքական ուժի ու Նիկոլ Փաշինյանի համար։ Այսինքն՝ ԵՄ-ն բացահայտ աջակցում է իշխող քաղաքական ուժին, որը նրան լրացուցիչ տոկոսներ կբերի գրագետ քարոզարշավ իրականացնելու դեպքում:
Կարևոր առանձնահատկությունն այն է նաև, որ այս ընտրություններում թղթով հարց չի լուծվելու։ Հիմա իշխող քաղաքական ուժն ունի ավելի ցածր վարկանիշ, իսկ սա նշանակում է, որ իշխող քաղաքական ուժը կանի ամեն ինչ ապագա խորհրդարանում իր մեծամասնությունն ապահովելու համար: Իսկ այդ ամեն ինչի տակ թող յուրաքանչյուրն ինքը հասկանա՝ ինչ, իսկ դա նշանակում է, որ նրա մրցակից ուժը պետք է անի ամեն ինչ, որպեսզի կարողանա իշխանություն վերցնել, որովհետև եթե նա չանի ամեն ինչ, ապա իշխանություն չի վերցի: Ամեն ինչ ասելով՝ նկատի ունեմ սահմանադրականության շրջանակներում:
Այս ընտրություններով Հայաստանի տասնամյակների ապագան կարող է որոշվել, որովհետև իշխող քաղաքական ուժի վերարտադրության դեպքում ռուսական գործոնը կարճ ժամանակ հետո վերացվելու է, սա աներկբա է արդեն, որովհետև Մակրոնն այս մասին խոսեց, ասելով, որ Հայաստանի լրիվ ինքնիշխանությանը խանգարում է Հայաստանում գտնվող 4-հազարանոց ռուսական ռազմաբազան ու 1000 հոգի սահմանապահ ծառայություն իրականացնողները:
Մակրոնի այդ հայտարարությունը պետք է հասկանանք մեսիջ, որ իշխող քաղաքական ուժի վերարտադրության դեպքում դրանք հեռանալու են Հայաստանից: Դրա համար էլ Հայաստանի այս ընտրությունները Ռուսաստանի համար ձեռք են բերում, պայմանականորեն ասած, Ստալինգրադի ճակատամարտի նշանակություն, որովհետև ինքը հասկանում է՝ իշխող քաղաքական ուժի վերարտադրությունը նշանակում է իր ջախջախիչ պարտություն ու հեռացում Հարավային Կովկասից, իսկ այդ հեռացումը կարող է տասնամյակներ տևել, միգուցե նաև՝ ընդմիշտ:
– Որ ասում եք, թե նախապես այլ բան էր ծրագրված, հետո եղավ սա, այդ փոփոխությունն ինչպե՞ս եղավ:
– 4 ուժի ու իշխող քաղաքական ուժի մասնակցության պարագայում ձայների փոշիացում չէր լինելու, ու իշխող քաղաքական ուժը միանշանակ պարտվելու էր, իսկ դրա դեմ օգտագործվեց ձայների փոշիացման այս տեխնոլոգիան: Օգտագործվեց ի հակակշիռ ռուսական տարբերակի, որովհետև պետք է հասկանալ՝ Հայաստանում կան շատ գործիչներ, որոնք դիրքավորվել են որպես ընդդիմադիրներ, բայց իրենք ունեն խնդիր, որ այսօրվա իշխանությունը վերարտադրվի, ու հատկապես ռուսամետ ուժերը չգան իշխանության:
– Պարո՛ն Բադալյան, հարցս այն էր, թե ո՞վ օգտագործեց այս տեխնոլոգիան, և ովքե՞ր համաձայնեցին օգտագործվել:
– Դա արդեն էական չէ, էական է այն, որ ստեղծվեց այդ իրավիճակը, ինչը տանելու է ձայների փոշիացման լուրջ տոկոսների:
– Ելնելով Ձեր նշած հանգամանքներից՝ կարելի՞ է ենթադրել, որ ընտրությունների ելքը կանխորոշված է։
– Դեռ վաղ է այդ մասին խոսել, քանի որ չգիտենք, թե ռուսական կողմը ի՛նչ քայլեր է անում, իսկ ընտրանկարչության դեմ պայքարող ուժն այս պահին կարող է լինել Ռուսաստանը: Այն, որ իշխող ուժը կանի ամեն ինչ վերարտադրվելու համար, կարող եք չկասկածել, հարցը հիմա հետևյալն է՝ ռուսական կողմը կանի՞ հնարավոր ամեն ինչ, որպեսզի դա թույլ չտա, ու եթե անելու է, ապա ի՞նչ արդյունք կստանա: Այսինքն՝ մի կողմում իշխող ուժի ամեն ինչ անելն է ամբողջ արևմտյան դաշնության աջակցությամբ, մյուս կողմում Ռուսաստանի ամեն ինչերի պայքարն է:
Հիմա այս երկուսի ամեն ինչերի պայքարն է գնալու: Արևմուտքը, իրեն ենթակա գործիք օգտագործելով ՔՊ-ին, անելու է ամեն ինչ՝ ՔՊ իշխանությունը վերարտադրելու համար, Ռուսաստանն արդյոք պատրա՞ստ է ամեն ինչ անելու իր գործիքներով ու դաշնակից ուժերով, որպեսզի դա չհաջողվի: Թե ի՛նչ արդյունք կունենա, ոչ ոք չի կարող ասել:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















