Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Հայաստանում ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվեի թեման. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում Եվրամիությանը միանալու հարցով հանրաքվե անցկացնելու թեմային։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Ինտերֆաքսը։

Պեսկովի խոսքով՝ Պուտինն ու Փաշինյանը քննարկել են նաև հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները։

«Անդրադարձ է եղել նաև Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարների կողմից Հայաստանի վերաբերյալ վերջերս ընդունված հայտարարությանը։ Ընդգծվել է Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը՝ որոշելու, թե որ ուղղությամբ է ցանկանում շարժվել Հայաստանը», – ասել է Պեսկովը։

Միաժամանակ, հայկական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում Եվրամիությանը վերաբերող որևէ հարց չի քննարկվել։

Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու թեմային, որը հիշատակվում է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների՝ մայիսի 29-ին ընդունած համատեղ հայտարարությունում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նման հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրամիությանը անդամակցության համար և հարցը դառնա առարկայական։