Վերջին շրջանում արցախյան խնդրի զարգացումներին զուգահեռ սրվում են նաև Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները: Փորձագետների կարծիքով` սա կարող է իր հետքը թողնել տարածաշրջանի քաղաքականության վրա:
Ռազմավարական մշակումների կենտրոնի նախագահ, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով` ադրբեջանա-իրանական հարաբերությունները միշտ հեռու են եղել բարիդրացիական կոչվելուց: Ավելին` երկու երկրների փոխհարաբերությունների պատմությունը կարելի է կոչել հակամարտությունների պատմության:
«Այսօր այդ հակամարտությունը պարզապես նոր թափ է ստացել, ինչը, իհարկե, կարող է իր ազդեցությունն ունենալ նաև ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա»,- «Մեդիալաբին» ասում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Դեռևս փետրվարի 9-ին Բաքվում Իրանի դեսպանության առջև բողոքի ակցիա անցկացվեց, որին մասնակցեցին աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի, սփյուռքի միջազգային կենտրոնի, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ղարաբաղյան պատերազմի վետերաններ, ուսանողներ:
Ակցիայի ընթացքում ցուցարարները վանկարկում էին` «Ահմադինեժադի բարեկամությունը Սարգսյանի հետ՝ Իրանի մահմեդական ֆանատիզմի իրական դեմք», «Պարսիկները, ռուսները, հայերը՝ թուրքերի թշնամիներ», «Միասնական Ադրբեջան՝ Թավրիզում գտնվող կենտրոնով», «Ամո´թ մարդասպանների հովանավորներին»։
Ադրբեջանում, սակայն, դեսպանության աշխատակիցները չընդունեցին ակցիայի մասնակիցներին:
Իրանի պատասխանը եղավ անուղղակի ձևով` Հայաստանից: Այն բանից հետո, երբ Միջազգային ճգնաժամային խումբը հրապարակեց ԼՂ խնդրի վերաբերյալ իր հերթական զեկույցը, որում խոսեց պատերազմի հնարավոր վերսկսման մասին, Հայաստանում լրագրողների հետ հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը:
«Ես այն կարծիքին եմ, որ տարածաշրջանը չի հանդուրժի պատերազմի վերսկսումը Հայաստանի և Ադրբեջանի կամ Ղարաբաղի և Ադրբեջանի միջև»,-ասաց դեսպանը:
Նա նաև նշեց, որ տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները հավասար են: Սակայն, ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, ապա դրա կարգավիճակն ավելի բարձր է:
«Չպետք է անտեսել մարդու իրավունքը և իր ճակատագիրը տնօրինելու իրավունքը, որի շնորհիվ էլ Հարավային Սուդանում մարդիկ հանրաքվեին մասնակցեցին և կողմ քվեարկեցին»,- ասաց Սաղայանը:
Իրանի այս դիրքորոշումը և տարածաշրջանում հավասարակշռված քաղաքականություն վարելու բոլոր փորձերն արժանանում են ադրբեջանական կողմի սուր քննադատությանը:
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան մեղադրել է Իրանին հակաադրբեջանական քաղաքականության մեջ: Նրան մասնավորապես շատ են վրդովել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և Սերժ Սարգսյանի բարիդրացիական հարաբերությունները:
«Իրանի կողմից Հայաստանին սատար կանգնելը շատ է անհանգստացնում Ադրբեջանին: Այն, որ Սարգսյանին Թեհրան են հրավիրել նրա հետ կապ չունեցող Նովրուզ տոնի հանդիսությանը մասնակցելու, ցույց է տալիս, որ Իրանի իշխանությունները Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու փոխարեն ավելի է դրանք սրում»,- հայտարարել է Ֆազիլ Մուստաֆան:
Միլլի Մեջլիսի մեկ այլ պատգամավոր` Դեմոկրատական բարեփոխումների կուսակցության ներկայացուցիչ Ասիմ Մալլազադեն ադրբեջանական 1news.az լրատվական կայքին տված հարցազրույցում մասնավորապես ասել է.
«Այսօր մեր տարածաշրջանում Հայաստանի ամենալուրջ գործընկերը Իրանն է: Կարծում եմ, որ սա հնարավորություն է տալիս հասկանալ, թե ով է խանգարում հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորմանը` սատարելով զավթող երկրին»,- ասել է Ասիմ Մալլազադեն:
Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանին ամենևին էլ չեն զարմացնում Բաքվից հնչող նման հայտարարությունները:
Նա հիշեցնում է, որ Ադրբեջանը վաղուց է Իրանին տարատեսակ պահանջներ ներկայացնում: Օրինակ` ունի տարածքային որոշակի նկրտումներ:
«Խնդիրը Բաքվից է գալիս: Հայտնի է, որ Բաքուն որոշակի պահանջներ ունի` կապված Իրանի հյուսիսային մասի հետ: Պնդում է, որ այնտեղ իրենց ցեղակիցներն են ապրում, սակայն իրականում ցեղակիցները չեն: Տեղի բնակչությունը պարզապես ադրբեջանախոս է»,- «Մեդիալաբին» ասում է Գառնիկ Ասատրյանը:
Փորձագետի կարծիքով, սակայն, Իրանը, ի պատասխան ադրբեջանական բողոքների, խիստ հավասարակշռված քաղաքականություն է վարում, և դժվար թե Բաքուն կարողանա որևէ ազդեցություն ունենալ Թեհրանի վրա:
«Չեմ կարծում, որ նման զարգացումներ լինեն»,- ասում է Գառնիկ Ասատրյանը:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ նկատում է, որ ի տարբերություն Ադրբեջանի սիտուատիվ ռեֆլեքսների, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունն աչքի է ընկնում խորապես մշակված ռազմավարության առկայությամբ:
«Մեր տարածաշրջանի պատմությանը քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր ոք կարող է պնդել, որ առնվազն վերջին մի քանի դարերի ընթացքում Իրանի գերակայությունները մեր տարածաշրջանում գրեթե չեն փոխվել: Եվ այդ գերակայություններից կարևորագույնը պաշտոնական Թեհրանի համար եղել և մնում է թուրքական գործոնի դեմ պայքարը»,- ասում է նա:
Ըստ այդմ թափ առած ադրբեջանա-իրանական հարաբերությւոնների սրումը կարող է որոշակի ազդեցություն ունենալ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
«Սակայն դա չի նշանակում, թե Իրանը կորդեգրի հայամետ քաղաքականություն: Ո´չ: Իրանը միշտ հետապնդել է սեփական ազգային շահերը, որոնք մի շարք օբյեկտիվ պատճառներով համընկել են հայ ժողովրդի նկրտումներին: Եվ մեր դիվանագիտության խնդիրը պետք է լինի հարևան երկու պետությունների հակամարտության արդյունքում շահել առավելագույնը»,- «Մեդիալաբին» ասում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Լիաննա Խաչատրյան
© Medialab.am